Հայաստան

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

2 րոպեի ընթերցում

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

COP17-ի առաջին լիագումար նիստում 14 կետի ընդունումից հետո կողմերը համաձայնության են հասել նաև օրակարգային այլ հարցերի շուրջ։ Առավել բարդ թեմաները նախատեսվում է քննարկել նախարարների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին։

Մաթևոսյանը նշել է, որ բանակցություններն ինքնին ենթադրում են տարբեր դիրքորոշումների առկայություն և համաձայնության հասնելու համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ նախագահությունն աշխատում է բոլոր կողմերի հետ՝ քննարկումներն առաջ մղելու համար։

«Մենք հոկտեմբերի 28-ին ևս մի այդպիսի նիստ կունենանք և 30-ին նույնպես։ Մինչ այս պահը՝ այդ լիագումար նիստից հետո, մենք արդեն հաջողել ենք համաձայնության հանգել բազմաթիվ այլ կետերի մասով։ Եվ, իհարկե, այն կետերը, որոնք առավել բարդություն էին ներկայացնում, պիտի դիտարկվեն նաև նախարարների կողմից»,– ասել է Մաթևոսյանը։

Նա ընդգծել է, որ նախարարների մասնակցությունը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում քաղաքական մակարդակում լուծումներ փնտրել բանակցություններում առաջացած խոչընդոտների համար։

Նախարարի խոսքով՝ առաջին լիագումար նիստում կողմերը ոչ միայն ներկայացրել են իրենց դիտարկումները, այլև համաձայնեցրել առաջարկված փոփոխություններ։ Մաթևոսյանը կարևորել է այդ համագործակցությունը՝ ակնկալելով, որ այն կշարունակվի համաժողովի եզրափակիչ շաբաթվա ընթացքում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում