Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն
3 րոպեի ընթերցում

Հայաստանը՝ որպես COP17-ի նախագահող երկիր, իր առջև շատ բարձր նպատակներ է դրել։ Այս մասին «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թղթակիցների հետ ճեպազրույցում ընդգծել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն։
«Այն աշխատանքը, որը մենք կատարում ենք այս երկու շաբաթվա ընթացքում, կարելի է բնորոշել հետևյալ կարգախոսով՝ «Համաձայնագրից դեպի գործողություն»։ Պետք է հստակ ուղիներ մշակել՝ մինչև 2030 թվականը երկրագնդի տարածքի 30%-ը բնության պահպանությանը հատկացնելու համար։
Կարծում եմ, որ Հայաստանում արդյունաբերական գործունեության կազմակերպման երկու հնարավոր ճանապարհ կա։ Կարելի է, օրինակ, առաջնորդվել լավագույն չափանիշներով և պաշտպանել շրջակա միջավայրը՝ անկախ նրանից՝ խոսքը ջրային ռեսուրսների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, թե այլ ոլորտների մասին է, կամ էլ գործել արագ ու հեշտ ճանապարհով՝ հնարավոր է՝ առանց պատշաճ պաշտպանական միջոցների։ Հուսով ենք, որ այս երկու շաբաթվա ընթացքում կմշակվեն քաղաքականություններ և համաձայնագրեր, որոնք արդյունաբերական ոլորտին կուղղորդեն ընտրելու առաջին՝ և ոչ թե երկրորդ տարբերակը։
Միաժամանակ, մենք հույս ունենք, որ այս հաջողված COP-ի շրջանակում մասնակիցները հիանալի ժամանակ կանցկացնեն, կցանկանան կրկին այցելել Հայաստան և վայելել այս երկրի անհավանական կենսաբազմազանությունը»,- ասել է Ալեքսանդրա Քոուլը։
Պատասխանելով այն հարցին, թե այժմ ի՞նչ մակարդակի վրա են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունները, դեսպանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության հիանալի միջավայր են ձևավորել։
«Այս մեկ տարվա ընթացքում, որ այստեղ եմ, տեսնում եմ, որ ավելի զբաղված եմ, քան երբևէ, և ինձ դա շատ է դուր գալիս։ Բայց կարծում եմ՝ ուշագրավ է այն փաստը, որ երբ մարդկանց հարցնում ես Հայաստանի գործընկերների մասին, նրանք հաճախ նշում են Ֆրանսիան, Եվրոպական միությունը և, իհարկե, Միացյալ Նահանգները։ Այժմ նրանք նաև նշում են Միացյալ Թագավորությունը, և ես իսկապես հպարտ եմ, որ մենք այդ շարքում ենք»,- նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։