Աշխարհ

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

2 րոպեի ընթերցում

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Լորան Նունյեսը հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն վերջինս չի ընդունել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFM-TV հեռուստաալիքը։

Նշվում է, որ ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը նման որոշում է ընդունել, քանի որ ներկայիս իրադրությունը, որում հայտնվել է Ֆրանսիան համազգային բողոքի ցույցերի արդյունքում տեղի ունեցած անկարգություններից ու թալանից հետո, պահանջում է «ոստիկանության չընդհատվող հրամանատարություն»։

Նունյեսը հայտարարել է, որ մի շարք քաղաքներում հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը կորցրել է ցույցերի վերահսկողությունը։

«Ես ընդունում եմ պատասխանատվության իմ բաժինը։ Հրաժարականի դիմում եմ ներկայացրել, քանի որ պատասխանատվութուն եմ կրում տեղի ունեցողի համար։ Այժմ հարց է ծառացել, թե ինչպես անել, որ դա կրկին տեղի չունենա», - հոկտեմբերի 19-ին ասել է Նունյեսը France Inter ռադիոկայանի եթերում։

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-18-ին տեղի են ունեցել համազգային բողոքի ակցիաներ, որոնցում առաջատար դեր են ունեցել ձախ արհմիությունները։ Ակցիաներին մասնակցել են միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսանողների կազմակերպություններ, ինչպես նաև «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչներ։ Ցուցարարները բողոքում են կենսապահովման մեծ ծախսերի, հանրային ծառայությունների վատթարացման դեմ՝ պահանջելով նվազեցնել վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Ցուցարարների որոշ խմբեր հրկիզել են մեքենաներ և շենքեր, թալանել խանութներ։

Արդարադատության նախարարության վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում ձերբակալվել է մոտ 2400 մարդ, որոնց 70%-ը չափահասներ են։ ՆԳՆ-ի տվյալներով՝ անկարգությունների մասնակիցների հետ բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել շուրջ 1000 իրավապահ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում