Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում
7 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս կարող է զբոսաշրջությունը քաղաքին բերել ոչ միայն ավելի շատ այցելուներ, այլև նոր հնարավորություններ, մշակութային կյանք ու տնտեսական զարգացում։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանում համախմբվել էին զբոսաշրջության, հյուրընկալության, մշակույթի և ներդրումների ոլորտների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Tourism Regional Forum (TRF) 2026-ն արդեն երկրորդ անգամ Դիլիջանում հարթակ է ստեղծել միջազգային փորձը տեղական զարգացման հեռանկարների հետ համադրելու համար։
«Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ»․ այս գաղափարի շուրջ է ձևավորվել այս տարվա ֆորումի օրակարգը։ Մոտ 250 մասնագետների և ոլորտի առաջնորդների մասնակցությամբ եռօրյա հանդիպման նպատակը զբոսաշրջության զարգացումը միայն այցելությունների աճով չափելը չէ , այլ հասկանալը, թե ինչպես կարող են նոր նախաձեռնությունները երկարաժամկետ օգուտ բերել քաղաքին, բիզնեսին ու բնակիչներին։
«Մեզ համար շատ կարևոր է, որ Դիլիջանը դառնա գրավիչ կենտրոն ոչ միայն զբոսաշրջիկների, այլև գործարար համայնքի և ոլորտի առաջատարների համար։ Այն պետք է դառնա մի վայր, որտեղ ձևավորվում են նոր գիտելիքներ, քննարկվում են նոր միտումներն ու զարգացումները: Հենց այդ պատճառով մենք արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովը։ Այն արդեն դարձել է ոլորտի համար բարի ավանդույթ »,-նշեց Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան:
Ֆորումի օրակարգում առանձնահատուկ տեղ ունի մշակույթը։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ մշակութային կյանքն ու ենթակառուցվածքները կարող են դառնալ քաղաքի ինքնության, գրավչության և միջազգային ճանաչելիության կարևոր բաղադրիչներ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ոչ միայն նոր տարածքներ ստեղծել, այլև հասկանալ համայնքի կարիքներն ու ներգրավել բնակիչներին։
Մալթայի ARC Research & Consultancy-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավինիա Գալեան էլ ընդգծեց, որ Դիլիջանի համար մշակութային ենթակառուցվածքների զարգացումը կարևոր առավելություն է։ Մասնավորապես, համերգային դահլիճի առկայությունը կարող է նպաստել մշակութային կյանքի ակտիվացմանը։
«Միևնույն ժամանակ, կարևոր է զարգացնել նաև մարդկային կարողություններն ու հմտությունները, քանի որ դրանք նպաստում են մարդկանց համախմբմանը և մշակութային կյանքի առաջընթացին։ Դիլիջանի զարգացման հնարավորությունները գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարաժամկետ ուսումնասիրություններ և մշտադիտարկում։ Այդ նպատակով կարելի է նախնական ուսումնասիրություն կատարել, ապա հինգ տարի անց կրկին գնահատել իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ և զարգացումներ են տեղի ունեցել։
Նման ուսումնասիրություն իրականացրել ենք Մալթայի երկրորդ խոշոր քաղաք Վիկտորիայում, որը նման է Դիլիջանին իր բնույթով, ենթակառուցվածքներով և այդ փորձը կարող է օգտակար լինել նաև Դիլիջանի ներուժը գնահատելու համար»,- ասաց նա:
Մշակույթի այս տեսլականը համահունչ է Դիլիջանում նախատեսվող նոր նախագծերին։ Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրում նախատեսվում է Music Hall-ի և Art Park-ի ստեղծում։ Դրանք, համալիրի մյուս նախաձեռնությունների հետ միասին, միտված են քաղաքում ձևավորելու փոխկապակցված միջավայր՝ հյուրերի, բնակիչների, ստեղծարար համայնքի և բիզնեսի համար։ Մշակույթն ու երաժշտությունը զբոսաշրջության հետ կապելու գաղափարը կարևոր է նաև միջազգային արվեստագետների համար։
«Կարծում եմ՝ մշակույթը զբոսաշրջության հետ կապելը հրաշալի միտք է։ Այս առումով կուզենայի նշել, որ երաժշտությունը նույնպես մշակույթի անբաժանելի մասն է․ այն կապում և միավորում է հասարակության անդամներին։ Թեև այստեղ առաջին անգամ եմ, բայց, քանի որ շատ հայ ընկերներ ունեմ, արդեն ծանոթ եմ հայկական մշակույթին, հայերի առատաձեռնությանն ու հյուրասիրությանը։ Ես ցանկանում էի գալ և անձամբ տեսնել այդ ամենը, ուստի ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը հրաշալի օրինակ է մարդկանց միավորելու և երկիրը ներկայացնելու առումով»,-ընդգծեց ջութակահար, Festival Ibiza Conciertos-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լինուս Ռոթը։
Զբոսաշրջության ապագան ֆորումում դիտարկվում է նաև առողջության, երկարակեցության և կյանքի որակի տեսանկյունից։ Աշխարհում զարգացող այս միտումը նոր հնարավորություն է ստեղծում այն զբոսաշրջային ուղղությունների համար, որոնք այցելուներին առաջարկում են ոչ միայն հանգիստ, այլև բարեկեցությանն ուղղված փորձառություններ։
St. Moritz Longevity Forum-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քրիստինա Մայքլն էլ շեշտեց, որ երկարակեցության թեման այսօր ավելի ու ավելի է կարևորվում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից։ Ընդ որում՝ խոսքը միայն առողջության մասին չէ, այլև մարդու կենսակերպի, ապրելակերպի, սոցիալական միջավայրի, աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռության։
«Այս բոլոր գործոնները կարևոր նշանակություն ունեն որակյալ կյանք ունենալու համար: Այս գլոբալ միտումը հատկապես զարգացավ COVID-19 համավարակի ժամանակ, երբ մարդիկ սկսեցին ավելի շատ մտածել այն մասին, թե ինչպես կարելի է երկարացնել կյանքը, ամրապնդել իմունիտետը, բարելավել կյանքի որակը և դիմակայել տարբեր վտանգների ու արտաքին սպառնալիքների»,-ասաց նա:
Ֆորումի ընթացքում ստորագրվեց նաև ոլորտի զարգացմանն ուղղված երեք հուշագիր, որոնք կնպաստեն նախանշված ծրագրերը կյանքի կոչելուն:
Մշակույթից ու բարեկեցությունից մինչև ֆինանսավորում և նոր ենթակառուցվածքներ՝ TRF 2026-ը զբոսաշրջության զարգացումը ներկայացնում է որպես տարբեր ոլորտների համագործակցություն պահանջող գործընթաց։ Դիլիջանի համար առանցքային հարցն այն է, թե ինչպես միջազգային փորձը վերածել տեղական հնարավորությունների, որոնք երկարաժամկետ արժեք կստեղծեն քաղաքի, նրա բնակիչների և տնտեսության համար։
