Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն
15 րոպեի ընթերցում

Հայաստանը COP17 նախագահության շրջանակում ներկայացնում է չորս նախաձեռնություն, որոնց նպատակն է օգնել երկրներին կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակները վերածել գործնական քայլերի։ Նախաձեռնություններն ուղղված են կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի ամրապնդմանը, լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանը, պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանության արդյունավետ միջոցների խթանմանը, ինչպես նաև կենսաբազմազանության համար դրական տնտեսական խթանների ձևավորմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ կենսաբազմազանությունից կախված են մեր ջուրը, գյուղատնտեսությունը, առողջությունը, համայնքների բարեկեցությունը և այլ կարևոր ոլորտներ։

Նրա խոսքով՝ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությունը առանցքային նշանակություն ունի կյանքի որակն ապահովելու համար։ Արդյունավետ պահպանության համար անհրաժեշտ են վստահելի տվյալներ, արժեքավոր էկոհամակարգերի գնահատում, մասնագիտական կարողություններ և համապատասխան տնտեսական որոշումներ։
Առաջին նախաձեռնություն․ Կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիաների երևանյան հանգույց
«Կենսաբազմազանության պահպանության նպատակով որոշումներ ընդունելու համար պետք է իմանանք՝ ինչ վիճակում են մեր էկոհամակարգերը, ինչպես են փոխվում տեսակների պոպուլյացիաները և որտեղ է անհրաժեշտ միջամտել։ Այս հանգույցը կօգնի երկրներին օգտվել մասնագիտական աջակցությունից, արբանյակային դիտարկումներից և տվյալների հավաքագրման ու վերլուծության նոր գործիքներից։ Աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ ամրապնդելու մոնիթորինգը և ավելի հիմնավորված որոշումներ ընդունելու։
2022 թվականին Կունմինում և Մոնրեալում աշխարհն ընդունեց 4 նպատակ և 23 թիրախ՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և միտումը շրջելու համար։ Երևանյան համաժողովն անցկացվում է հենց այդ ճանապարհի կեսին։ Նոր հանձնառությունների ժամանակն անցել է․ այժմ պետք է ապահովենք արդյունքներ և դա անենք ավելի արագ։ Սա է «Գործել հանուն բնության» մեր կարգախոսի իմաստը»,- նշեց նա:
Գրիգորյանի խոսքով՝ առաջին անգամ հավաքական առաջընթացի գլոբալ վերանայումը հստակ պատկեր է տալիս, թե որտեղ ենք գտնվում։ Այն հիմնված է ամուր հիմքի վրա՝ 129 Կողմերի ազգային զեկույցներ՝ Կոնվենցիայի Կողմերի երկու երրորդը, 162 Կողմերի ազգային թիրախներ՝ ավելի քան 80 տոկոսը, և 89 Կողմերի՝ կենսաբազմազանության թարմացված ազգային ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր՝ գրեթե կեսը։ Ըստ նրա՝ պատկերը ցույց է տալիս, որ չեն ընթանում նպատակներին հասնելու անհրաժեշտ ուղով։
«Այն նաև որոշ բան է ասում մեր իսկ գործիքների մասին։ Շատ երկրներ դեռ չունեն լավ համակարգված մոնիթորինգային համակարգեր և ենթակառուցվածքներ՝ վստահելի տվյալներ ձևավորելու, կառավարելու և ներկայացնելու համար։ Գլոբալ զեկույցը և ազգային յոթերորդ զեկույցների վերլուծությունը ցույց են տալիս տվյալների զգալի բաց։ Իսկ այն, ինչը հնարավոր չէ չափել, հնարավոր չէ նաև հաշվառել կամ շտկել։
Հայաստանն այս խնդրին ծանոթ է սեփական փորձից։ Մեր ազգային մոնիթորինգային համակարգը դեռ մասնատված է, և տվյալների համախմբումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Շատ Կողմեր՝ մեծ թե փոքր, բախվում են նույն մարտահրավերին։
Հենց այս պատճառով COP17 նախագահությունը մշակել է Կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիաների երևանյան հանգույցը՝ ԿԲԿ քարտուղարության հետ համակարգմամբ և FAO-ի ու IUCN-ի համատեղ առաջնորդությամբ։
Այն ունի երեք բաղադրիչ՝ ցուցանիշների համար պատասխանատու կառույցների համագործակցություն և աջակցության փաթեթ, երկրներին աջակցելու հնարավորություններն ամրապնդող ծրագիր, տեխնոլոգիաների և նորարարությունների հասանելիություն՝ Երկրի դիտարկում, էկոհամակարգերի քարտեզագրում, տեսակների անհետացման ռիսկի և գենետիկական բազմազանության գնահատումներ, շրջակա միջավայրի ԴՆԹ, կենսաակուստիկա և արհեստական բանականության աջակցությամբ տվյալների համախմբում՝ ներկայացված այնպիսի ձևով, որը երկրները կարող են գործնականում կիրառել»,- ասաց Գրիգորյանը:
Երկրորդ նախաձեռնություն․ Լեռների և դրանց առնչվող քաղցրահամ ջրային էկոհամակարգերի երևանյան հարթակ
Մասնագետը նշեց, որ լեռներում տեղի ունեցող փոփոխություններն ազդում են գետերի, լճերի, ջրի հասանելիության և մարդկանց ապրուստի վրա։ Հայաստանի համար այս կապը շատ տեսանելի է Սևանա լճի և լեռնային ջրային համակարգերի օրինակով։ Հարթակի միջոցով նախատեսվում է փոխանակել փորձը, տրամադրել տեխնիկական աջակցություն և երկրներին կապել համապատասխան գործընկերների ու ֆինանսավորման հնարավորությունների հետ։
«Այս առաջատար նախաձեռնությունն անձնական նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար, քանի որ մեր գյուղերը, վանքերը, արոտավայրերն ու ողջ պատմությունը ձևավորվել են լեռնային էկոհամակարգերում։
Առողջ լեռնային էկոհամակարգերն առանցքային նշանակություն ունեն կենսաբազմազանության, ջրային անվտանգության, գյուղատնտեսության և մարդկանց բարեկեցության համար։ Ուստի, լեռների և դրանց առնչվող քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությունը համատեղ առաջնահերթություն է, որը պահանջում է երկրների և ոլորտների միջև համագործակցության ամրապնդում։
Ամբողջ աշխարհում լեռներն ապահովում են շուրջ 1,2 միլիարդ մարդու ապրուստը։ Դրանք ապահովում են աշխարհի քաղցրահամ ջրային հոսքերի կեսից ավելին, ընդգրկում աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից 25-ը և երկկենցաղների, թռչունների ու կաթնասունների տեսակների 85 տոկոսը»,- ասաց նա:
Գրիգորյանն ընդգծեց, որ լեռները մարդկության ջրի բնական պահոցներն են, ուստի լեռների և դրանց առնչվող քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությունը համատեղ առաջնահերթություն է, որը պահանջում է երկրների և ոլորտների միջև համագործակցության ամրապնդում։
Այս նախաձեռնությունը կապահովի երկու արդյունք՝ կմիավորի լեռնային երկրներին՝ կանոնավոր և ամենաբարձր մակարդակով աշխատանքը համակարգելու համար, կաջակցի երկրներին՝ լեռներն ու քաղցրահամ ջրային էկոհամակարգերը ներառելու կենսաբազմազանության ռազմավարություններում, կլիմայական ծրագրերում, ինչպես նաև ազգային պլանավորման առաջնահերթություններում։
«Մեր հավակնությունն է ապահովել ամուր և գործնական համակարգում արդեն համաձայնեցված աշխատանքների շրջանակում»,- նշեց վարչության պետը:

Երրորդ նախաձեռնություն․ Կենսաբազմազանության պահպանությանը նպաստող միջոցառումներ՝ հատուկ պահպանվող տարածքներից դուրս
Ոսկեհատ Գրիգորյանի խոսքով՝ այս նախաձեռնությամբ Հայաստանը ցանկանում է օգնել երկրներին և կազմակերպություններին համախմբվելու գործնական լուծումների շուրջ, որոնք կարող են աջակցել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը։
Մինչև 2030 թվականը ցամաքային, ներքին ջրային, ծովային և առափնյա տարածքների առնվազն 30 տոկոսը պահպանելու մեր գլոբալ հավակնությունը կարևոր է և անհրաժեշտ։ Սակայն այս թիրախին հասնելը միայն պահպանության ներքո գտնվող տարածքների մակերեսի ավելացումը չէ։ Խոսքն այն մասին է, որ այդ տարածքները կենսաբազմազանության համար ապահովեն էական և երկարատև արդյունքներ։
«Պահպանվող տարածքներն այս գործում հիմնարար դեր ունեն։ Բայց մենք նաև ընդունում ենք, որ պահպանության կարևոր արդյունքներ կարելի է ապահովել դրանց սահմաններից դուրս։ Ամբողջ աշխարհում կան անտառներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ձկնորսական և այլ տարածքներ, որտեղ կենսաբազմազանությունն արդյունավետորեն պահպանվում է, թեև պահպանությունը կարող է չլինել դրանց կառավարման հիմնական նպատակը։
Տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցները՝ OECM-ները, հնարավորություն են տալիս ճանաչելու այդ ներդրումը, երբ այն համապատասխանում է միջազգայնորեն համաձայնեցված չափանիշներին։ Սակայն նման տարածքների բացահայտումն ու գնահատումը միշտ չէ, որ պարզ են։
Շատ երկրներ դեռ բախվում են տեխնիկական և ինստիտուցիոնալ դժվարությունների։ Գործող չափանիշների մեկնաբանությունն ու կիրառումը կարող են տարբերվել, իսկ անհրաժեշտ գիտելիքի, ուղեցույցների և փորձագիտական աջակցության հասանելիությունը շարունակում է անհավասար լինել։
Միաժամանակ այս ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունները, գիտական հաստատություններն ու գործնական աշխատանք իրականացնող մասնագետներն արդեն զգալի փորձ են կուտակել։
Մեզ անհրաժեշտ է համախմբել այդ գիտելիքը, այն դարձնել ավելի հասանելի և օգնել երկրներին հետևողականորեն կիրառելու այն։ Հենց այս նպատակով է COP17-ի նախագահությունը մեկնարկել Երևանյան OECM գլոբալ գործողությունների հանգույց նախաձեռնությունը»,- ասաց նա:
Մասնագետի խոսքով՝ նպատակը նոր ստանդարտներ սահմանելը կամ արդեն իրականացվող աշխատանքը կրկնօրինակելը չէ, այլ ամրապնդել համակարգումը, հիմնվել առկա փորձագիտության վրա և աջակցել Կոնվենցիայի ներքո համաձայնեցված չափանիշների հետևողական կիրառմանը։
Նախաձեռնությունը կգործի COP17 նախագահության առաջնորդությամբ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Բնության պահպանության միջազգային միության հետ համատեղ։

Չորրորդ նախաձեռնություն․ Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը և «Թիրախ 18-ի բարեկամներ» խումբը
«Կենսաբազմազանության համար դրական խթանները ձևավորում են որոշումները մեր տնտեսությունների բոլոր ոլորտներում։ Դրանք ազդում են բնական ռեսուրսների օգտագործման, ապրանքների արտադրության ու սպառման և պետական ու մասնավոր ներդրումների ուղղությունների վրա։ Հետևաբար, խթանները կենսաբազմազանության նպատակներին համապատասխանեցնելը կարող է նպաստել ոչ միայն բնությանը, այլև կայուն զարգացմանը, պարենային և ջրային անվտանգությանը, կլիմայական դիմակայունությանը, մարդկանց ապրուստին և երկարաժամկետ տնտեսական կայունությանը։
Միաժամանակ խթանների բարեփոխումը բարդ և զգայուն գործընթաց է։ Խթանները սերտորեն կապված են ազգային տնտեսական ու սոցիալական առաջնահերթությունների հետ և կարող են տարբեր կերպ ազդել ոլորտների ու համայնքների վրա։
Ուստի, բարեփոխումները պետք է մանրակրկիտ գնահատվեն, որոշվեն ազգային մակարդակում, լինեն սոցիալապես պատասխանատու և հարմարեցվեն յուրաքանչյուր երկրի պայմաններին։ Բոլոր երկրների համար միասնական մոդել լինել չի կարող»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ առաջընթացը պահանջում է ազգային առաջնորդություն և պատասխանատվություն, պետական կառավարման համակարգում համակարգված աշխատանք, վստահելի փաստական հիմք ու միջազգային համագործակցություն։ Հենց այս ըմբռնմամբ է COP17 նախագահությունը մեկնարկում այս առաջատար նախաձեռնությունը։
Նախաձեռնությունը մշակվել է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և դրա Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ համագործակցությամբ՝ առաջամարտիկ երկրների աջակցությամբ և ներգրավմամբ։ Այն միավորում է միմյանց փոխադարձաբար ամրապնդող երեք տարր։
«Առաջինը Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ երևանյան կոչն է, որը քաղաքական ազդակ է հաղորդում՝ ի աջակցություն 18-րդ թիրախի ուղղությամբ արագացված, արդար և ազգային պայմաններին համապատասխան գործողությունների։
Երկրորդը 18-րդ թիրախի երևանյան ընկերների խումբն է, որը նախատեսվում է որպես կամավոր, Կողմերի առաջնորդությամբ գործող հարթակ՝ քաղաքական խթանը պահպանելու, ազգային փորձը փոխանակելու, գործնական լուծումներով կիսվելու և COP17-ից հետո համագործակցությունը խթանելու համար։
Երրորդը Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերն է, որի նպատակն է քաղաքական հանձնառությունը վերածել երկրի մակարդակով գործողությունների, այդ թվում՝ խթանների գնահատման և բարեփոխման, կենսաբազմազանությանն ուղղված բյուջետավորման ու կենսաբազմազանության ֆինանսավորման պլանավորման միջոցով»,- նշեց վարչության պետը:
Նա ընդգծեց՝ այս տարրերը միասին նպատակ ունեն շրջակա միջավայրի նախարարություններին միավորելու նույն սեղանի շուրջ ֆինանսների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և զարգացման նախարարությունների հետ։ Նախաձեռնությունը ձգտում է ներգրավել նաև կենտրոնական բանկերին և ֆինանսական վերահսկող մարմիններին, բանկերին, մասնավոր ֆինանսական ու գործարար հատվածներին, բարեգործական կառույցներին և քաղաքացիական հասարակությանը։
«Նախաձեռնությունները նախատեսված են հենց շարունակական աշխատանքի համար։ COP17-ից հետո նախատեսվում է գործարկել դրանց կառավարման և աշխատանքային մեխանիզմները, մշակել ծրագրեր, կազմակերպել տեխնիկական ու քաղաքական երկխոսություններ և սկսել երկրների կարիքներին համապատասխան աջակցությունը՝ գործընկերների ու հասանելի ռեսուրսների հիման վրա։ Առաջընթացը կվերահսկվի ազգային հաշվետվությունների և նախաձեռնությունների աշխատանքային ծրագրերի միջոցով, իսկ արդյունքները նախատեսվում է ներկայացնել նաև COP18-ում։ Մեզ համար կարևոր է, որ համաժողովում ձևավորված համագործակցությունը շարունակվի և բերի գնահատելի արդյունքների»,- եզրափակեց Ոսկեհատ Գրիգորյանը:
