Մարզեր

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Գյումրի համայնքում պետական բյուջեի միջոցներով շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները։ Մի շարք փողոցներում արդեն հեռացվել է ասֆալտի մաշված վերին շերտը, և մեկնարկել է նոր ասֆալտապատման փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ավարտական փուլում է Գորկու փողոցի միջին նորոգումը։ Այստեղ ավարտվել է ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրումը։ Առաջիկայում փողոցը նաև կգծանշվի։

Գյումրիի Մուշ թաղամասում ևս մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Այս փուլում իրականացվում է երթևեկելի հատվածի վերին շերտի ֆրեզավորումը, որից հետո կկատարվեն ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներ են իրականացվում նաև Այվազովսկու փողոցում, որտեղ 230 մետր հատվածում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։

Միջին նորոգման շրջանակում այս տարի ասֆալտապատվել են նաև Գյումրիի Շահումյան և Կիրակոսյան փողոցները, ինչպես նաև Անկախության, Շիրազի և Չերազի փողոցների առանձին հատվածները։ Փողոցների նորոգման աշխատանքների նպատակն է բարելավել ճանապարհային ենթակառուցվածքները և ապահովել երթևեկության համար առավել բարենպաստ պայմաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում