Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը
3 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է ուսանողների գլխավորած շարժման հաղթանակը հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ այդպիսով Սերբիայում ավարտվել է Վուչիչի ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող քաղաքական գերակայությունը։
Սեպտեմբերին, գրեթե երկու տարի շարունակվող ուսանողական ցույցերից հետո, նա արտահերթ ընտրություններ էր նշանակել։ Չդադարող ցույցերն ուղղված էին ենթադրյալ կոռուպցիայի և աստիճանաբար խորացող ավտորիտարիզմի դեմ։ Դրանք սկսվել էին 2024 թվականին Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 16 մարդու մահից հետո։
«Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում, հաղթել է «Ուսանողական ցուցակը»», - հեռուստատեսային ելույթի ժամանակ հայտարարել է Վուչիչը։
Նրա հայտարարությունից անմիջապես հետո Բելգրադի փողոցները տոնակատարությունների թատերաբեմ են դարձել։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի գլխավոր պողոտաներում։
Նախնական արդյունքների համաձայն՝ Վուչիչը հայտարարել է, որ ուսանողների ցուցակը 250 տեղանոց խորհրդարանում կստանա 135-140 մանդատ, իսկ նրա «Սերբական առաջադիմական կուսակցությունը» (SNS)՝ 105։
Ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը մոտեցել է 70 տոկոսի՝ 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Ամբողջ երկրում ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյացել։ Նույնիսկ Վուչիչը Բելգրադում քվեարկելու համար գրեթե երկու ժամ սպասել է։
«Սե՛րբիա, այս երեկո լսելի է դառնում ժողովրդի ձայնը։ Այսօր երեկոյան մենք տոնում ենք հաղթանակը, իսկ վաղը կառուցում ենք ապագան», - ուսանողների շտաբում նրանց անունից հայտարարել է Բելգրադի համալսարանի պրոֆեսոր Ռադոմիր Սայչիչը։
Եվրոպացի առաջնորդներն ու պաշտոնյաները շնորհավորել են «Ուսանողական ցուցակին» հաղթանակի կապակցությամբ։ Շնորհավորողների շարքում են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Մենք պատրաստ ենք… միասին աշխատելու՝ առաջ մղելու Սերբիայի ապագան Եվրամիությունում», — գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։
Այնուամենայնիվ, դեռևս շատ հարցեր կան՝ կապված ուսանողների աջակցությունը վայելող թեկնածուների հետագա գործունեության հետ։
250 թեկնածուներից բաղկացած ցուցակում ընդգրկված են հիմնականում հանրությանը քիչ հայտնի անձինք, այդ թվում՝ համալսարանների դասախոսներ, դերասաններ և ֆերմերներ։ Ցուցակը գլխավորում է սրտաբան Իլյա Սրդանովիչը։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։