Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը
8 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) բազմաժանր ստեղծագործություններում առանցքային տեղ են զբաղեցնում մարդն ու բնությունը, նրանց անքակտելի կապն ու այդ կապի գեղեցկությունը։ Թադևոսյանը կարծում է՝ բնությունը մարդուն առողջացնում է, կենսական ուժ է տալիս և արարելու անսպառ էներգիա։
«Ես բնության ամենակարող ուժին հավատում եմ, հավատում եմ բնության զորեղությանը, այն ինձ համար Աստված է»,-ասում է նկարիչը։

Հենց այդ զարմանալի աշխարհին նվիրված կտավներն են տեղ գտել Թադևոսյանի «Մարդը և բնությունը» խորագրով անհատական ցուցահանդեսում, որը բացվեց նոյեմբերի 6-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։
«Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել ցուցահանդեսին ներկա լինելու և վարպետի հետ զրուցելու հնարավորությունը։

«Մեր գոյությունը կապված է բնության հետ. երբեմն ասում եմ՝ երանի այն մարդկանց, որոնք հաճախ են հայտնվում բնության մեջ, որովհետև զուլալությունը, մաքուր թթվածին շնչելը, խոտերի վրա բոբիկ քայլելը մարդուն կենսական ուժ են տալիս, իսկ եթե նկարիչ ես, երաժիշտ ես, բանաստեղծ, խաղաղության մեջ ի զորու ես ծնել անբացատրելի զորեղ բաներ։ Երբեմն սիմպոզիումներ եմ կազմակերպում. երբ հայտնվում ենք բնության գրկում, հետո վերադառնում ենք, ասում են, թե ինչու հաճախ նման միջոցառումներ չեմ նախաձեռնում, քանի որ վայելում են օրը։ Ես էլ ասում եմ՝ տղե՛րք, դուք էլ մտածեք. անհատապես, ընտանիքով հաճախ եղեք բնության մեջ»,-նշում է Թադևոսյանը։
Ցուցադրության մեջ ընդգրկված են Հրանտ Թադևոսյանի՝ տարբեր շրջաններում արված աշխատանքներ, որոնք ոչ միայն ընդգծում են մարդ-բնություն կապը, այլև վառ, հարուստ գույներով ներկայացնում են Հայաստան աշխարհի գեղեցկությունը։ Վարպետը պարբերաբար այցելում է հայրենիքի հայտնի և թաքնված գեղատեսիլ վայրեր, վրձնահարում է այն բնապատկերները, որոնք նրան մինչև հոգու խորքն են հուզում։

«Ուրասար գյուղում, որը նախկինում Կույբիշև է կոչվել, որտեղ մոլոկաններ են ապրել, ջրաշուշանների հրաշալի լիճ կա. կտավներից մեկում հենց այդ ջրաշուշաններն են պատկերված։ Արագածի վրա էլ չորս հրաշալի ջրվեժ կա։ Չորսի տարածքում էլ եղել եմ։ Ինչպես էլ մտածես, միևնույն է կտավներում Հայաստան աշխարհն է։ Մարտունու շրջանի Ծակքար գյուղում հետաքրքիր բնական կամուրջ կա. ջուրը քարը ծակել է, ինչի արդյունքում ստեղծվել է այդ կամուրջը, որը կտեսնեք կտավներից մեկում, Շաքիի ջրվեժը ևս հրաշալի է»,-ասում է վարպետը։

Նա կարծում է՝ մեր ժամանակներում մարդ-բնություն հարաբերությունները մի քիչ խարխլվել են, տպավորություն է, որ ուրացել են միմյանց։ Ըստ նրա՝ ինքն իր հնարավորությունների սահմանում ասես քարոզիչ է դառնում։ «Այն, ինչ կա բնության մեջ, ոչ մի այլ տեղ չես գտնի։ Բնության խաղաղությունը հոգու համար անբացատրելի զորեղ միջոց է առողջ մնալու համար։ Բնությունն ամեն ինչ է։ Զարմանալի է՝ սարերը, լեռները, ծառերը, անտառները մի բան հիշեցնում են, իսկ եթե նկարիչ ես, բնությունը հուշում է, թե ինչպես է պետք անդրադառնալ բնության տեսիլքներին։ Երբ այդպես ես մտածում, բնությունը հանձնվում է քեզ, ընդունում է քեզ, և բնության հետ երկխոսության պահին արարում ես մի բան, որը երեկ չկար»,-ընդգծում է ՀՀ ժողովրդական նկարիչը։
Ցուցադրությունը կազմակերպվել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում, քանի որ նպատակ է եղել նաև ընդգծել բնության, գեղանկարչության և գրականության կապը։

«Սիլվա Կապուտիկյանի որդու՝ Արայի հետ ընկերներ էինք։ Հաճախ էինք հանդիպում, մի քանի անգամ նաև այս տանն ենք հանդիպել։ Ինձ շատ հոգեհարազատ են Կապուտիկյանի ստեղծագործությունները։ Նրա ամբողջ գրականության մեջ ակնհայտ է հային հայ պահելու միտումը։ Ընդունում, արժևորում եմ այդ գրականությունը, և այժմ էլ շեշտում ենք, որ գործ ունենք մեծ հայուհու հետ, հրաշք բանաստեղծի, հրաշք մարդու, մշակութային գործչի հետ»,-շեշտում է Թադևոսյանը։
Ամեն անգամ, երբ առիթ է եղել հանդիպել Սիլվա Կապուտիկյանի հետ, անպայման զրուցել են նկարչությունից։ Այդ առիթները Կապուտիկյանն է ստեղծել։ «Ոչ մի բանաստեղծի կամ երաժշտի մոտ չեմ կարող շատ լուրջ խոսել այդ ուղղությունների մասին՝ չնայած ունեմ ընկալման իմ ձևը, չեմ կարող որևէ գրողի հետ գրականության շուրջ բանավիճել, քանի որ ունեմ իմացության իմ չափը։ Երբ Սիլվայի հետ զրուցում էինք, նա էր առիթ տալիս, որ նկարչությունից խոսենք։ Յուրաքանչյուր բառից նկատելի է դառնում քո զգայական աշխարհը, վերաբերմունքը գրականության, արվեստի հանդեպ։ Այդ զրույցների մեջ ամեն բան զգացվում է, երևում է, թե որքանով է զրույցն իրական, որքանով է շինծու։ Մեր զրույցները մաքուր էին, զուլալ էին»,-պատմում է նկարիչը։

Սիլվա Կապուտկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, որը մշտապես մեծ ջերմությամբ ու սիրով է ընդունում մշակութային օջախի բոլոր այցելուներին, նշում է՝ Կապուտիկյանի տանը մշտապես բազմաթիվ մտավորականներ են հավաքվել. այն ասես երկրորդ «Վերնատուն» է եղել արվեստագետների համար։ Մեր ժամանակների անվանի նկարիչների ցուցադրություններ կազմակերպելով՝ ցանկանում են շարունակել այդ գեղեցիկ ավանդույթը։

«Կապուտիկյանի որդին՝ Արա Շիրազը նկարիչ և քանդակագործ էր, և նրա ընկերները բազմիցս այստեղ եղել են, դրսևորվել են։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանը, որի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսն օրերս բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում, ևս բացառություն չէ։ Նախորդ տարի երկու անգամ նրա ցուցահանդեսը կազմակերպեցինք այստեղ։ Այս անգամ հերթը Հրանտ Թադևոսյանինն է։ Նա Արա Շիրազի ընկերն է, մտերիմ էր Սիլվա Կապուտիկյանի հետ։ Թադևոսյանը նպատակ ունի Կապուտիկյանի բանաստեղծություններից որևէ մեկը կերպավորել։ Մտածում ենք՝ հրակարմիր մի բանաստեղծություն նկարազարդի»,-նշում է Դեմիրճյանը։
Ցուցադրությունները գրավիչ են տուն-թանգարանի այցելուների համար։ Հատկապես երիտասարդների համար թանգարանը դառնում է ժամանակակից արվեստի օջախ։

«Երեկ ուսանողներ էին եկել, որոնք լուսանկարվում էին ամեն անկյունում։ Նրանք ցնծության մեջ էին, որ Թադևոսյանի նման մեծության ցուցահանդեսն են վայելում։ Երեխայի հոգին զգում է, որ մեծ արվեստագետի հետ է առնչվում։ Գուցե, հենց դա է մարդ-բնություն կապը։ Կապուտիկյանը մեծ բնասեր էր, պայքարում էր Սևանա լճի փրկության համար, հայրենիքի անտառների համար։ Թող այս գեղեցկությունը սփոփանք լինի Կապուտիկյանի համար։ Թող նա երկնքից տեսնի և ուրախանա, որ մարդը բնության, գեղեցկության մեջ է»,-ընդգծում է տնօրենը։
«Ես ծնվել եմ մի երկրում, որի հանդեպ սրբացած ճշմարտություն եմ կրում: Այստեղ եմ կրթվել, դաստիարակվել, այստեղ է ձևավորվել աշխարհընկալումս: Իմ Հայաստանն ամենաշատն եմ սիրում»,-ավելի վաղ նշել է Հրանտ Թադևոսյանը, որը կարծում է՝ կտավը պետք է ծնվի ինքնին. ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին։
