Նոր շունչ Արփա և Եղեգիս գետերին. FPWC-ն, Շվեդիան և IUCN-ը ազդարարում են խոշոր ծրագրի մեկնարկը
6 րոպեի ընթերցում

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում ՀՀ կառավարությունը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) և Շվեդիայի կառավարությունը՝ Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) միջոցով, պաշտոնապես ազդարարեցին «Բնության վրա հիմնված լուծումների (NbS) զարգացումը Հայաստանում՝ հանուն կենսաբազմազանության և դիմակայուն համայնքների» նոր նախաձեռնության մեկնարկը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 30 միլիոն շվեդական կրոն (մոտ 2.7 միլիոն եվրո) բյուջեով եռամյա այս ծրագիրը նպատակաուղղված է Բնության վրա հիմնված լուծումների ներդրման միջոցով վերականգնելու էկոհամակարգերը, ամրապնդելու կենսաբազմազանությունը և բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքների դիմակայունությունն ու բարեկեցությունը։
Ծրագիրն իրականացվում է IUCN-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և մասնագիտացված կոնսորցիումի հետ սերտ համագործակցությամբ, որի կազմում ընդգրկված են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI)։ Նախագիծը կզուգակցի տեղերում իրականացվող էկոհամակարգային վերականգնումը քաղաքականությունների մշակման, կարողությունների զարգացման և գիտելիքի ստեղծման հետ։
Ծրագրի աշխատանքները կենտրոնանալու են Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ էկոհամակարգերն ու գյուղական համայնքները ենթարկվում են հողերի դեգրադացիայի, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մեծ ճնշմանը։
Այս ռազմավարական նախաձեռնության շրջանակում FPWC-ն իրականացնելու է Վայոց ձորի մարզի Արփա և Եղեգիս գետերի ավազաններում շուրջ 20 կիլոմետր գետային միջանցքների էկոհամակարգային վերականգնման համալիր աշխատանքները՝ կիրառելով Բնության վրա հիմնված լուծումների առաջադեմ մեթոդաբանությունը։
«Այս նախաձեռնության ուժը էկոհամակարգերի վերականգնումը տեղական համայնքների կարիքների հետ կապելու ունակության մեջ է։ Գործընկերների հետ համատեղ մենք կյանքի ենք կոչելու գործնական Բնության վրա հիմնված լուծումներ, որոնք կվերականգնեն դեգրադացված էկոհամակարգերը, կհարստացնեն կենսաբազմազանությունը և կօգնեն համայնքներին հարմարվել փոփոխվող կլիմային։ Այս քայլերը ապացուցում են, որ բնության մեջ ներդրում կատարելը երկարաժամկետ օգուտներ է ստեղծում ամբողջ Հայաստանի կայուն զարգացման համար», - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ծրագրի հիմնական թիրախներն ու ուղղությունները
20 կմ գետային միջանցքների վերականգնում Արփա և Եղեգիս գետերի ավազաններում (FPWC)։
Ավելի քան 1,050 հեկտար հողատարածքի վերականգնում կամ բարելավված կառավարման ապահովում։
Ավելի քան 5,000 գյուղաբնակների ապրուստի պայմանների և դիմակայունության ուղղակի բարելավում։
Հողմապաշտպան շերտերի և ագրոանտառաբուծական լուծումների հիմնում՝ հողերի էրոզիան նվազեցնելու նպատակով («Շեն» ՀԿ)։
Հայաստանում առաջին NbS «Living Lab» (Կենդանի լաբորատորիա) հարթակի ներդրում՝ պետական, գիտական, մասնավոր և համայնքային սեկտորների միջև փորձի փոխանակման ու նորարարությունների համար (ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոն և SEI)։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի խոսքով՝ CBD COP17-ում այս նախաձեռնության մեկնարկն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ բնությունը դնելու կայուն զարգացման ուղու կենտրոնում։
«Ներդրում անելով էկոհամակարգերի վերականգնման մեջ՝ մենք ներդրում ենք կատարում ավելի առողջ լանդշաֆտների, ուժեղ համայնքների և դիմակայուն ապագայի մեջ», - ընդգծել է նա։
Շվեդիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարի պետքարտուղար Դանիել Վեստլենը նկատեց, որ առողջ էկոհամակարգերը հիմնարար նշանակություն ունեն ինչպես կենսաբազմազանության, այնպես էլ մարդկանց բարեկեցության համար։ Նա շեշտել է՝ Շվեդիան հպարտ է աջակցել Հայաստանին գործնական քայլերով կառուցելու ավելի կայուն ապագա։
IUCN Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն, դոկտոր Օլիվեր Ավրամոսկին նշել է, որ Հայաստանը, որպես IUCN-ի պետական անդամ և COP17-ի հյուրընկալող երկիր, ցույց է տալիս, թե ինչպես կարող են գլոբալ հանձնառությունները վերածվել կոնկրետ գործողությունների։ Նա ընդգծել է՝ IUCN-ը հպարտ է աջակցել տեղական գործընկերներին բարձրորակ NbS լուծումներն ընդլայնելու գործում։
Ծրագիրը կտևի 2026 թվականի նոյեմբերից մինչև 2029 թվականի հոկտեմբերը՝ նպաստելով Հայաստանի ազգային բնապահպանական պարտավորությունների իրականացմանը և EU Green Agenda-ի նպատակներին։
«Բնության վրա հիմնված լուծումների (NbS) զարգացումը Հայաստանում՝ հանուն կենսաբազմազանության և դիմակայուն համայնքների» 30 մլն շվեդական կրոն (մոտ 2.7 մլն եվրո) բյուջեով նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կողմից (Sida) և իրականացվում IUCN-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, FPWC-ի, «Շեն» ՀԿ-ի, ՀԱՀ-ի և SEI-ի կողմից։