Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ ոչինչ չի արդարացնում երկրում անցկացվող ցույցերի ընթացքում «անսանձ» բռնությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
«Այսօր մենք զայրույթ և ամոթ ենք զգում», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ պետք է տարբերակում դրվի «օրինական պահանջներ» ներկայացնող ցուցարարների և «նրանց միջև, ովքեր ավերել են, ջարդուփշուր արել ու թալանել»։
Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր «փորձել են տապալել Հանրապետությունը»։ Մակրոնի խոսքով՝ թալաններ իրականացնող անձինք կփոխհատուցեն պատճառված վնասի համար։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ հանգստյան օրերին բռնություններով ուղեկցվող բողոքի ցույցերին ոստիկանության արձագանքի վերաբերյալ կապահովվի «լիակատար թափանցիկություն»։
Նա հանգստության կոչ է արել՝ նշելով, որ խռովությունները չպետք է սրվեն։
Հանգստյան օրերին շուրջ 550 000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ բողոքելով վառելիքի գների, կենսապահովման մեծ ծախսերի և հանրային ծառայությունների, այդ թվում՝ դպրոցների վատթարացող վիճակի դեմ։
Ցուցարարների որոշ դիմակավորված խմբեր Փարիզում, Մարսելում և այլ քաղաքներում թալանել են խանութներ, հրկիզել մեքենաներ և շենքեր։ Հոկտեմբերի 17-ին խռովարաները Լիմոժում հրկիզել են 19-րդ դարի քաղաքապետարանի շենքը, որն ամբողջությամբ ավերվել է. կրակը տարածվել է շենքում, փլուզվել են ժամացույցի աշտարակն ու տանիքը։
Իրավապահների և ցուցարարների միջև նաև բախումներ են տեղի ունեցել։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 2400 մարդու։ Շուրջ 1000 ոստիկան և ժանդարմ վնասվածքներ են ստացել։
Ֆրանսիայում զանգվածային ցույցերը սկսվել են սեպտեմբերի երկրորդ կեսին կրթության ոլորտում առկա խնդիրներից բողոքող բարձր դասարանների աշակերտների կողմից։