Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ
3 րոպեի ընթերցում

Կառավարությունը 148,5 միլիոն դրամ հատկացրեց Մատենադարանի համար երկու բացառիկ ձեռագիր ձեռք բերելու նպատակով։
Խոսքը Սարգիս Պիծակի՝ 1353 թվականին Դրազարկում ընդօրինակած ժողովածուի և 1695 թվականին Նոր Ջուղայում ստեղծված Ավետարանի մասին է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց, որ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը վաճառքի է ներկայացրել հինգ ձեռագիր, որոնց ձեռքբերման պայմանների շուրջ բանակցել է Մատենադարանը։
«Մասնավորապես, այս հինգ ձեռագրերի համար նախապես 600 հազար եվրո արժեքն իջեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ բոլոր հարկերն ու այլ վճարները։ Ինչպես նաև սեփականատերը համաձայնել է Մատենադարանին շնորհել առաջնահերթ գնորդի կարգավիճակ՝ վեց ամիս ժամկետով, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան միջոցների առկայության դեպքում այս ձեռագրերը ձեռք բերել»,– նշեց Անդրեասյանը։
Պետական հատկացումը նախատեսված է այդ հինգ ձեռագրերից երկուսի ձեռքբերման համար։ Ամբողջ հավաքածուն գնելու նպատակով նախատեսվում է համահայկական դրամահավաք՝ «Մատյանների տունդարձը» նախաձեռնության շրջանակում։
Ձեռք բերվող առաջին մատյանը Սարգիս Պիծակի՝ 1353 թվականին Դրազարկում ընդօրինակած ժողովածուն է։ Այն պարունակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրում պահպանվել են նաև Ղուկասի Ավետարանի՝ 10-11-րդ դարերով թվագրվող պատառիկներ։
Նախագծի հիմնավորման մեջ առանձնացվում է նաև մատյանի կենսագրական ու արվեստաբանական նշանակությունը։
«Մեզ հայտնի չէ 1353 թվականից հետո Պիծակի ընդօրինակած և ծաղկած որևէ այլ մատյան, ինչն այս ձեռագրին հաղորդում է նաև առանձնահատուկ կենսագրական և արվեստաբանական նշանակություն»,– նշվում է հիմնավորման մեջ։
Առանձնահատուկ արժեք ունի նաև ձեռագրի կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը, որի ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտելու միջնադարյան ձեռագրական և կիրառական արվեստների փոխառնչությունները։
Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է։ Այն առանձնանում է հարուստ մանրանկարներով և Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին բնորոշ գեղարվեստական լուծումներով։