Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր
3 րոպեի ընթերցում

Կանայք արդեն իսկ առաջնորդում են կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները, սակայն անհրաժեշտ է, որ հաստատություններն ու համակարգերը ճանաչեն նրանց առաջնորդությունը և աջակցեն դրա զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում կայացած գենդերային ֆորումի ընթացքում ասաց Մեծ Բրիտանիայի Բնության պահպանության միացյալ կոմիտեի գործադիր տնօրեն, դոկտոր Ջեմմա Հարփերը։
«Մարտահրավերն այն չէ, որ մենք առաջնորդ կանայք չունենք, այլ այն, որ մեր համակարգը չի ճանաչում առաջնորդությունը և քաղաքականության ու ֆինանսավորման միջոցով չի նպաստում դրան։ Մենք հանձնառություններ ունենք Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակում և գործողությունների ծրագրում։ COP17-ը պետք է օգնի մեզ հանձնառություններից անցում կատարել դեպի իրականացում»,- նշեց Հարփերը։
Նրա խոսքով՝ կանանց փորձառությունն ու գիտելիքը որոշումների կայացման գործընթացներում ներառելը կարող է նպաստել ավելի արդյունավետ արդյունքների հասնելուն, մինչդեռ դրանց անտեսումը կհանգեցնի թերի որոշումների։
«Կանանց վրա ներդրում կատարելը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լրացուցիչ գործողություն չէ. դա հենց կենսաբազմազանության պահպանության մասն է։ Կանանց պետք չէ սովորեցնել, թե ինչպես պետք է առաջնորդ լինեն. նրանք արդեն իսկ առաջնորդներ են։ Երբ կանայք են առաջնորդում, բոլորը շահում են»,- նշեց նա՝ հավելելով, որ կանայք պետք է հնարավորություն ունենան ձևավորելու այն որոշումները, որոնք ազդում են բնության և մարդկանց կյանքի վրա։
Ֆորումի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն էլ կարևորեց կանանց գիտելիքն ու փորձառությունը կենսաբազմազանության պահպանության գործում։
Նրա խոսքով՝ կանայք ոչ միայն բնության պահպանության ոլորտում գիտելիքի կրողներ են, այլև կարևոր դեր ունեն այդ գիտելիքը հաջորդ սերունդներին փոխանցելու հարցում։
«Ռազմավարությունը, որը հաշվի չի առնում կանանց ներգրավվածությունն ու հմտությունները, դատապարտված է ձախողման»,- նշեց Մեյմարյանը՝ հավելելով, որ կանայք կարևոր դեր ունեն նաև երեխաների խնամքի և ընտանիքի պահպանման գործում՝ երեխաներին սովորեցնելով բնության հետ ներդաշնակ ապրել։
Մեյմարյանի խոսքով՝ կարևոր է մինչև 2030 թվականը հասկանալ, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ կենսաբազմազանության պահպանության գործընթացում կանանց մասնակցությունն ու դերակատարումն ընդլայնելու համար։