Մշակույթ

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից են աշխատակիցների մասնագիտական զարգացումն ու վարձատրության բարձրացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը

«Թանգարաններում արդեն ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացը, իսկ գրադարաններում այն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։ Ատեստավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու աշխատակիցների վարձատրությունը՝ մասնագիտական զարգացման արդյունքների հիման վրա»,– նշել է նա։

Անդրադառնալով ժամանակակից արվեստին՝ նախարարը կարևորել է մշակութային միջոցառումների բազմազանությունը, թատերական և համերգային գործունեության ընդլայնումը, ինչպես նաև մշակութային կյանքի ապակենտրոնացումը։ Առաջիկա տարում նախատեսվում է թատրոններում հանդիսատեսի թվի շուրջ 20 տոկոս աճ։

Միաժամանակ, շարունակվում է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների ներդրումը՝ խրախուսելով սեփական եկամուտների ավելացումն ու ֆինանսական ինքնուրույնությունը։

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին, 2022 թվականի համեմատ, թատրոնների սեփական եկամուտներն աճել են 1.75 մլրդ դրամով կամ 152 տոկոսով, համերգային կազմակերպություններինը՝ 745 մլն դրամով կամ 153 տոկոսով, իսկ թանգարաններինը՝ 859 մլն դրամով կամ 112 տոկոսով։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ այս արդյունքները վկայում են ֆինանսավորման նոր մոտեցումների արդյունավետության մասին՝ միաժամանակ նպաստելով ստեղծագործական անձնակազմերի վարձատրության բարձրացմանը։

Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է կատարելագործել ֆինանսավորման նոր մոդելը և դրա հնարավորությունները հասանելի դարձնել մշակութային բոլոր հաստատություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում