Մշակույթ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի պատմության թանգարանը հայտարարել են հաստոցային գեղանկարչական ստեղծագործությունների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աննախադեպ ուսումնական-վերականգնողական ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ հայտարարության մեջ։

2026 թվականի նոյեմբերի 3-ից 13-ը Հայաստանի պատմության թանգարանում իրականացվելիք այս համատեղ նախաձեռնությունը կարևոր քայլ է Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության զարգացման գործում և վկայում է համաշխարհային ժառանգության պահպանմանն ուղղված Ֆրանսիայի շարունակական հանձնառության մասին։

«Ֆրանսիացի հինգ կին վերականգնողների ղեկավարությամբ՝ տասնյոթ հայ մասնագետներ և ուսանողներ հնարավորություն կունենան մասնագիտական վերապատրաստում անցնելու մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում։ Ծրագրի նպատակն է ոչ միայն պահպանել արվեստի գործերը, այլև փոխանցել վերականգնման բնագավառի մասնագիտական հմտությունները։ Այն արտացոլում է արվեստի գործերի վերականգնման ոլորտում տեղական մասնագիտական կարողությունները պահպանելու և զարգացնելու ընդհանուր հանձնառությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Անձնային և մասնագիտական այս փորձը հանրության և ոլորտի մասնագետների հետ կիսելու նպատակով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի պատմության թանգարանը նախատեսում են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդես դեկտեմբերին, որի բացմանը կնախորդի թեմատիկ մասնագիտական քննարկումների օր, վավերագրական ֆիլմի պատրաստում, կատալոգի հրապարակում և ուսումնական այցելություններ՝ աշխատարանի ընթացքում նախնական պայմանավորվածությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում