Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում Գավառի ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել է «Հայոց ինքնության լուռ վկաներ» խորագրով միջոցառում՝ նվիրված հայկական խաչքարերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, Գավառի ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են հայկական խաչքարերի պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը։
Միջոցառման ընթացքում գրադարանի թատերական խմբակը ներկայացրել է բեմադրություն, իսկ Գավառի արվեստի պետական քոլեջի սաները միջոցառումը հարստացրել են գեղեցիկ երաժշտական կատարումներով։
Միջոցառման հատուկ հյուրերն են եղել պատմաբան, խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը և հնասեր, «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանը։ Նրանք ներկայացրել են իրենց ուսումնասիրություններն ու հետազոտությունները՝ ներկաներին փոխանցելով արժեքավոր գիտելիքներ և հետաքրքիր տեղեկություններ։
«Սևակ Արևշատյանն ու Թաթուլ Տոնոյանը շրջում են ոչ միայն Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական հուշարձաններում, այլ նաև հասցնում են լինել Հայաստանի տարբեր մարզերի տեսարժան վայրերում, սոցիալական ցանցերով հանրահռչակում այդ այցերի ու ուսումնասիրությունների արդյունքները։ Իսկ այս միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու մեր ազգային հոգևոր ժառանգությունը, ճանաչելու նրա խորքերը և նոր սերնդին հաղորդակից դարձնելու հայոց մշակույթի հարուստ գանձերին։ Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր ու բովանդակալից մթնոլորտում, հարցուպատասխանի ձևաչափով»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։