Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը
8 րոպեի ընթերցում

Երևանում նոյեմբերի 21-ին կայացավ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) 21-րդ համագումարը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև կազմակերպության նոր նախագահի ընտրություն։
Դրան նախորդեցին անցած չորս տարիներին ՀՆՄ գործունեության ֆինանսական հաշվետվության հրապարակումը և թեկնածուների ծրագրային ելույթները։
ՀՆՄ արդեն նախկին նախագահ Սուրեն Սաֆարյանը վայր դրեց լիազորությունները, քանի որ միության կանոնակարգը թույլ չի տալիս նույն անձին երկու քառամյա ժամկետից ավելի ղեկավարել այս կառույցը։
Սուրեն Սաֆարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով իր պաշտոնավարման տարիները՝ նշեց, որ այդ ընթացքում համադրվել են դժվարություններն ու հաջողությունները։

«Վերջին չորս տարիներին կազմակերպել ենք ավելի քան 200 ցուցահանդես, որից 17-ը միջազգային, իսկ 59-ը՝ անվճար հիմունքներով։ ՀՆՄ-ն մասնակցել և աջակցել է մոտ 70 նախագծերի, որոնցից կարելի է առանձնացնել Ջրաներկի միջազգային փառատոնը։ Կազմակերպվել են նաև վարպետության դասեր՝ անվանի նկարիչների ներգրավմամբ։
Ամենակարևոր ձեռքբերումներից է այն, որ Հայաստանի նկարիչների միությունն այս տարիների ընթացքում կարողացել է լինել համախմբված, իր անդամների համար ստեղծել հարթակներ, որտեղ նկարիչները կարողացել են դրսևորել իրենց ունակությունները և հանրահռչակել սեփական աշխատանքը։ Կազմակերպվել են նաև տարբեր, այդ թվում՝ միջազգային և հոբելյանական ցուցահանդեսներ, ինչպես նաև սալոններ։ Միջազգային ցուցահանդեսներից կարող 2024 թվականին կայացած «Արվեստ՝ առանց սահմանների» միջազգային պլեները, որին մասնակցել են ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ։
Այս տարի մեր միությունը, Հայ-չինական գործընկերության կենտրոնը և Չինաստանի Չժենցզյան նահանգի պետական թանգարանը ստորագրեցին եռակողմ հուշագիր՝ միտված հայ-չինական մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը։ Դրա շնորհիվ Հայաստանի նկարիչների միության շենքում կազմակերպվել էր Չժենցզյան նահանգի նշված թանգարանի որոշ նմուշների ցուցադրություն։ Այս փոխգործակցության արդյունքում Հայաստանի նկարիչների միության պատվիրակությունը մասնակցեց Շանհայի արվեստի միջազգային 14-րդ փառատոնի բացմանը և Շանհայի 16-րդ միջազգային ցուցահանդեսին։ Առաջիկա տարիներին այս հուշագրի շրջանակում նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել Հայաստանում և Չինաստանում։

Այս տարի ունեցանք միջազգային ցուցահանդես և համաժողով նաև Կորեայի հանրապետության գործընկերների հետ համագործակցության արդյունքում։
Շարունակվելու է նաև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Կանադայի հետ»,- նշեց Սուրեն Սաֆարյանը։
Նա ընդգծեց, որ կան նաև ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են կամ չեն իրագործվել։ Դա, ըստ մեր զրուցակցի, այդ թվում պայմանավորված է ՀՆՄ գույքի պետականացման գործընթացներով և դրան առնչվող դատավարությունների շարունակվելու հանգամանքով։
Սաֆարյանը նշանակալի իրադարձություն է համարում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված նախագիծը, որն իրականացվել է ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Միության անդամ 100 նկարիչներ ստեղծել են Ազնավուրի կատարած «Լա Բոհեմ» երգի թեմայով աշխատանքներ, որոնք հետագայում նվիրաբերվել են ՀՀ կառավարությանը։
ՀՆՄ նախագահի պաշտոնին առաջին անգամ առաջադրված Գայանե Իգիթյանը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ։ Նրա նպատակն է ավելի շատ երիտասարդների ընդգրկել միության կազմում։ Թեկնածուն նաև կարևորում է ՀՆՄ բոլոր անդամների հավասար մասնակցությունը ցուցահանդեսներին, այդ թվում՝ արտերկրում, ինչպես նաև ներկայացվածությունը տարբեր կատալոգներում։ Նրա խոսքով՝ ներկայում այդ առումով որոշակի վերապահումներ կան։

«Շատ եմ ցանկանում, որ հայկական արվեստը ցուցադրվի արտերկրում, մեր նկարիչները ցուցահանդեսների մասնակցեն դրսում, նաև լինի արտասահմանցիների հետ փորձի փոխանակում։ Այդ ամենը կարող է նպաստել մեր նկարիչների ավելի շատ ստեղծագործությունների վաճառքին»,- նշեց նա։
ՀՆՄ նախագահի մյուս թեկնածու, այդ պահին միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «8 տարի եղել եմ ՀՆՄ փոխնախագահ։ Այս ընթացքում իրականացրել ենք տարբեր մտահղացումներ և նախագծեր։ Մեր թիմը վճռական է շարունակելու նախագծերն ու ծրագրերը, այդ թվում՝ կրթական, ցուցահանդեսների զարգացման, ինչպես նաև աճուրդային, որը նպաստելու է ՀՆՄ անդամների նկարների վաճառքին։ Առաջարկներ ունենք նաև մեր միության հանգստյան տան վերաբերյալ։ Աշխատանքների հիմնական ուղղությունները ձևակերպել ենք 9-ը կետերից բաղկացած փաստաթղթում»։

ՀՆՄ նախագահի թեկնածու Արա Շահումյանն էլ «Արմենպրես»-ին ներկայացրեց բարեփոխումների իր տեսլականը, նաև անդրադարձավ որոշ խնդիրների։

«Սա հասարակական կազմակերպություն է։ Արվեստագետը միայն միության անդամը չէ, Հայաստանում շատ են արվեստագետները։ Սակայն, ՀՆՄ-ն դարձել է մասնավոր կառույց։ Ես թեկնածու եմ, եկել եմ իմ թիմով։ Թիմիս անդամներին արգելում են մտնել դահլիճ։ Այդ թվում՝ իրավաբանիս։ Այդ դեպքում ո՞վ պետք է ինձ մասնագիտական խորհրդատվություն կատարի»,- զրույցի սկզբում նշեց նա։
Շահումյանը մատնանշեց նաև իր նկատած խնդիրները.
«Ուզում եմ, որ ճիշտ տնօրինվի միության գույքը, ռեսուրսները կառավարվեն լիարժեք՝ տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով։ Երբ դա տեղի կունենա, կունենանք այն համապատասխան ռեսուրսները, որոնց հաշվին կներգրավենք լրացուցիչ մասնագետներ՝ արվեստաբաններ, ծրագրավորողներ, իրավաբանական հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի արվեստագետների սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներով։ 1992 թվականից հետո արվեստագետը մնացել է առանց իրավական և սոցիալական աջակցության։ Նկարիչների միությունը հենց այն կառույցն է, որը պետք է դա նախաձեռներ։ Պատրաստվում եմ կյանքի կոչել դա։ Ինչպե՞ս։ Տարբեր եղանակներով, որոնցով ներկայում զբաղվում են թիմիս անդամները։
Հիմնական նորույթը, որը ներդնելու եմ՝ միության ներսում կատարվող տնտեսական և աշխատանքային գործընթացների թվայնացումն ու թափանցիկության ապահովումն է։ Թղթաբանությունը, բոլոր խնդիրները պետք է ներկայացված լինեն մեկ հարթակում, որպեսզի միության յուրաքանչյուր անդամ տեղյակ լինի այդ ամենի մասին, կարողանա հայտնել իր կարծիքը և առաջարկել խնդիրների լուծումներ։ Նաև կարևոր է ավելի շատ երիտասարդների ներգրավել միության գործունեությանը։ Հիմա միության 1311 անդամներից միայն 25-ն են մինչև 30 տարեկան»,- ասաց նա։
