Երևանում տեղի է ունեցել Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը
6 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը՝ «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» խորագրով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը համախմբել էր շուրջ 100 մասնակցի՝ միջազգային ջազ ակումբների, մշակութային կազմակերպությունների, մասնագիտական ցանցերի, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների և երաժշտական ոլորտի մասնագետների։
Ֆորումի նպատակն էր նպաստել հայկական ջազային համայնքի միջազգային կապերի ընդլայնմանը, երաժիշտների միջազգային շարժունության խթանմանը, ակումբային փոխանակումների զարգացմանը և երկարաժամկետ մշակութային գործընկերությունների ձևավորմանը։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը` կարևորելով մշակութային երկխոսության, միջազգային համագործակցության և երաժշտության միջոցով տարբեր երկրների ու համայնքների միջև կապերի ամրապնդման նշանակությունը։ Ֆորումին ներկա են եղել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և դեսպաններ։
Ֆորումի կարևորագույն արդյունքներից էր միջազգային նոր գործընկերությունների ձևավորումը։ Քննարկումների և մասնագիտական հանդիպումների արդյունքում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իտալիայի, Էկվադորի և Ֆրանսիայի գործընկերների հետ։ Դրանք հիմք կդառնան առաջիկա համատեղ նախաձեռնությունների, երաժիշտների փոխանակումների, միջազգային ելույթների և մշակութային նոր ծրագրերի իրականացման համար։
Ֆորումի շրջանակում Երևանում ներկայացվել է JCEP-ը՝ Ջազ ակումբների փոխանակման հարթակը միջազգային հարթակը (Jazz Clubs Exchange Platform)։ Նախաձեռնությունը միտված է տարբեր երկրների ջազ ակումբների միջև կայուն համագործակցային ցանցի ձևավորմանը՝ հնարավորություն ընձեռելով փոխադարձաբար հյուրընկալելու երաժիշտների, փոխանակելու մասնագիտական փորձը և զարգացնելու միջազգային հյուրախաղային ծրագրեր։
Ֆորումին մասնակցել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և երաժշտական հարթակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Europe Jazz Network-ի տնօրենների խորհրդի անդամ, Ռոտերդամի BIRD փառատոնի երաժշտական ծրագրավորող Ռալուկա Բայկուն, Ֆրանսիայի Երաժշտության ազգային կենտրոնի (Centre National de la Musique, CNM) միջազգային նախագծերի ղեկավար Բենժամեն Դեմելեմեստերը, Դուբայի Jass Lounge-ի ծրագրերի և արտիստների ներգրավման պատասխանատու Տոնա Իսիդրոնը և այլք։
Մասնագիտական զեկույցների և պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել երաժիշտների միջազգային փոխանակումների կազմակերպմանը, հյուրախաղերի զարգացմանը, ֆինանսավորման նոր հնարավորություններին, վիզային և լոգիստիկ խնդիրներին, ինչպես նաև մշակութային համագործակցության գործընթացում ինստիտուցիոնալ և դիվանագիտական աջակցության կարևորությանը։
Հայկական երաժշտացանց նախաձեռնությունը ներկայացրել է արտիստների միջազգային փոխանակման կազմակերպման հիմնական փուլերը՝ երաժիշտների մասնագիտական պատրաստվածությունից մինչև միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություններ և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորում։
«Մեր նպատակն է, որ հայկական ջազը միջազգային երաժշտական դաշտում ներկայանա ոչ միայն առանձին համերգներով, այլև կայուն գործընկերություններով և շարունակական համագործակցությամբ։ Այս ֆորումը կարևոր քայլ էր այդ ուղղությամբ։ Շուրջ 100 մասնակիցների ներգրավվածությունը, միջազգային գործընկերների հետաքրքրվածությունը և Իտալիայի, Էկվադորի ու Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ նախաձեռնությունն ունի զարգացման մեծ ներուժ։ Մենք ցանկանում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ հայկական ջազ ակումբներն ու երաժիշտները կլինեն միջազգային մշակութային փոխանակումների լիարժեք մասնակիցներ», - նշել են ֆորումի կազմակերպիչները։
Ֆորումը կազմակերպվել էր JazzJans փառատոնի առաջին թողարկման շրջանակում, որը նոյեմբերի 19–29-ը միավորում է Երևանի և Թբիլիսիի ջազային բեմերը։ Նոյեմբերի 19–22-ը վրացի երաժիշտները ելույթներ են ունեցել Երևանում՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով վրացական ջազային կատարումները։ Փոխանակման ծրագրի շարունակությամբ նոյեմբերի 27–29-ը հայ երաժիշտները ելույթ կունենան Թբիլիսիում։
Կազմակերպիչները նախատեսում են առաջիկայում ընդլայնել նախաձեռնության աշխարհագրությունը՝ համագործակցության մեջ ներգրավելով նոր երկրներ, միջազգային ջազ ակումբներ, փառատոններ և երաժշտական կազմակերպություններ։
Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը հիմք է դրել միջազգային մասնագիտական նոր ցանցի զարգացմանը՝ նպատակ ունենալով հայկական ջազի համար բացել նոր բեմեր, խթանել միջազգային ճանաչելիությունը և ձևավորել երկարաժամկետ համագործակցության հնարավորություններ։