Ռուսաստան

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում

Օդային տագնապի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տարհանվում են բոլոր ուղևորները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել օդանավակայանի Telegram ալիքում Երևանի ժամանակով 16։22-ին։

«Կատարվում է ուղևորների տարհանում։ Տվյալ պահին բոլոր տերմինալների «ստերիլ գոտիներ» (խմբ.՝ անվտանգության գոտիներ) մուտքը սահմանափակված է։ Ուղևորներին տեղեկացնելու համար հայտարարություններ են հնչում», - հայտնել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ նշելով, որ օդանավակայանի աշխատակիցներն օգնում են ուղևորներին տեղափոխվել անվտանգ ապաստարաններ։

«Շերեմետևո»-ից հայտնում են, որ այս միջոցառումները ձեռնարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։ Օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է ուղևորներին հեռու մնալ պատուհաններից, տեղափոխվել տերմինալների ներսում գտնվող փակ տարածքներ և մնալ այնտեղ։

«Թռիչքների ժամանակացույցում հնարավոր են փոփոխություններ», - զգուշացրել են օդանավակայանից։

«Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ Մոսկվայի մարզի բոլոր չորս օդանավակայանները՝ «Շերեմետևո»-ն, «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն և «Ժուկովսկի»-ն, «փակ են ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող ինքնաթիռների համար»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում խոցվել է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք արձակված 17 ԱԹՍ։ Առավոտյան, նա հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Մոսկվային մոտեցող 5 ԱԹՍ է խոցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում