Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման դեպք, որն ավարտվել է մահվան ելքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը։
«Մինչ այժմ համարվում էր, որ Շամոնդա վիրուսը չի փոխանցվում մարդուն։ Այսպիսով, այս հիվանդի վարակվելը Շամոնդա վիրուսով մարդու մոտ վիրուսի հայտնաբերման առաջին փաստագրված դեպքն է», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ հիվանդը մահացել է հիվանդանոցում, հոկտեմբերի սկզբին։ Նա տառապել է լուրջ իմունոդեֆիցիտից։ Ենթադրվում է, որ վարակը նրա օրգանիզմ է ներթափանցել մժեղի խայթոցի միջոցով՝ Ֆրանսիայի արևելքում, որտեղ գարնանն ու ամռանը գրանցվել են կենդանիների վարակման առաջին դեպքերը։
Բնակչության առողջության համար որևէ ապառնալիք չկա, ընդգծել են իշխանությունները:
Շամոնդա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Նիգերիայում՝ 1960-ական թվականների կեսերին։ Այն հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր անասուններին՝ նրանց մոտ առաջացնելով տենդ։ Վարակը փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով։