Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ
1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։
Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։
Նախարարությունից հայտնում են, որ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 60 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով:
«Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: