Աշխարհ

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հանգստյան օրերին սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ ամբողջ երկրում կմոբիլիզացվի շուրջ 70 000 իրավապահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Նա նախազգուշացրել է, որ սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում են բռնության և թալանի կոչեր։

«Մենք արձանագրել ենք ծայրահեղ ձախ և արմատական ​​ծայրահեղ ձախ շարժումների կողմից արված բազմաթիվ կոչեր», - ասել է Նունյեսը՝ հավելելով, որ ուժերի կազմում կլինեն ոստիկանության էլիտար ստորաբաժանումներ, մոտ 20 զրահամեքենա և ջրցան մեքենաներ։

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Լուվրը և Փարիզի մի  շարք այլ խոշոր թանգարաններ հոկտեմբերի 24-ին փակ կլինեն՝ նախատեսված բողոքի ցույցերի ժամանակ հնարավոր բռնության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Associated Press-ին տված հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ Օրսեի և Պիկասոյի թանգարանները նույնպես փակվողների թվում են։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 23-ին կհանդիպի ավագ դպրոցների աշակերտների ներկայացուցիչների հետ՝ ուսուցիչների պակասի և դպրոցների անմխիթար վիճակի դեմ անցկացվող բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր առաջին անգամ։

Նախագահը նաև պաշտպանության խորհրդի նիստ կանցկացնի՝ հոկտեմբերի 24-ին նախատեսված ցույցերին նախապատրաստվելու համար, որից հետո կհայտարարի «լրացուցիչ որոշումների» մասին՝ ի հավելումն արդեն իսկ հայտարարված սահմանափակ պարետային ժամերի։

Մակրոնը հետաձգել է այս ամսվա վերջին Սենեգալ և Նիգերիա նախատեսված այցը՝ նախորդող համազգային բողոքի ցույցերի շրջանակներում բռնկված անկարգություններից հետո։

Ֆրանսիայի ֆուտբոլային լիգան հայտարարել է, որ Լիգա 1-ի շրջանակներում հոկտեմբերի 25-ին նախատեսված «Պարի Սեն Ժերմեն»-«Լիոն» հանդիպումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 26-ը։ Որոշումը կայացվել է ոստիկանության խնդրանքով՝ հաշվի առնելով Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասվող բողոքի ակցիաները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում