Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

4 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

Հայաստանում երկրորդ անգամ կայացել է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. 2026» խորագրով միջազգային գիտաժողովը` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ։ Գիտաժողովին մասնակցել են նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գիտաժողովի ընթացքում մասնագետները քննարկել են շինարարական արդի տեխնոլոգիաների և նյութերի, BIM ստանդարտների, շենքերի էներգաարդյունավետության, սեյսմիկ դիմակայունության ու կայուն շինարարության վերաբերյալ հարցեր։ Ներկայացվել են զեկույցներ խելացի քաղաքների, արհեստական բանականության գործիքների կիրառման, թվային երկվորյակների, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) և տրանսպորտի վերաբերյալ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը ողջույնի խոսքում նշել է, որ գիտաժողովում արծարծվող թեմատիկ ուղղություններն այսօր Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում են։

«Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու շինարարական ծրագրերի արդյունավետությունը։ Դա հաշվի առնելով՝ նախատեսում ենք կրճատել շինարարության տևողությունը։ Ձգտում ենք ծանոթանալ շինարարական ժամանակակից նյութերին ու տեխնոլոգիաներին և դրանք կիրառել պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերում։ Նախատեսում ենք փուլային սկզբունքով ներդնել BIM ստանդարտները։ Այս ճանապարհին Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար»,-ընդգծել է կոմիտեի նախագահի խորհրդականը։

Նա նաև արձանագրել է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրանում է ՃՇՀԱՀ ճանաչելիությունը միջազգային կրթական և գիտական հարթակներում։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանն իր ելույթում ընդգծել է ՀՀ կառավարության ուշադրությունը գիտության զարգացման նկատմամբ։

«Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարությունը, գիտահետազոտական ենթակառուցվածքների ամրապնդմանն ու հետազոտական ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերը վկայում են, որ գիտությունը դիտարկվում է երկրի առաջընթացի կարևոր հիմքերից մեկը։ Կարևոր է, որ գիտնականներն արդյունավետ օգտագործեն ընձեռված հնարավորությունները և իրենց հետազոտություններով ու գիտական արդյունքներով նպաստեն Հայաստանում գիտության հետագա զարգացմանը»,-նշել է ռեկտորը։

Միջոցառման շրջանակում իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն են ունեցել ինչպես փորձառու գիտնականներ, այնպես էլ երիտասարդ հետազոտողներ։ Ներկայացված հոդվածները նախատեսվում է հրապարակել «SCOPUS» գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորված միջազգային գիտական հանդեսում։

Գիտաժողովի նպատակն է ձևավորել միջազգային գիտական համագործակցության հարթակ ակադեմիական, գիտահետազոտական և ոլորտային կառույցների միջև, նպաստել նորարարական ինժեներական լուծումների մշակմանն ու ներդրմանը, խթանել քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտներում գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում