Հայաստան

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պետական կառույցների, «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներն ու կառուցապատողները քննարկել են կառուցապատման ծրագրերի դեպքում ջրամատակարարման ցանցին միանալու հետ կապված հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կառույցի նախագահ Եղիազար Վարդանյանի և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ասոցիացիայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաղաքաշինության և Ջրային կոմիտեների մասնագետներ։

Անդրադարձ է կատարվել ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար ցանցերին միանալու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացում առկա խոչընդոտներին։ Քննարկվել են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ լուծման հնարավոր տարբերակները, ընդգծվել խնդիրների համակարգային կարգավորման անհրաժեշտությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ արդիականացվում են շենքերի ներքին ջրամատակարարման և ջրահեռացման նորմերը, որի շրջանակում նախատեսվում է վերանայել նաև անհրաժեշտ ջրաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը։

Ջրային կոմիտեի նախագահը կառուցապատողների ուշադրությանն է ներկայացրել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով նոր ջրատարների կառուցման գաղափարը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ջրի կորստի նվազեցման, «Վեոլիա ջուր» ընկերության և կառուցապատողների միջև գործընթացներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Պաշտոնյաներն ընդգծել են պետական կառույցների պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը կառուցապատողների հետ և համատեղ գտնելու ենթակառուցվածքային խնդիրների արդյունավետ լուծումներ՝ նպաստելով կառուցապատման ծրագրերի բնականոն իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում