Կյանքի հետ անհամաձայնություն եմ ունեցել, անհասանելին հասանելի եմ դարձրել. Վահան Ավագյան
12 րոպեի ընթերցում

Երևանի կառուցապատման շուկայում աճող մրցակցությունը նոր պահանջներ է ձևավորում շինարարության որակի և ճարտարապետական լուծումների նկատմամբ։ Ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Կապիտալ Բիլդ»-ի հիմնադիր Վահան Ավագյանի հետ զրուցել ենք բիզնեսի ստեղծման, նրա՝ որպես գործարարի անցած ճանապարհի, ընկերության կայացման, իրականացրած նախագծերի և առաջիկա ծրագրերի մասին։
-Պարոն Ավագյան, որո՞նք են Ձեր մանկության ամենավառ հիշողությունները, և ինչպե՞ս է այդ շրջանը ձևավորել ապագա գործարար Վահան Ավագյանին։ Ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին։
-Շատ համառ ու ըմբոստ եմ եղել և մինչ օրս էլ այդպիսին եմ։ Երբեք չեմ համակերպվել եղածի հետ, չեմ բավարարվել ունեցածով և մշտական պայքարի մեջ եմ եղել իմ նպատակների ու ցանկությունների համար։
Ես ծնվել և մեծացել եմ Երևանում։ Մանկությանս բակերը Կոմիտասի պողոտայի բակերն են եղել։ Արմատներով մայրս արցախցի է, հայրս՝ Զոկերից։ Ծնողներս կրթության և ակադեմիական ոլորտից են, ու իրենց ամբողջ կյանքը նվիրել են իրենց գործին։ Գուցե, բնավորությանս ձևավորման վրա իր ազդեցությունն է ունեցել նաև ընտանեկան միջավայրը։
Հորս հետ մշտական պայքարի մեջ եմ եղել։ Նա շատ մեղմ բնավորություն ունի, հարմարվող է և միշտ բավարարվել է այն ամենով, ինչ ունեցել է, իսկ իմ մղումներն այլ էին․ ես միշտ ձգտում էի ավելիին։
Ի միջի այլոց, ըմբոստությամբ ու համառությամբ մորական տատիս եմ շատ նման։ Միշտ հիացել եմ նրանով, ես էլ նրա սիրելի թոռն էի։
Մանկությանս տարիներն իմ հիշողություններում մոխրագույն են, գորշ՝ գոյատևման ու պայքարի օրեր, ներքին անհամաձայնություններ։ Այդ տարիներին ոչինչ հեշտ չէր տրվում, և, գուցե, հենց այդ ժամանակ էլ իմ մեջ ձևավորվեց եղածը փոխելու, սահմաններն ընդլայնելու ձգտումը։
Հատկապես հիշում եմ՝ ընկերներով ձորի միջով գնում էինք նավթ բերում և վաճառում, իսկ վաստակածս գումարով տան համար սնունդ գնում, հացի հերթ էինք կանգնում։ Մեր փողոցում մի խանութ կար՝ «Պարտեզ», որտեղից այն ժամանակ ոչ բոլորն էին կարողանում գնումներ անել։ Միշտ միտքս էր՝ ես պետք է այդտեղից առևտուր անեմ։ Դա, թերևս, մանկական նպատակ-երազանք էր, որին պետք է հասնեի, և, իհարկե, հասա։ Մանկությունից կյանքի հետ անհամաձայնություն եմ ունեցել, անհասանելին հասանելի եմ դարձրել։
Բայց, չնայած այդ ծանր ու մութ տարիներին, մանկությունս միայն պայքարի ու դժվարությունների մասին չէ։ Ընկերության մասին է։ Հիշում եմ՝ վեց-յոթ հոգով տեղավորվում էինք ընկերոջս հայրիկի VAZ 21-ի մեջ, մեզ հետ վերցնում հացի կրպակի Ռուզանի տված հացն ու Արմանենց նկուղից բերած պահածոյացված շպրոտը ու վայելում, և երջանիկ էինք, անսահման երջանիկ։
Այդ ընկերներս էլ մինչ օրս կողքիս են։ Գուցե, շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց այդ հարաբերությունները մնացել են։ Մարդկային հարաբերություններից ավելի կարևոր բան ես չգիտեմ։
-Ինչպե՞ս շարունակվեց Ձեր ճանապարհը դպրոցից հետո։ Ո՞ր տարիքում հասկացաք՝ ինչով եք ուզում զբաղվել։ Արդյո՞ք հեշտ տրվեց Ձեզ, և ինչպե՞ս հասաք կառուցապատման ոլորտ։
-Դպրոցից հետո ընդունվեցի Հայաստանի ագրարային համալսարանի Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության բաժինը։ Հետո զորակոչվեցի բանակ, ծառայեցի Ռազմական ոստիկանությունում։ Ծառայությունից հետո մեկնեցի Մոսկվա՝ հորս մոտ։ Այդ շրջանն ինձ համար բեկումնային էր․ մի քանի ամիս այնտեղ ապրելուց հետո հասկացա, որ պետք է վերադառնամ ու իմ ճանապարհն այստեղ կառուցեմ։
Մանկուց միշտ պատասխանատվության զգացում եմ ունեցել ընտանիքիս հանդեպ։ Այնպես ստացվեց, որ բավականին երիտասարդ` ես իմ սեփական ընտանիքը կազմեցի։ Ի դեպ, կնոջս դեռ դպրոցից գիտեմ, դասընկերուհիս է եղել։ Հիշում եմ՝ 21-22 տարեկան էինք, երբ տեղափոխվեցինք վարձով ապրելու։ Բնակարանի առաջին ամսվա վարձը հայրս վճարեց։ Մտածում էի՝ ամեն գնով պետք է հաջորդ ամսվանից արդեն ինքս վճարեմ։ Հենց այդ անհանգիստ բնավորությանս շնորհիվ էլ հայտնվեցի այս ճանապարհին։
Մինչ այդ տարբեր աշխատանքներով էի զբաղվել, այդ թվում՝ շինարարության ոլորտում։ Զբաղվել եմ նաև բեռնափոխադրումներով և ռեստորանային բիզնեսով։
Իմ ճանապարհը սահուն չի եղել։ Կառուցապատման ոլորտում առաջին քայլս արել եմ սկզբում որպես ներդրող՝ Դավիթաշենում վեցհարկանի շենքերի կառուցման ծրագրում։ Որոշ ժամանակ անց ընկերներիցս մեկը պատահաբար խոսեց մեր բակի մի տարածքի մասին, որն ուներ շենք կառուցելու հրաշալի նախադրյալներ։ Դա մարտահրավերի նման էր, որն, իհարկե, ընդունեցի։
Հենց այսպես էլ մեկնարկեցի «Կապիտալ Բիլդ»-ի գործունեությունը՝ մեր առաջին նախագծով՝ Կոմիտաս 19/1 բնակելի շենքով, որը շարունակում է ամենասիրելին մնալ ինձ համար։ Որպես կոմիտասցի՝ պետք է խոստովանեմ․ ինձ համար առանձնահատուկ են նաև մեր Արամ Խաչատրյան 3 և Կոմիտաս 59 նախագծերը։

«Կապիտալ Բիլդ»-ը հիմնադրվել է 2018 թվականին՝ Հայաստանի համար փոփոխություններով և անորոշություններով լի ժամանակաշրջանում։ Դրան հաջորդեցին համավարակն ու պատերազմը, որոնք լուրջ մարտահրավերներ էին նաև գործարար միջավայրի համար։
Կարելի է ասել՝ մենք մեր գործունեությունը սկսել և զարգացրել ենք ճգնաժամերի պայմաններում։ Բայց ես միշտ ցանկացած՝ նույնիսկ ամենաբարդ որոշումն ընդունելիս շատ արագ եմ կողմնորոշվել։ Հանուն նպատակի իրականացման պատրաստ եմ ցանկացած ռիսկի։ Ռիսկերն, իհարկե, գնահատում եմ, բայց հստակ գիտակցում եմ, որ ամեն բան մարդու ձեռքերում է։ Ասածս չի վերաբերում մարդկային արժեքներին ու փոխհարաբերություններին․ ինձ համար դրանք վեր են ամեն ինչից։
Ես ձախողելու իրավունք ու հնարավորություն չունեմ։ Ինձ վրա չափազանց մեծ պատասխանատվություն կա՝ թե՛ ընտանիքի, թե՛ աշխատանքի առումով։ Ու չկա մեկ ուրիշը, ով կարող է իմ փոխարեն անել դա։ Քար էլ լինի դիմացս, պայքարելով առաջ եմ գնում, որովհետև այլ ճանապարհ չկա։
Երեք որդի ունեմ, որոնց համար պետք է օրինակ լինեմ։ Որքան էլ նրանց կյանքը թեթևացնեմ, նրանք պետք է սովորեն նաև դժվարություններ հաղթահարել, որպեսզի կյանքին բախվելիս հետքայլ չանեն։

-Հայաստանի կառուցապատման շուկայում մրցակցությունը բավականին բարձր է։ Ինչո՞վ է «Կապիտալ Բիլդ»-ն առանձնանում։
-«Կապիտալ Բիլդ»-ը ստեղծելիս իմ նպատակը միայն շենքեր կառուցելը կամ բնակարաններ վաճառելը չի եղել։ Ես կառուցապատումը միշտ դիտարկել եմ ավելի լայն՝ որպես մարդկանց կյանքի որակը բարելավելու և քաղաքի զարգացմանը նպաստելու հնարավորություն։
Մեզ հաճախ ասում են, որ մենք ունիվերսալ կառուցապատող ենք։ Կարծում եմ՝ դա բավականին դիպուկ է բնորոշում մեր բիզնեսի փիլիսոփայությունը։ Մենք չենք սահմանափակվում մեկ տեսակի կամ մեկ գնային սեգմենտի նախագծերով։ Մեզ համար կարևոր է, որ «Կապիտալ Բիլդ»-ի առաջարկները հասանելի լինեն տարբեր հնարավորություններ ու նախասիրություններ ունեցող մարդկանց։ Մենք ձգտում ենք ունենալ բազմազան նախագծեր և ճկուն գնային առաջարկներ, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր հնարավորություններին ու կարիքներին համապատասխան բնակարանը։

Անցած ճանապարհը մարդու վրա անդառնալի հետք է թողնում՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Կարծում եմ՝ մարդու ապրածը ձևավորում է նրա բիզնես մտածողությունը։ Այն, ինչ ժամանակին ինքս չեմ ունեցել, այսօր փորձում եմ ստեղծել ուրիշների համար։ Իմ յուրաքանչյուր նախագիծ նախ և առաջ իմ մասին է։ Ես ուզում եմ մարդկանց ավելի լավ ապրելու հնարավորություն տալ, ուզում եմ՝ դուրս գանք մոխրագույն ու մութ մուտքերից: Ինձ համար կարևոր է, որ մեր կառուցածը մարդկանց ոչ միայն բնակարանով ապահովի, այլև նրանց առօրյան դարձնի ավելի բարեկեցիկ։

Մեր գործունեության հիմքում գլխավորը որակն է։ Մեր համալիրները կառուցվում են ինժեներական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան, քանի որ ընկերության համար առանցքային սզբունքը շինությունների բարձր սեյսմակայունությունն է: Մեզ համար կարևոր է ստեղծել որակյալ, ապահով և հարմարավետ միջավայր ու երկարաժամկետ արժեք թե՛ բնակիչների, թե՛ ներդրողների համար։
Ի վերջո, ես վստահ եմ, որ կառուցապատողի հաջողությունը պետք է չափվի ոչ միայն իրականացված նախագծերի ծավալով կամ ֆինանսական ցուցանիշներով, այլև այն արժեքով, որը ստեղծվում է մարդկանց և քաղաքի համար։
Ես շատ եմ սիրում իմ Երևանը, իմ Հայաստանը։ Նույնիսկ հանգստի չեմ մեկնում, որովհետև վստահ եմ՝ ավելի լավ տեղ չեմ գտնի։ Աշխարհն էլ փուլ գա, ես իմ բնակության վայրը չեմ լքի։
-«Կապիտալ Բիլդ»-ը սեփական նախագծերից բացի նաև գործընկերների համար է կառուցապատում։ Կպատմե՞ք այս ուղղության մասին։
-Այս ուղղությունը մեր ընկերությունների խմբի կազմում գործող «Շինվեկտոր» շինարարական ընկերությունն է իրականացնում։
Մենք ունենք շատ փորձառու թիմ ու մասնագետներ, մեր ունիվերսալությունը նաև այստեղ է. մենք կարողանում ենք իրականացնել տարբեր մասշտաբների, նշանակության և բարդության նախագծեր՝ պահպանելով որակի, անվտանգության և պատասխանատվության նույն բարձր չափանիշները։
Համագործակցում ենք ինչպես կառուցապատողների, այնպես Էլ ՀՀ կառավարության հետ։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շինարարական ընկերություններից մեկն ենք։ Համագործակցում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ։
-Կպատմե՞ք ընթացիկ և առաջիկա նախագծերի մասին։ Ինչպիսի՞ն եք տեսնում «Կապիտալ Բիլդ»-ի զարգացումը առաջիկա տարիներին։
-Այս պահին մեր ընթացիկ նախագծերի թվում է «Արշակունյաց Ռեզիդենս» պրեմիում դասի համալիրը, որն իր կոնցեպտով ու ճարտարապետությամբ բավականին տարբերվող է։ Շատ մեծ հետաքրքրություն ունեցանք այս նախագծի հանդեպ, ու այս պահին արդեն բնակարանների 70%-ը վաճառված է։ Մյուս մեծ նախագիծը «Մալիբու Պարկ» լյուքս դասի բազմաֆունկցիոնալ համալիրն է։

Թեև այսօր արդեն նախագծեր ունենք նաև մայրաքաղաքից դուրս՝ մարզերում՝ Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր 2/10» նախագիծը, սակայն մեր գործունեության հիմնական աշխարհագրությունը դեռևս Երևանն է։ Առաջիկայում մենք նպատակ ունենք աստիճանաբար ընդլայնելու մեր գործունեությունը Հայաստանի տարբեր մարզերում։
Մենք շարունակում ենք ներդրումները։ Մի շարք հետաքրքիր գաղափարներ արդեն քննարկման փուլում են, սակայն դրանց մասին կնախընտրեմ խոսել ավելի ուշ։

Մեր երկարաժամկետ ռազմավարական նպատակն է դառնալ Հայաստանի ամբողջ տարածքում ներկայացված կառուցապատող։ Ժամանակակից և որակյալ կառուցապատումը չպետք է կենտրոնանա միայն մայրաքաղաքում։ Մարզերում ևս պետք է ստեղծվեն նոր և որակյալ բնակելի, գործարար և հանրային միջավայրեր, որոնք կնպաստեն համայնքների տնտեսական ակտիվությանը, ներդրումային գրավչության բարձրացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը։