ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով
5 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը, GGF և EFSE հիմնադրամները կնքել են 20 միլիոն եվրոյի փոխառության պայմանագրեր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունն ամրապնդելու, ինչպես նաև էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ներդրումների ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով։ Հինգ տարի ժամկետով տրամադրված միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ներին՝ օգնելով վերջիններիս արդիականացնել իրենց բիզնես գործընթացները, բարձրացնել մրցունակությունը և ընդլայնել բիզնեսը, ինչպես նաև «կանաչ» ներդրումների աջակցմանը, ներառյալ՝ էլեկտրական էներգիայով աշխատող տրասնպորտային միջոցները, էներգաարդյունավետ սարքավորումները և վերականգնվող էներգետիկայի փոքրածավալ նախագծերը։

2010 թվականից ի վեր EFSE-ն ԱրարատԲանկին տրամադրել է ավելի քան 80 միլիոն եվրոյի ֆինանսավորում, ինչի շնորհիվ Հայաստանում ՄՓՄՁ-ներին տրամադրվել է շուրջ 3000 վարկ։ Այս երկարամյա համագործակցության հիմքի վրա կառուցված նոր վարկային ծրագիրը հնարավորություն կտա տրամադրել շուրջ 400 լրացուցիչ բիզնես վարկ՝ նպաստելով մոտ 2000 աշխատատեղի պահպանմանն ու ստեղծմանը։ Հատկանշական է, որ վերջերս GGF-ի «Խորհրդատվական և կարողությունների զարգացման» ծրագրի աջակցությամբ ԱրարատԲանկը մշակել է «Կանաչ վարկավորման» համապարփակ շրջանակ՝ սահմանելով ֆինանսավորման հստակ չափանիշներ և «կանաչ» ներդրումների բնապահպանական ազդեցության գնահատման գործիքներ։ Բանկն արդեն իսկ ներդրել է այս շրջանակն իր վարկավորման գործընթացներում՝ հիմք ստեղծելով «կանաչ» ֆինանսավորման պորտֆելի հետագա ընդլայնման համար։

Ֆինանսավորումը կնպաստի էլեկտրական տրանսպորտային միջոցների ֆինանսավորման ուղղությամբ ԱրարատԲանկի կուտակած փորձի զարգացմանը՝ միաժամանակ ընդլայնելով էներգաարդյունավետության և ապակենտրոնացված վերականգնվող էներգետիկայի, այդ թվում՝ փոքր հզորության արևային ֆոտովոլտային համակարգերի ֆինանսավորման հնարավորությունները։
«Հայաստանում աշխատատեղերի մեծ մասը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկություններին։ Զարգանալու համար նրանց անհրաժեշտ է երկարաժամկետ ֆինանսավորում՝ մատչելի պայմաններով։ EFSE-ի հետ երկարամյա համագործակցության ընթացքում իրականացրել ենք ծրագրեր, որոնք աջակցել են ձեռնարկություններին և անհատներին, ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձրել խոցելի և դրանցից օգտվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող խմբերի համար ու ամուր հիմք ստեղծել ԱրարատԲանկի աճի համար։
EFSE-ի հետ նոր համաձայնագիրը մեզ հնարավորություն կտա ընդլայնել փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը, իսկ GGF-ի հետ համաձայնագիրը կօգնի նրանց նվազեցնել էներգիայի ծախսերը և ներդրումներ կատարել ավելի մաքուր տեխնոլոգիաներում։ Ուրախ ենք համագործակցել գործընկերների հետ, որոնք մեզ պես կարևորում են հայաստանյան ձեռնարկությունների երկարաժամկետ զարգացումը»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

«Finance in Motion-ի կողմից կառավարվող երկու հիմնադրամների՝ EFSE-ի և GGF-ի շրջանակում ԱրարատԲանկի հետ համագործակցությունն ուղղված է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, ինչպես նաև կանաչ էներգետիկայի, էներգաարդյունավետության և կլիմայի դիմակայունության ծրագրերի ֆինանսավորմանը։
2012 թվականից տարածաշրջանում գործող GGF հիմնադրամն աջակցում է վերականգնվող էներգետիկայի՝ արևային և հողմային նախագծերին, ՓՄՁ-ների կողմից ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև տնային տնտեսություններին՝ էներգաարդյունավետ լուծումների, մասնավորապես՝ ջեռուցման կաթսաների, տանիքի վրա տեղադրվող արևային վահանակների և էներգիայի սպառումն ու ծախսերը նվազեցնող այլ սարքավորումների ներդրման գործում», - նշել է Անդրի Ստոլյարը «Finance in Motion» ընկերության ներդրումների գծով կառավարիչ։

Համագործակցության այս նոր շրջափուլը շարունակում է հիմնադրամների հետ ԱրարատԲանկի արդեն ձևավորված գործընկերությունը․ 2024թ․-ին Բանկը 5-ական միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր էր կնքել EFSE-ի հետ՝ ՄՓՄՁ-ների ու կին ձեռներեցների ֆինանսավորման, և GGF-ի հետ՝ կանաչ նախաձեռնությունների աջակցության ուղղությամբ։
Կայուն ֆինանսավորման ոլորտում շարունակական այս քայլերը վկայում են, որ Բանկի համար տնտեսական զարգացումն ու շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությունը համատեղ ձևավորում են երկարաժամկետ արժեք՝ ստեղծելով ավելի կայուն հիմք բիզնեսի, համայնքների և ապագա սերունդների համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից