Հարցազրույց

COP17-ի Կանաչ գոտին հանրության լայն շրջանակին կներկայանա բազմաբովանդակ հարթակներով և միջոցառումներով

6 րոպեի ընթերցում

COP17-ի Կանաչ գոտին հանրության լայն շրջանակին կներկայանա բազմաբովանդակ հարթակներով և միջոցառումներով

Հայաստանը հոկտեմբերի 19-ից 30-ը հյուրընկալել է COP17 համաժողովը։ Քննարկման առանցքում աշխարհի կենսաբազմազանությանը վերաբերող հարցերն ու խնդիրներն են, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այս օրերին վերածվել է «Կանաչ գոտու», որը բաց է նաև հանրության լայն շրջանակի համար։

Կանաչ գոտում սպասվող իրադարձությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Կանաչ գոտու աշխատանքների կազմակերպման պատասխանատու Լիլիթ Միդոյանի հետ։

-Լիլիթ, կխնդրեմ մանրամասնել, թե ինչ կարող են Կանաչ գոտու տաղավարներում տեսնել այցելուները։

-Տարբեր ընկերությունների, կազմակերպությունների և պետական ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ տաղավարներում փորձել ենք ներկայացնել ինչպես Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը,  այնպես էլ բնապահպանական և կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր։

Այս պահին ունենք հարյուրից ավելի տաղավար, մանկական կրթական հատված, որտեղ ծնողները կարող են թողնել իրենց երեխաներին և ուսումնասիրել ամբողջ Կանաչ գոտին։ Այդ հատվածներում անցկացվում են բնապահպանական, զարգացնող խաղեր, ունենք սոցիոլոգ և հոգեբան, որոնք երեխաների հետ աշխատելու են։ Ունենք նաև գիտակրթական հատված, որտեղ ներկայացված է կենսաբազմազանության հարցերով համալսարանների կոալիցիան, մի քանի նորարարական ծրագրեր՝ իրենց պրոդուկտներով, որոնք մարդիկ կարող են ուսումնասիրել։ Այդ պրոդուկտներից է ջրերի ֆիլտրացման համակարգը։

Ունենք նաև մշակութային ծրագիր, երկու բեմ և երկու աշխատարան, որոնք ժամը 10։00-ից մինչև 20։00-ն ներկայանում են բազմազան օրակարգով։

-Խոսեցիք մանուկների հետ իրականացվող ծրագրերի մասին։ Ճի՞շտ եմ հասկանում, որ հենց երեխաներին նվիրված տաղավարների առկայությունը միտված է նրանց՝ բնության նկատմամբ հոգատարության պատասխանատվության բարձրացմանը։

-Այո։ Ինչպես ասացի տարբեր խաղեր ունենք՝ տարիքային տարբեր կատեգորիաների համար։ Խաղերը սովորեցնում են՝ ինչպես տեսակավորել աղբը։ Սևանի մասին խաղեր ունենք, նկարազարդումներ՝ Հայաստանի կենսաբազմազանության թեմատիկայով։ Փորձել ենք այնպես անել, որ վաղ հասակից երեխաները ճանաչեն կենսաբազմազանությունը։ Հայաստանը, լինելով փոքր երկիր Կովկասում, ունի կենսաբազմազանության 60 տոկոս կենտրոնացվածություն։

-Երբ շրջում էի  տաղավարներում, մի շարք ցուցահանդեսներ տեսա․ մշակութային տարրը ևս ընդգծված է։ Հե՞շտ էր համադրել կենսաբազմազանության թեման մշակույթի հետ։

-Թվում է, թե իրարից կտրված ոլորտներ են, բայց այդպես չէ։ Մեզ թվում է, թե բնությունը, կենսաբազմազանությունն առանձին բունկերում ապրող ոլորտներ են, բայց իրականում այդպես չէ։ Կենսաբազմազանությունն առկա է նաև մշակույթում։ Գորգագործության մեջ «Վիշապագորգ»-ը կամ այլ տեսակի գորգերն ուսումնասիրելիս կտեսնենք, թե որքան է այդ ոլորտում ևս ներկայացված Հայաստանի կենսաբազմազանությունը։ Ունենք Հայաստանը ներկայացնող մի քանի տաղավար։ Չմոռանանք նաև որդան կարմիրի մասին։ Մատենադարանում պահվում են բազմաթիվ գրքեր, որոնք որդան կարմիրով են գրվել։

 -Իսկ ի՞նչ քննարկումներ  են սպասվում այստեղ այս օրերին։

-Ցանկանում եմ Կանաչ գոտու գաղափարախոսությունից խոսել։  Այն հատուկ ստեղծված է որպես մի հատված, որտեղ քաղաքացիական հասարակությունը, լրագրողները, բոլոր հետաքրքրված անձիք ներկայացվածություն կունենան և կկարողանան բարձրաձայնել իրենց  խնդիրները քննարկումների, բեմահարթակում ոլորտի խոսնակների միջոցով և այլն։

Աշխատարանները, թեմաները շատ տարբեր են։ Օրակարգին հնարավոր է ծանոթանալ Կանաչ գոտու պաշտոնական կայքում։

-Հայաստանյան COP-ի աշխարհագրությունը լայն է․ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հյուրընկալեցինք, արդեն համաժողովներ են անցկացվել և դեռ ընթացքում են։ Գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք Կանաչ գոտու միջոցառումներին մասնակցելու համար են գրանցվել։ Նրանց շարքերում քիչ չեն օտարազգիները։ Կխնդրեմ նաև այդ հետաքրքրվածության մասին խոսել։ Իսկապե՞ս այդպես է։

-Իսկապես այդպես է։ Մի քիչ դժվար է Հայաստանում պատկերացնել նման մասշտաբի միջոցառման անցկացումը։ Անկախությունից հետո սա Հայաստանում անցկացվող ամենամեծ միջազգային միջոցառումն է։ Այս պահին Կանաչ գոտում ունենք 15 հազար գրանցում։ Դեռ չեմ խոսում Կապույտ գոտու մասին։ Կանաչ գոտում կլինեն նաև խոսնակներ, որոնք Կապույտ գոտում են ներկայացել։ Կապույտ գոտին փակ տարածք է, ուստի քաղհասարակության համար մեծ հնարավորություն է գալ այստեղ և շփվել միջազգային հանրության հետ։

-Որքանով տեղեկացված եմ Դուք նաև այլ երկրում եք COP համաժողովի մասնակցել։ Կա՞ որևէ բան, որը տեղայնացրել եք։

-Դուք ճիշտ եք․ Սաուդյան Արաբիայում մասնակցել եմ անապատացմանը նվիրված COP-ին։ Այնտեղ ևս Կանաչ գոտու կազմակերպիչն եմ եղել։ Այնտեղ ներկայացնում էի մի ընկերություն, որը տեխնիկական հարցերով էր զբաղվում։ Ունեցել եմ ընդամենը երեք ամիս՝ ամբողջ Կանաչ գոտին իրականություն դարձնելու համար։ Այդ փորձը շատ օգտակար եղավ Հայաստանում COP-ի Կանաչ գոտու կազմակերպման համար, քանի որ արդեն գիտեի, թե ինձ ինչ է սպասվում։ Փորձել եմ հնարավորինս տեղայնացնել միջազգային փորձը։

-Շնորհակալ եմ, Լիլիթ։ Եթե հավելելու բան կա, խնդրեմ։

-Կցանկանամ խոսել «Գործելով հանուն բնության» կարգախոսի մասին։ Կանաչ գոտին հենց այն տեղերից մեկն է, որտեղ հանրությունը կարող է գործել հանուն բնության՝ ցույց տալով իր ծրագրերը, հաղորդակցվելով միջազգային հանրության հետ, ներկայացնելով իր բոլոր լուծումները։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում