Մշակույթ

Հայաստանի բնությունը, մշակույթն ու պատմությունը՝ մեկ տաղավարում. COP17-ի հայկական տաղավարն ունեցել է շուրջ 10 հազար այցելու

4 րոպեի ընթերցում

Հայաստանի բնությունը, մշակույթն ու պատմությունը՝ մեկ տաղավարում. COP17-ի հայկական տաղավարն ունեցել է շուրջ 10 հազար այցելու

Զվարթնոցի ճարտարապետական վեհությունից մինչև Գառնիի քարերի սիմֆոնիա, Լճաշենի հնագույն ժառանգությունից մինչև Սևանի խորհրդանշական ներկայություն։ COP17-ի «Հայաստան» տաղավարում միավորվել էին բնությունն ու մշակույթը՝ այցելուներին ներկայացնելով Հայաստանը յուրօրինակ գեղարվեստական ու ճարտարապետական լուծումներով։

«Կարծում եմ՝ ստացված տաղավար է, որի մասին խոսում են գրեթե բոլոր այցելուները։ Շատ մարդիկ եկել են՝ իրենց հետ նոր մարդկանց բերելով։ Կարծում եմ՝ բոլորի տպավորությունները շատ բարձր են։ Ներկայացրել ենք և՛ ճարտարապետություն, և՛ բնություն, և՛ կենդանի բնաշխարհ, ինչպես նաև շատ կարևոր մի բան՝ մեր Պատմության թանգարանում պահվող Լճաշենի մշակույթի բացառիկ նմուշները, որոնք մոտ 3500 տարեկան են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց COP17-ի «Հայաստան» տաղավարի հեղինակ և համակարգող Կարեն Խաչատրյանը։

Տաղավարի հեղինակների խոսքով՝ կարճ ժամանակահատվածում և ընդամենը 800 քմ տարածքում անհրաժեշտ էր ներկայացնել Հայաստանի բազմաշերտ ժառանգությունը։

«Մենք փորձել ենք միավորել և մեկ դրամատուրգիայի մեջ համադրել հայկական մշակույթի լավագույն տարրերը՝ բնությունից, թռչնատառերից սկսած մինչև այն հնչյունային ձևավորումը, որը ստացել ենք՝ օգտագործելով հայկական ծիրանափողի հնչյուններն ու բնության ձայները։ Փորձել ենք ստանալ մեկ ամբողջական դրամատուրգիա այս տաղավարի համար, որպեսզի այցելուն ներս մտնելիս հասկանա հայոց աշխարհի ողջ էությունը, հայկականության շունչը, մեր բնության հրաշագործությունը»,- ասաց COP17-ի «Հայաստան» տաղավարի կոնցեպտի համահեղինակ, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։

Բնությունից դեպի մշակույթ․ այս անցումներով էլ տաղավարի հեղինակները փորձել են այցելուին փոխանցել Հայաստանի ամբողջական պատկերը՝ միաժամանակ ստեղծելով ջերմ ու հյուրընկալ միջավայր։

«Տաղավարը համարում եմ ստացված, որովհետև գրեթե բոլոր այցելուներից դրական արձագանքներ ենք ստանում։ Այն հիբրիդային տաղավար է, որտեղ մարդիկ կարող են գալ և պարզապես հանգստանալ։ Շնորհակալ եմ աշխատանքային խմբին։ Չեմ ուզում մոռանալ նաև մեր կամավորներին, որոնք գիդի ծառայություն էին մատուցում շատ բարձր մակարդակով։ Շնորհակալ եմ նաև Շրջակա միջավայրի նախարարությանը՝ մեզ այս աշխատանքը վստահելու համար»,- ասաց «Հայաստան» տաղավարի պրոդյուսեր Արման Ծատուրյանը։

«Հայաստան» տաղավարի ճարտարապետ Ավետիս Գրիգորյանէլ նշեց, որ հայկական տաղավարը համաժողովի օրերին դարձավ Հայաստանի մասին պատմելու յուրօրինակ հարթակ։

«Այստեղ այցելուները ծանոթացան ոչ միայն մեր պատմությանն ու մշակույթին, այլև այն բնաշխարհին, որի պահպանումը COP17-ի գլխավոր ուղերձներից էր։ Հայկական տաղավարի հիմքում դրված են երկու հենասյուներ, որոնք մենք պետք է արտահայտեինք։ Փորձում ենք տաղավարի միջոցով այն հնարավորինս հայաֆիկացնել, այսինքն՝ հյուրը ներս մտնելիս պետք է հասկանա, որ հայկական տաղավարում է։ Միաժամանակ պետք է փորձեինք ներկայացնել բնության և կլիմայի կայուն զարգացման այն կարևոր տարրերը, որոնց մասին պետք է խոսեինք այս միջոցառման շրջանակում»,- ընդգծեց նա։

Շուրջ 10 հազար այցելու, դրական արձագանքներ և մեկ ընդհանուր նպատակ՝ աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ իր բնության, մշակույթի ու հազարամյա ժառանգության ամբողջականությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում