Հայկական «Թամզարա»-ն միավորել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մանուկներին
3 րոպեի ընթերցում

Երգահան, գործիքավորող և նվագախմբի ղեկավար Արի Ալիճյանի (Հալաճյան) նախաձեռնությամբ՝ Ստամբուլի, Հայաստանի և Կիպրոսի հայ մանուկներն ու պատանիները միավորվել են հայկական ավանդական «Թամզարա» պարի շուրջ՝ ներկայացնելով ինքնատիպ մի տեսահոլովակ։ Հայկական մշակութային ժառանգության հանդեպ սերը, նոր սերնդի ոգևորությունն ու արվեստի միավորող ուժը մեկտեղվել են երաժշտական և տեսողական ուշագրավ այս ստեղծագործության մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ հրապարակված տեսահոլովակը վկայությունն է այն իրողության, որ հայկական մշակույթը կարող է միմյանց կապել տարբեր երկրներում ապրող, իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող և թերևս երբևէ միմյանց չհանդիպած երեխաների․Ստամբուլում նրանք երգել են, Կիպրոսում՝ պարել, իսկ Հայաստանում երիտասարդ երաժիշտներն իրենց ավանդական նվագարաններով միացել են այս գեղեցիկ նախաձեռնությանը։ Տարբեր վայրերում կատարված ձայնագրություններն ու նկարահանումները Արի Ալիճյանի երաժշտական մշակմամբ համադրվել են այնպիսի ներդաշնակությամբ, որ դիտողին տեղափոխում են հայկական երգի ու պարի ջերմ աշխարհ։
Նախագծի երաժշտական արտադրությունն ու նվագախմբային մշակումը ստանձնել է Արի Ալիճյանը, որը կարողացել է հայկական ավանդական «Թամզարա»-ն ներկայացնել նոր ու գրավիչ մեկնաբանությամբ՝ պահպանելով դրա ինքնատիպ նկարագիրը։ Աշխատանքին իրենց մասնակցությունն են բերել Բաքըրքյոյի Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու Քառասուն մանկանց դպրաց դասի երգչախումբը՝ խմբավար Սերջան Գազերօղլուի ղեկավարությամբ, Կիպրոսի «Նանոր» պատանեկան պարախումբը՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց Գրիգոր Քելեշյանի առաջնորդությամբ։
Հայաստանից Նաիրա Խաչատրյանը մասնակցել է դհոլի, իսկ Նարեկ Սարգսյանը՝ պլուլի և շվիի կատարումներով։ Ստամբուլից Րաֆֆի Տեր-Գևորգյանն իր հերթին նվագել է դհոլ՝ ամբողջացնելով երաժշտական համադրությունը։
Հատուկ գնահատանքի է արժանի նաև տեսահոլովակի գեղարվեստական ձևավորումը․ տարբեր երկրներում նկարահանված պատկերները միավորվել են ճաշակով և տպավորիչ մոնտաժով, որի հեղինակն է Արթո Դավուլճյանը։
Ստեղծագործության շապիկի ձևավորումը կատարել է հայաստանաբնակ երիտասարդ նկարչուհի Մանե Փաշինյանը։
Արի Ալիճյանի այս նախաձեռնությունն առանձնահատուկ արժեք է ստանում հատկապես այն պատճառով, որ հայկական մշակույթը երեխաներին ներկայացնում է ոչ թե որպես անցյալից մնացած հիշատակ, այլ որպես կենդանի ժառանգություն, որի կրողներն են նաև իրենք։ Երգելով, պարելով ու նվագելով՝ այս մանուկներն իրենց հերթին դառնում են դարեր շարունակ փոխանցվող մեր մշակութային հարստության շարունակողները։