COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը
1 րոպեի ընթերցում

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը, որի բացմանը ելույթով հանդես է եկել COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ գագաթնաժողովի ընթացքում նախարարն ընդգծել է քաղաքների և համայնքների առանցքային դերը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու գործում՝ կարևորելով ֆինանսավորման, տեխնոլոգիաների և փորձագիտական աջակցության հասանելիությունը։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղական նշանակության պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման գործում համայնքների մասնակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Հրազդանի կիրճը Երևանի առաջին համայնքային պահպանվող բնական տարածքը դարձնելու նախաձեռնությունը։
«Նպատակը հստակ է՝ միջազգային հանձնառություններից անցնել տեղական մակարդակում չափելի գործողությունների՝ հանուն բնության և մարդկանց»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։