Չինաստան

«China Southern Airlines» ավիաընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

2 րոպեի ընթերցում

«China Southern Airlines» ավիաընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

«China Southern Airlines» ավիաընկերությունը պաշտոնապես բացել է իր գրասենյակը Երևանում՝ ևս մեկ քայլ կատարելով հայկական շուկայում գործունեության զարգացման և Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապի ամրապնդման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «China Southern Airlines» ավիաընկերությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Չինաստանի դեսպանության, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, ինչպես նաև տեղական բիզնեսի, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները ողջունել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ավիացիայի կարևոր դերը զբոսաշրջության, գործարար և մշակութային փոխանակումների խթանման գործում։

Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու մեկնարկից ի վեր «China Southern Airlines»-ը շարունակաբար ավելացրել է իր ներկայությունը հայկական շուկայում։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է շաբաթական վեց չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև՝ ուղևորներին տրամադրելով ավելի մեծ հարմարավետություն և երկու երկրների միջև ճամփորդության լրացուցիչ հնարավորություններ։

Երևանում գրասենյակի բացումը «China Southern Airlines»-ին հնարավորություն կտա առավել ամրապնդել իր տեղական ներկայությունը, բարելավել ուղևորների և գործընկերների սպասարկումը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը պետական մարմինների, օդանավակայանի, զբոսաշրջային կազմակերպությունների և այլ տեղական գործընկերների հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում