Հայաստան

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

4 րոպեի ընթերցում

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Ընտանեկան և կենցաղային բռնության համար առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժներ, վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոց, և ընդլայնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացրել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

«Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը, ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը»,- նշել է նա։

Բաթոյանի խոսքով՝ առաջարկվում է վերացնել նախազգուշացումը, քանի որ այն չի ենթադրում գործուն պաշտպանական միջոցառումներ կամ սահմանափակումների կիրառում, այլ սահմանափակվում է ոստիկանության ծառայողի կողմից բռնություն գործադրած անձին նախազգուշացնելով։

Փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել վերականգնողական ծրագրերին պարտադիր մասնակցության շրջանակը։

«Բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագրեր անցնելը դարձնում ենք պարտադիր ոչ միայն դատարանի կողմից ընդունված պաշտպանական որոշման, այլ նաև ոստիկանի կողմից անհետաձգելի միջամտության որոշման պարագայում»,- ասել է Բաթոյանը։

Անհետաձգելի միջամտության որոշում առաջարկվում է կայացնել նաև այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում անձի նկատմամբ մեկից ավելի անգամ բռնություն է կիրառվել։ Բռնության վերաբերյալ ահազանգի հիման վրա լիազորություններ իրականացնելիս ոստիկանության ծառայողը պարտավոր կլինի օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։

Առաջարկվում է նաև ֆիզիկական բռնության սահմանումը լրացնել աջակցող միջոցներից կամ օժանդակ հարմարանքներից զրկելու դեպքերով։

Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների համար առաջարկվում է սահմանել ավելի ծանր պատիժներ։ Ընդլայնվելու են նաև ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական և հոգեկան ներգործության հանցակազմերը։

«Առաջարկում ենք ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում բացառել քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով առաջարկում ենք նախատեսել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ դատախազի նախաձեռնությունից»,-ներկայացրել է պատգամավորը։

Բաթոյանի խոսքով՝ պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումների պահպանումը հնարավոր կլինի վերահսկել էլեկտրոնային միջոցներով։

Առաջարկվում է նաև բացառել մեղադրյալի նկատմամբ տնային կալանքի կիրառումը, եթե նա և տուժողը համատեղ են բնակվում, և հնարավոր չէ վարույթի ընթացքում ապահովել նրանցից մեկի մշտական բնակությունն այլ վայրում։

Առանձին փոփոխություն է նախատեսվում տուժողների հարցաքննության կարգում։

«Սահմանում ենք, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի վերաբերյալ վարույթով տուժողը, որպես կանոն, հարցաքննվում է միայն մեկ անգամ։ Եվ տուժողը կարող է հրաժարվել լրացուցիչ հարցաքննությունից, բացառությամբ, եթե այն անհրաժեշտ է առաջին հարցաքննությունից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի դարձած հանգամանքների պարզաբանման համար»,- նշել է Բաթոյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում