ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին
2 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարարության անունից իրականացվող զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են։ Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։
«Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։
• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը»,– նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։