Մակրոնը պայմանավորվել է ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 000 տ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ. Le Figaro
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրություններից և Բահրեյնից ֆրանսիական շուկայի համար դիզելային վառելիքի ամսական մատակարարումների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro հրատարակությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։
«ԱՄԷ-ն ամսական կհատկացնի 100 000 տոննա դիզելային վառելիք, իսկ Բահրեյնը՝ ևս 100 000 տոննա», - հրատարակությունը մեջբերում է Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրի խոսքը։
Նախատեսվում է, որ այդ վառելիքը կօգտագործվի «ի շահ ֆրանսիական շուկայի»։
Le Figaro-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Մակրոնը պայմանավորվել էր հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում Սաուդյան Արաբիայից 95 000 տոննա դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ։
Այս շաբաթ Ֆրանսիայի նախագահն այցելում է Պարսից ծոցի երկրներ։ Հոկտեմբերի 19-ին նա բանակցություններ է վարել Քուվեյթի և ԱՄԷ-ի ղեկավարության հետ։ Նախատեսվում է նաև նրա այցը Բահրեյն և Կատար։
Մակրոնի շրջապատից Le Figaro-ին հայտնել են նաև, որ առաջիկայում սպասում են Կատարից դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածությունների։