Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ավստրիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պահպանության, տարածաշրջանների և ջրային տնտեսության դաշնային նախարար Նորբերտ Տոտշնիգի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաթևոսյանը հանդիպումից մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Հայ-ավստրիական համագործակցության ընդլայնման համար հեռանկարային ենք համարում կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և օդի որակի մոնիթորինգի ուղղությունները։ Այս ոլորտներում կարևորել եմ Ավստրիայի փորձի ուսումնասիրությունն ու մասնագիտական փոխանակումները։
Քննարկել ենք նաև COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը։ Շնորհակալություն եմ հայտնել Ավստրիայի կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով նախարարական մակարդակով աջակցությունը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու և համաձայնության հասնելու գործում»,– գրել է ՀՀ ՇՄ նախարարը։