Աշխարհ

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

5 րոպեի ընթերցում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նոր ֆինանսական ցիկլի շրջանակում հայտարարված լրացուցիչ ներդրումները կազմել են 500 մլն ԱՄՆ դոլար՝ ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով 4.4 մլրդ դոլարի։ Հայաստանը ևս սկսել է հիմնադրամին ներդրում կատարելու հնարավորության շուրջ նախնական քննարկումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում  հայտնեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույոն՝ նշելով, որ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում է քառամյա ցիկլերով, որոնց շրջանակում դոնորները միջոցներ են հատկացնում հաջորդ չորս տարիների համար։

Նրա խոսքով՝ ֆինանսավորման նոր փուլի ձևավորման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ նախնական ներդրումների մասին հայտարարվել էր հունիսին՝ Ուզբեկստանում անցկացված Գլոբալ բնապահպանական հիմնադրամի համաժողովի ընթացքում։ Այդ ժամանակ հայտարարված ներդրումները կազմել էին 3.9 մլրդ ԱՄՆ դոլար։

«Դրանից հետո՝ մինչև այսօր, հայտարարված լրացուցիչ միջոցները կազմում են 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը ֆինանսավորման ընդհանուր ծավալը 3.9 մլրդ դոլարից հասցնում է 4.4 մլրդ դոլարի»,- նշեց Դիեգո Մեսա Պույոն։

Նրա խոսքով՝ լրացուցիչ միջոցներ են նախատեսվել նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի հիմնադրամի (GBFF) համար, որը ստեղծվել է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու նպատակով։ Հիմնադրամի համար հայտարարվել է ևս 60 մլն դոլարի ներդրում։

Դիեգո Մեսա Պույոն ընդգծեց, որ GBFF-ի համար առաջին անգամ ներդրում է կատարում Բեռլինը։ Դրան նախորդել էր Կանադայի Քվեբեկ նահանգի ներդրումը, որը հիմնադրամին աջակցած առաջին ենթազգային կառույցն էր։

«Նոր ներդրողների թվում են նաև Իսլանդիան և Մոնակոն, իսկ Քվեբեկը հայտարարել է նոր ներդրման մտադրության մասին։ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի հիմնական հավատարմագրային հիմնադրամի համար Իսպանիան հայտարարել է 50 մլն եվրոյի ներդրման մասին։ Ուզբեկստանն էլ առաջին անգամ ներդրում է կատարում հիմնադրամում՝ շուրջ 4.6 մլն դոլարի չափով։

Մեծ Բրիտանիան վերահաստատել է իր ֆինանսական աջակցությունը՝ նախատեսելով լրացուցիչ 330 մլն ֆունտ ստեռլինգ, որը համարժեք է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի։ Այդ գումարը հունիսին հայտարարված նախնական ներդրումների մեջ ներառված չէր։ Այս բոլոր ներդրումների հանրագումարը կազմում է այսօր հայտարարված լրացուցիչ 500 մլն դոլարը»,- նշեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի գործադիր տնօրենը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի ֆինանսավորումը կարևոր է ոչ միայն ուղղակի ներդրումների, այլև լրացուցիչ հանրային և մասնավոր միջոցների ներգրավման տեսանկյունից։

Դիեգո Մեսա Պույոն նշեց, որ  2022-2026 թվականների ֆինանսական ցիկլի ընթացքում հիմնադրամի ներդրած յուրաքանչյուր դոլարը հնարավորություն է տվել ներգրավել շուրջ 8 դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։ Արդյունավետ է եղել նաև համակցված ֆինանսավորման մեխանիզմը, որը միավորում է արտոնյալ և առևտրային ֆինանսավորումը։ Այս դեպքում յուրաքանչյուր ներդրված դոլարի դիմաց հաջողվել է ներգրավել շուրջ 18.5 դոլար։

Գործադիր տնօրենի խոսքով՝ ֆինանսավորման նոր ցիկլի շրջանակում նախատեսվում է շարունակել լրացուցիչ ռեսուրսների ներգրավումը։ Այդ նպատակով ներդրումների խոստումների ներկայացման միջոցառում նախատեսվում է նաև Թուրքիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի շրջանակում։

Նա նշեց, որ արդեն իսկ ձևավորված 4.4 մլրդ դոլարը հիմնադրամի պատմության մեջ երկրորդ խոշոր ֆինանսական ցիկլն է վերջին 30 տարիների ընթացքում՝ այն գնահատելով որպես դրական արդյունք։

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ Դիեգո Մեսա Պույոն հայտնեց, որ երկիրը ևս սկսել է հիմնադրամին ներդրում կատարելու հարցի շուրջ նախնական քննարկումները։

«Հայաստանը հայտարարել է, որ արդեն սկսել է նախնական քննարկումները՝ ներդրում կատարելու նպատակով։ Այս պահին ներդրման չափի վերաբերյալ հստակ թիվ չունենք, սակայն Հայաստանը հրապարակայնորեն հայտնել է, որ այդ հարցը քննարկվում է երկրի ներսում»,- նշեց նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում