Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սոցիալական ցանցերը նպաստել են երկրում բողոքի ցույցերն ուղեկցած անկարգությունների մասնակիցների մոբիլիզացմանը և վնասում են ժողովրդավարությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Մակրոնն այս մասին ասել է հոկտեմբերի 26-ին Մարսել կատարած այցի ընթացքում։
«Սոցիալական ցանցերը վնասում են մեր ժողովրդավարություններին, քանի որ խորացնում են բևեռացումը, բռնության տեսարանների առջև յուրատեսակ շոկ և կաթված են առաջացնում»,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների ժամանակ սոցիալական հարթակներն օգտագործվել են երիտասարդներին և ավելի մեծ տարիքի մարդկանց այն վայրեր ուղղորդելու համար, որտեղ հարձակումներ, թալան և այլ հանցավոր գործողություններ էին կատարվում։
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահն ընդունել է բողոքի շարժման հիմքում ընկած օրինական պահանջներին արձագանքելու անհրաժեշտությունը։ Նա հայտնել է, որ կառավարությունը պատրաստում է կրթության և բուհեր ընդունվելու հարցերին վերաբերող միջոցառումներ։
Մակրոնը նախազգուշացրել է, որ հոկտեմբերի 31-ին նախատեսվող նոր ցույցերը նույնպես կարող են վտանգներ պարունակել հասարակական կարգի համար։
Ֆրանսիայում բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի կեսերին՝ դպրոցներում ուսուցման պայմանների, ուսուցիչների պակասի և ենթակառուցվածքների խնդիրների պատճառով։ Հետագայում ցույցերին միացել են նաև կյանքի թանկացման և ոստիկանության գործողությունների դեմ բողոքողներ։ Հոկտեմբերի 17-ի ակցիաներն ուղեկցվել էին հրդեհներով, թալանով և ոստիկանության հետ բախումներով։