Մշակույթ

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

4 րոպեի ընթերցում

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի հաղթող, նշանավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը վերադառնում է Հայաստան. նա մենահամերգներով հանդես կգա Երևանում և Հայաստանի մարզերում։ Ծրագիրը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի գլուխգործոցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մասլեևի շրջագայությունն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական ֆլհարմոնիայի համագործակցությամբ:

Դաշնակահարը նոյեմբերի 17-ին հանդես կգա Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցում (մուտքն ազատ է), նոյեմբերի 19-ին՝ Դիլիջանի UWC Dilijan քոլեջում, նոյեմբերի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Երևան) և նոյեմբերի 23-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում (մուտքն ազատ է):

Դմիտրի Մասլեևն այն երաժիշտներից է, որը նվաճել է աշխարհի առաջատար բեմերն ու քննադատների համակրանքը՝ շնորհիվ իր կատարյալ տեխնիկայի և նրբաճաշակ, խորը պոետիկ մեկնաբանությունների: Հայաստանյան հանդիսատեսի համար նրա անունը վաղուց դարձել է բարձրարժեք կատարողական արվեստի խորհրդանիշ: Դաշնակահարը բազմիցս այցելել է Հայաստան՝ որպես մենակատար ելույթ ունենալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն Մասլեևի կապը Հայաստանի հետ դուրս է սովորական համերգային ծրագրերի շրջանակից: 

Լինելով «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի դաշնամուրային բաժնի ղեկավարը՝ դաշնակահարն ակտիվ լուսավորչական և մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում: Նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում տաղանդավոր երիտասարդ հայ դաշնակահարների համար՝ անգնահատելի ավանդ ներդնելով տեղի դաշնամուրային դպրոցի զարգացման և երաժիշտների նոր սերնդի աջակցման գործում:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Դմիտրի Մասլեևը նշում է. «Հայաստան կատարած յուրաքանչյուր այց ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է և ներշնչանքի աղբյուր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մաեստրո Էդուարդ Թոփչյանի և «Պրիմավերա» հիմնադրամի հետ տարիների համագործակցության ընթացքում այս երկիրն ինձ համար հարազատ է դարձել: Հիմնադրամում իմ մանկավարժական աշխատանքի շրջանակում պարբերաբար հաղորդակցվում եմ երիտասարդ հայ դաշնակահարների հետ և ամեն անգամ հիանում նրանց խորը երաժշտականությամբ ու արվեստի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումով: Հենց այդ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է նաև մեկնել մարզեր, փոխանցել իմ փորձը և դասական երաժշտությունը հասանելի դարձնել բոլորին: Իմ առաջին մենահամերգային շրջագայությունը՝ նվիրված Ռախմանինովին, ինչպես նաև վարպետության դասերն ու տեղի տաղանդների հետ համատեղ ելույթները, իմ երախտագիտության նշանն են Հայաստանին և նրա հրաշալի հանդիսատեսին»:

Դմիտրի Մասլեևը երիտասարդ հայ երաժիշտներին բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հետ զուգանվագով ելույթ ունենալ համերգների ընթացքում՝ որպես «բիս» կատարելով հայ կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը (բնօրինակ կամ փոխադրված տարբերակով): Նախապես հայտ ներկայացրած երաժիշտներից Մասլեևը կկատարի իր ընտրությունը, մասնակիցն անպայման պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամ վերջինիս Գյումրու մասնաճյուղի ուսանող կամ շրջանավարտ կամ «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի ծրագրերի մասնակից:

Նոյեմբերի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Մեծ դահլիճում Դմիտրի Մասլեևը կանցկացնի դաշնամուրի վարպետության դասեր: 

Վարպետության դասերին և զուգանվագի ընտրությանը մասնակցելու համար հայտերը հասանելի են «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ primavera-foundation.am:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում