Տավուշի հիմնախնդիրներին նվիրված ուսանողական գիտաժողով` ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում

10:44, 8 Նոյեմբեր, 2010

ԻՋԵՒԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում նոյեմբերի 6-ին անցկացվել է «Տավուշի մարզի արդի հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով ուսանողական գիտաժողով: Այն կազմակերպել էր ԵՊՀ իջեւանյան մասնաճյուղի ոսանողական գիտական ընկերությունը: Զեկույցներով հանդես են եկել մայր բուհի եւ մասնաճյուղի ուսանողներ, ասպիրանտներ: Գիտաժողովի առաջին բաժնում հնչել են հոգեբանական եւ կրթամշակութային հիմնախնդիրներին նվիրված զեկույցներ:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի ռազմական անվտանգության ապահովման լուսաբանումը հանրապետական լրատվամիջոցների կողմից: Տավուշի պաշտպանության հիմնախնդիրներն է ներկայացրել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անի Խանաղյանը: Ակադեմիկոս, գրականագետ Հրանտ Թամրազյանի կյանքին ու գործունեությանն էր նվիրված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գոռ Հարությունյանի «Աչաջուրցի կապուտաչյա պատանին» զեկույցը: Գիտաժողովի երկրորդ մասում ներկայացվել են Տավուշի մարզի բնապահպանական եւ տնտեսական հիմնախնդիրները: ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Ալեքսանյանը վերլուծել է մարզի գեոէկոլոգիան: Հնչել են նաեւ «Անտառահատումների ազդեցությունը Աղստեւ գետի ջրի հանքայնացման վրա», «Աղմուկի մոնիթորինգ Իջեւանի դենդրոպարկում», «Նոյեմբերյանի տարածաշրջանային առանձնահատկություններն ու խնդիրները» թեմաներով զեկույցներ:

Գիտաժողովի ընթացքում իրենց մեկնաբանություններով հանդես են եկել դասախոսներ, գիտաշխատողներ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ուսանողներին հորդորել է ավելի մոտիկից ծանոթանալ մարզին` հիմնախնդիրների մասին առավել տեղեկացված լինելու համար: Նա խորհուրդ է տվել կազմակերպել այցելություններ Տավուշի պատմաճարտարապետական հուշարձաններ` կատարելու ուսումնասիրություններ:


© 2009 ARMENPRESS.am