Մշակույթ

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

4 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է  ստեղծագործական նոր շնչով

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նոյեմբերի 1-ին փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեց Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթի բեմադրությունը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, թատրոնի 91-րդ թատերաշրջանը մեկնարկել է դեռևս հոկտեմբերին, իսկ «Լուցկիներով աղջիկը» դարձել է ընթացիկ թատերաշրջանի առաջին նոր բեմադրությունը։ Ներկայացման պիեսի և բեմադրության հեղինակն է Մերուժան Սաֆարյանը, ով հայտնի հեքիաթը ներկայացրել է յուրահատուկ գեղագիտական լուծումներով՝ փորձելով յուրաքանչյուր հանդիսատեսի մոտեցնել լույսի, երազանքի և հրաշքի աշխարհին։ Ներկայացման նկարչական ձևավորման և քանդակների հեղինակն է Կարեն Թովմասյանը, երաժշտական մշակումն իրականացրել է Արշակ Մուրադյանը, վոկալային կատարումը՝ Ռուզաննա Թադևոսյանը։ Լեփ-լեցուն դահլիճն ու փոքրիկ հանդիսատեսի անկեղծ հիացմունքը վկայեցին ներկայացման հաջողության  մասին։

«Վերջին շրջանում մեր երիտասարդ դերասաններին հնարավորություն ենք տալիս բացի դերասանական հմտություններից զարգացնել նաև ստեղծագործական՝ ռեժիսորական կարողությունները։ Մերուժանը այդ շնորհալի երիտասարդներից է, և նրա մոտ լուսավոր աշխատանք է ստացվել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմենուհի Մանուկյանը։

Նրա խոսքով՝ սրան զուգահեռ,  ակտիվորեն պատրաստվում են նաև ամանորյա ներկայացումներին։ Այս տարի փոքրիկ հանդիսատեսին կներկայացվի «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» բեմադրությունը։ Այս պահին աշխատանքներ են տարվում տիկնիկների պատրաստման ուղղությամբ։ Ամանորյա տոներին հանդիսատեսը ներկայացումներ ընտրելու լայն հնարավորություն կունենա։ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» բեմադրությունից բացի, կցուցադրվի նաև նախորդ տարի մեծ հետաքրքրություն վայելած «Գրինչի պատմությունը» ներկայացումը։

Արմենուհի Մանուկյանի դիտարկմամբ՝ տիկնիկային թատրոնի հանդիսատեսը միայն երեխաները չեն։ Ներկայացումներին սիրով սպասում են նաև ծնողներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները։

«Թվում է՝ դժվար է հանդիսատեսին թատրոն բերել, բայց ինչ-որ առումով նաև հեշտ է։ Տիկնիկային թատրոնը մի այլ աշխարհ է՝ օրգանական ու անմիջական։ Երեխան մշտապես ցանկանում է շփվել տիկնիկի հետ։ Դա ամենաէսթետիկ պահերից է՝ նա իրեն վերագրում է հեքիաթի հերոսի կերպարը, ինչին նպաստում են նաև ներկայացումների ինտերակտիվ հատվածները։ Այսօրվա երեխաներն իրենք են ծնողներին պարտադրում թատրոն գալ»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Թատրոնում նախատեսվում են նաև շենքային բարելավումներ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում փոխվում են շենքի ճակատային հատվածի ապակիները։ Թատրոնի ղեկավարությունը հույս ունի, որ աշխատանքները կավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Մենք ունենք շատ գեղեցիկ դահլիճ՝ նախատեսված պատանի հանդիսատեսի համար։ Այն արդեն հասցրել ենք օգտագործել, և ցանկանում ենք, որ շենքային աշխատանքների ավարտից հետո այն ևս լիարժեք գործի»,-նշեց Արմենուհի Մանուկյանը։

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մարտին՝ ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ։ Նույն թվականի մայիսի 26-ին այն հռչակվել է Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում