Տնտեսություն

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ը անցկացվում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսը (China International Import Expo – CIIE 2026), որի նպատակն է խթանել միջազգային առևտրի զարգացումը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և նպաստել փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ այս տարի ևս Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 14 հայկական ընկերությունների արտադրանքն ու արտադրական ներուժը։

«Ցուցահանդեսին մասնակցում են 162 երկրների ներկայացուցիչներ՝ ներգրավելով 4142 արտասահմանյան ընկերություն։ Ցուցահանդեսի շրջանակներում ազգային տաղավարների առաջխաղացման միջոցառմանը էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղության հնարավորությունները»,-հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ Հայաստանի ազգային տաղավար է այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։ Նա շրջել է տաղավարում, ծանոթացել հայկական ընկերությունների կողմից ներկայացված արտադրատեսականուն, դրանց առանձնահատկություններին և արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, ներկայացված արտադրանքի մրցակցային առավելություններով և չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման հեռանկարներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում