Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը
2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ քննադատությանն, ընդգծել է, որ Նոբելյան հանձնաժողովն անկախ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Politico-ն։
«Նա շատ լավ գիտի, որ Նոբելյան հանձնաժողովն անկախ է: Մենք նրան հիշեցրել ենք այդ մասին, եթե որևէ մեկին հետաքրքրում է, և դա դեռ այդպես է», - հայտարարել է նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նորվեգիան «վատ երկիր է»։ Նա դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ իրեն բազմիցս անտեսել են Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկելիս։
«Ճիշտն ասած՝ Նորվեգիան վերածվել է մի լիակատար գարշելի երկրի», - ասել է նա հոկտեմբերի 25-ին Միչիգանի նահանգի Պորտ Հուրոն քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Թեև Թրամփը չի ստացել մրցանակը, 2025 թվականի հաղթող վենեսուելացի քաղաքական գործիչ և իրավապաշտպան Մարիա Կորինա Մաչադոն նրան է հանձնել իր մեդալը հունվարին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
«Իսկ այն անձը, ով ստացել է՝ Մարիան, շատ լավն էր։ Նա ասաց. «Ես չեմ կարող հավատալ, որ դա ստացա: Սա պետք է շնորհվի նախագահ Թրամփին», և նա ինձ տվեց իր Խաղաղության Նոբելյան մրցանակը, դա շատ հաճելի էր: Ես դա չեմ մոռանա: Դա շատ հաճելի էր», - հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասել է Թրամփը։
Չնայած Իրանի դեմ պատերազմ սկսելուն և Վենեսուելայի ղեկավարին տապալելուն՝ Թրամփն ակտիվորեն ընդգծում է իր՝ որպես խաղաղարարի դերը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում կարգավորել է առնվազն ութ հակամարտություն։
Օսլոյում գործող Նոբելյան հանձնաժողովը նրան երկու անգամ շրջանցել է. 2025 թվականին մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, իսկ 2026 թվականին՝ հարավաֆրիկացի իրավաբան Նավի Փիլեյին՝ խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված նրա ջանքերի համար։