Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, այսօր գործընթացները գտնվում են այդ կետում: Բայց մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որ կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականից հարաբերությունների կարգավորման գործընթաց էին սկսել։ Կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնացն այդ ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, թուրքական կողմինը՝ դիվանագետ, Սերդար Քըլըչը։ Ռուբեն Ռուբինյանը 2026 թվականի օգոստոսի 3-ից ընտրվեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, որից հետո հայտարարեց, որ այլևս չի լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնացը։ Մինչ այս պահը Հայաստանը նոր բանագնաց չի նշանակել։ Հայաստանն ու Թուրքիան կարգավորման գործընթացի շրջանակներում պայմանավորվել էին սկզբնական փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն այդ պայմանավորվածությունն էլ մինչ այս պահը կյանքի չի կոչվել։