Հայաստան

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

4 րոպեի ընթերցում

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

Մարդու կենսագործունեության արդյունքների անվերահսկելի տարածումը բոլոր ժամանակներում այս կամ այն չափով վտանգ է ներկայացրել շրջակա միջավայրի համար՝ առաջնային դարձնելով թափոնների խնդրի կարգավորումը։ Սևան քաղաքում գեղարվեստական մոտեցում են դրսևորել այս հարցում՝ աղբամանում հայտնված տարբեր նյութերի վերամշակման, մարդկային երևակայության և վարպետության համադրման արդյունքում ստանալով իսկական արվեստի գործեր։

Դրանց մի մասը ներկայացված էր Երևանում ընթացող COP17 համաժողովի Կանաչ գոտու Գեղարքունիքի մարզի տաղավարում՝ առաջացնելով թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի այցելուների հիացմունքը, հատկապես, երբ տեղեկանում էին, թե ինչ հումքից են պատրաստված մարդու ձեռքին հանկարծ աշխուժացող՝ ասող-խոսող-բանահյուսող և տարբեր շարժումներ կատարող տիկնիկները, աներևակայելի գեղեցկության կախովի խաղալիքները, այդ թվում՝ հեռավոր, գուցե նաև մեր անուրջների, օվկիանոսների ջրերն ակոսող գունագեղ ու իրականին շատ մոտ ձկնիկները, թղթից և պենոպլաստից քարանման ծաղկամանները, կտորե պայուսակները և այլ իրեր։ Այս ամենը ստեղծվել է անհավանական եռանդ ունեցող մարդկանց նախաձեռնողականության և աջակցության շնորհիվ՝ բնությունը մաքրելով աղբի որոշ չափաքանակից, իսկ բաց երկնքի տակ քայքայվելու անհրապույր «հեռանկար»-ի մատնված երբեմնի անպիտան հումքին և իրերին պարգևելով նոր շունչ ու տեսք։

«Թափոնների տեսակավորման և վերամշակման ուղղությամբ վաղուց թևածող գաղափարը իրագործվեց 2022 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Վերջինի շնորհիվ Սևան քաղաքն ունեցավ աղբի տեսակավորման տարբեր գույների թափոնամաններ, որոնցում առանձնացվում են պլաստիկե, թղթե, մետաղյա և ապակե իրերը։ Հետագայում ավագ դպրոցի աշակերտները վերամշակում են այդ ամենը և հմուտ վարպետների օգնությամբ պատրաստում տարբեր իրեր»,- «Արմենպրես»-ի թղթակցին պատմեց Սևանի համայնքապետարանի աշխատակից Դավիթ Թորոսյանը։

Իսկ համայնքապետարանի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանը հիացմունքով ցուցադրելով տպավորիչ տիկնիկները՝ նշեց, որ դրանք ամբողջությամբ պատրաստված են վերամշակված թափոններից՝ մասնագիտությամբ ռեժիսոր Հերմինե Անդրիկյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ։ Նրան օգնել են մշակութային կենտրոնի նկարիչ-դիզայներ Վիգեն Հակոբյանը, որի ձեռամբ են տիկնիկները ստացել իրենց դեմքն ու դիմագծերը։ Գործընթացում ուրույն ներդրում ունի նաև տեղի երիտասարդական ակումբի ղեկավար Գոհար Մնացականյանը։

«Բոլորի համատեղ համերաշխ աշխատանքի արդյունքում ստեղծված այս տիկնիկները պատկերավոր են դարձրել ավելի քան 20 ներկայացումներ համայնքում և տարբեր կենտրոններում։ Ի դեպ, ներկայացումների ցուցադրմանը ներգրավվում են նաև 9-10-րդ դասարանների աշակերտները։ Հանդիսատեսը միշտ ջերմորեն և ոգևորվածությամբ է արձագանքում ներկայացումներին։ «Փոքրիկ իշխան» խորագրով միջոցառումներն անցկացվում են պարբերաբար։ Ընդհանուր առմամբ, ունենք 12 տիկնիկ։ Հիմա ընթանում են նոր ներկայացում պատրաստելու աշխատանքներ»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Դավիթ Թորոսյանն ընդգծեց, որ այս ծրագիրը առևտրական կամ կոմերցիոն այլ նպատակ չի հետապնդում՝ պարզապես միտված է Սևան քաղաքն ավելի մաքուր դարձնելուն, մարդկային երևակայության դրսևորմանը և մարդկանց ժպիտ և ուրախություն պարգևելուն։ Իսկ իրենց պատրաստած իրերը երեխաները երբեմն նվիրում են քաղաք այցելող արտասահմանցիներին։

Ի դեպ, հաջորդ տարվանից նախատեսվում է ձեռնարկել նաև սննդի թափոններից պարարտանյութ ստանալու գործընթաց, որը էապես կփոխի պատկերը աղբավայրերում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում