ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը ելույթով հանդես է եկել COP17 շրջանակներում կազմակերպված Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Անի Ավետիսյանն իր ելույթում կարևորել է COP17 ՀՀ նախագահության և ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված շուրջօրյա միջոցառումը, որի շրջանակներում ազգային պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունն ու կենսաբազմազանության կոնվենցիայի հիմնական խմբերը հնարավորություն են ունեցել քննարկել կոնվենցիայի իրավունքահեն իրականացման խնդիրներն ու տեսլականը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության շուրջ ջանքերի և մի շարք հիմնարար իրավունքների փոխկապակցվածության հարցերին, կարևորել հիմնական խմբերի, այդ թվում` բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների բովանդակային մասնակցությունը։
Շեշտվել է, որ մարդու իրավունքները պետք է արտացոլվեն ոչ միայն միջազգային հանձնառություններում, այլև` կենսաբազմազանության ազգային քաղաքականության մեջ։ COP17-ի արդյունքները պետք է աջակցեն կոնվենցիայի կողմերին ազգային իրականացման խնդիրները բացահայտելու և ազգային շրջանակն ամրապնդելու գործում։