Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահը Գերմանիայում մասնակցել է «BIM World MUNICH 2026» միջազգային համաժողովին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում մասնակցել է շենքերի տեղեկատվական մոդելավորման «BIM World MUNICH 2026» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին։
Հայաստանից մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ու համալսարանի ռազմավարական պլանավորման և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մինասյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ պետական և մասնավոր հատվածներին միավորող հեղինակավոր միջոցառմանը մասնակցող տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ կոմիտեի նախագահը քննարկել է քաղաքաշինության և շինարարության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման, BIM և GIS համակարգերի ինտեգրման, տարածական տվյալների կառավարման, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման ու համագործակցության հնարավորությունները։
Ցուցահանդեսի շրջանակում Եղիազար Վարդանյանը ծանոթացել է ոլորտում կիրառվող նորարարական լուծումներին և տեխնոլոգիական զարգացումներին, մասնավորապես՝ շենքերի տեղեկատվական մոդելավորման (BIM), թվային երկվորյակների, արհեստական բանականության, 3D մոդելավորման, շինարարական գործընթացների թվայնացման և ենթակառուցվածքների թվային կառավարման ուղղություններով։
Համաժողովի առանցքային ուղղություններից է եղել GIS և BIM համակարգերի ինտեգրումը։ Այն առանձնակի կարևորություն ունի նաև Հայաստանի համար։ Առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է տարածական պլանավորման փաստաթղթերի տվյալներն ինտեգրել ազգային գեոպորտալին, փուլային եղանակով ներդնել BIM տեխնոլոգիաները և թվայնացնել քաղաքաշինական բոլոր գործընթացները։
Միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրությունը հնարավորություն կտա նախանշելու Հայաստանում քաղաքաշինության ոլորտի բարեփոխումների համար կիրառելի լուծումները։