Մշակույթ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

3 րոպեի ընթերցում

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս գտնվող  միջնադարյան նշանավոր Պռոշաբերդ կամ Բոլորաբերդ ամրոցում, որը տեղացիները հաճախ կոչում են նաև Բերդասար, մեկնարկել են հնագիտական պեղումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ և մասնագիտական խմբի մասնակցությամբ Պռոշաբերդ ամրոցի տարածքում իրականացվել են տեղանքի ուսումնասիրման, զննման մի շարք այցեր, որոնց ընթացքում մանրակրկիտ գնահատվել են հուշարձանի պահպանվածության վիճակը, աշխատանքների արդյունավետ իրականացման հնարավորությունները:

«Արդյունքում որոշում է կայացվել սկսել ամրոցի պեղման առաջին փուլի աշխատանքները․ Արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։ Պեղման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հուշարձանի շուրջ 1․5 հա տարածքի բուսածածկույթից մաքրում, հատակագծի ճշգրտում, ինչպես նաև մուտքի հատվածում և տեսանելի սենյակների ու շինությունների տարածքում թափված քարերի հավաքում և տարածքի մաքրում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է մշակել ամրոցի պարսպաշարերի վերականգնման և ամրակայման նախագիծ»,-հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ հավելելով, որ պեղումների ավարտին՝ համալիր ուսումնասիրություններից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով նախատեսվում է իրականացնել հուշարձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներ:

«Կա ենթադրություն, որ Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը վերակառուցվել է Պռոշ իշխանի նախաձեռնությամբ։ Ամրոցի հատակագիծը՝ յոթանիստ բազմանկյուն է հիշեցնում։Մինչև օրս պահպանվել են ամրոցի պարիսպները և բուրգերը։ Պահպանված պարսպապատերի միջին բարձրությունը արտաքինից մոտ 6-7 մետր է։ Ամրոցի բոլոր կառույցները պատրաստված են մոխրագույն բազալտից։ Պռոշաբերդի արևմտյան կողմում՝ հարթավայրի վրա նկատելի են հին բնակատեղիի հետքերը, որոնք հավանաբար կարող են լինել Բոլորաբերդ գյուղի ավերակները»,-տեղեկացնում են կառույցից՝ վստահեցնելով, որ հնագիտական պեղումները նոր բացահայտումներ են խոստանում ամրոցի հնագույն անցյալի պատմության և կառուցվածքի առանձնահատկությունների մասին, որոնք նոր լույս կսփռեն հայ միջնադարյան ամրոցաշինության վերաբերյալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում