Հարցազրույց

Հայաստանն ապահովել է պատշաճ պայմաններ և նպաստել COP17-ի հաջող անցկացմանը. Իբրահիմա Շեյխ Դիոնգ

10 րոպեի ընթերցում

Հայաստանն ապահովել է պատշաճ պայմաններ և նպաստել COP17-ի հաջող անցկացմանը. Իբրահիմա Շեյխ Դիոնգ

COP17 համաժողովի մասնակից, Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգը կարծում է, որ Հայաստանի պարագայում խոսքը տարբեր էկոհամակարգեր ունեցող երկրի մասին է, ուստի հիմնադրամը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում՝ հասկանալու տեղում առկա իրավիճակն ու այն մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը։

Ստորև ներկայացնում ենք Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հարցազրույցը «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության թղթակիցներին։

-Ձեր ղեկավարած հիմնադրամի մանդատն ինչպե՞ս է փոխկապակցված Կենսաբազմազանության կոնվենցիայի նպատակների հետ և համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։ 

-Նախ և առաջ, թույլ տվեք օգտվել առիթից և շնորհավորել Հայաստանին COP17-ը հաջողությամբ հյուրընկալելու կապակցությամբ։ Սա շատ բան է վկայում երկրի ղեկավարության մասին, որն ապահովել է պատշաճ պայմաններ և նպաստել COP-ի հաջող անցկացմանը։ Այս COP-ի շրջանակում ինձ հատկապես հետաքրքրում է կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխություններով պայմանավորված կորուստների ու վնասների հաղթահարման միջև կապը։ Ակնհայտ է, որ այդ կապն առկա է։ Օրինակ, երբ աշխարհի տարբեր հատվածներում ոչնչանում են կորալային խութերը, դա, անշուշտ, ազդում է ձկնորսների և այն համայնքների վրա, որոնք գոյատևում են այդ ռեսուրսների շնորհիվ։ Նույնը վերաբերում է ջրհեղեղներին, ինչպես վերջերս տեղի ունեցավ Նեպալում։ Դրանք միշտ ազդեցություն են ունենում թե՛ էկոհամակարգի, թե՛ մարդկանց վրա։

Ուստի, այստեղ գալով, ես այն գիտակցումն ունեմ, որ կլիմայի փոփոխության հետ կապված ամբողջ էկոհամակարգը փոխկապակցված է։ Եվ, ի վերջո, պետք է հասկանալ, որ ցանկացած մարտահրավեր, որ ի հայտ է գալիս, ազդում է համայնքների, հատկապես՝ առավել խոցելի համայնքների վրա։ Այդ իսկ պատճառով՝ մեր ներկայությունն այստեղ վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք միավորել ջանքերը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում գործող կողմերի հետ՝ ապահովելու առավել խոցելի երկրների պաշտպանվածությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ մեր ներկայությունն այստեղ չափազանց կարևոր է։

-Հայաստանը լեռնային երկիր է և հաճախ է բախվում բնապահպանական, կլիմայական խնդիրների։ Ինչպե՞ս է հիմնադրամը նման երկրներին աջակցում այդ խնդիրները հաղթահարելու գործում։  

-Հայաստանը ներկայացված է Հիմնադրամի խորհրդում։ Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն օգնելու մեզ հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը, այլև, ինչն ավելի կարևոր է, մաս կազմել մեր ղեկավար կազմին՝ խորհրդում որոշումներ կայացնելիս։ Մենք խորապես երախտապարտ ենք, որ Հայաստանն ընդգրկված է մեր խորհրդում։ Եվ հենց այդ պատճառով էլ ցանկանում ենք ցուցադրել այն դերը, որը դուք խաղում եք խորհրդում։ Այս պահին Հայաստանը ֆինանսավորման հայտ է ներկայացրել՝ կապված մեր այն նախաձեռնության հետ, որը մեկնարկել ենք COP-30-ի շրջանակում և որն ուղղված է վաղ փուլում միջամտությանը։ Եվ այդ հայտը դեռևս ընթացքի մեջ է։ Մենք ուսումնասիրում ենք այն և արդեն արձագանքել ենք Կառավարությանը՝ հույս ունենալով, որ խորհրդի հաջորդ նիստում որոշում կկայացվի ոչ միայն Հայաստանի, այլև 119 երկրներից ստացված 176 հայտերի վերաբերյալ։ Մեր խորհուրդը մեծ ցանկություն ունի սկսելու գործնական աջակցություն ցուցաբերել երկրներին՝ ցույց տալու համար, որ մեր մանդատն իսկապես գործում է, ուստի, մենք շնորհակալ ենք, որ Հայաստանը մոբիլիզացվել է և ներկայացրել է այդ հայտը։

Մեր գործունեության շրջանակում կան երկրներ, որոնք չափազանց խոցելի են։ Հայաստանի պարագայում խոսքը տարբեր էկոհամակարգեր ունեցող երկրի մասին է։ Որպես հիմնադրամ՝ մենք, ըստ էության, ուշադրության կենտրոնում ենք պահում առավել խոցելի պետությունները։ Միշտ ձգտում ենք ավելի խորը պատկերացում կազմել աշխարհի տարբեր հատվածներում տիրող իրականության մասին։ Հայաստանը նույնպես այն երկրներից է, որի պարագայում մենք մեծ հետաքրքրություն ունենք՝ հասկանալու տեղում առկա իրավիճակն ու այն մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը։

-Ձեր ղեկավարած հիմնադրամը բավականին հայտնի է՝ իրականացնելով մեծամասշտաբ ծրագրեր։ Ի՞նչ ճանապարհ եք անցել վերջին տարիներին և ի՞նչ ձեռքբերումներ ունեք։  

-Մեր հիմնադրամի ստեղծման գործընթացը տևել է 30 տարի։ Այլ կերպ ասած՝ բազմաթիվ երկրներ, շահառուներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հանդես էին գալիս կորուստներին ու վնասներին նվիրված հիմնադրամ ստեղծելու կոչով։ Ուստի, այն փաստը, որ մենք այժմ ունենք այս հիմնադրամը, իմ կարծիքով, վկայում է գլոբալ համերաշխության ուժի մասին՝ ի պատասխան կլիմայական համաշխարհային ճգնաժամի։ Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է չափազանց երախտապարտ լինենք, որ մեզ հաջողվեց ստեղծել կորուստներին ու վնասներին նվիրված հիմնադրամ։ Երեք տարի առաջ Դուբայում կայացած COP28-ի ժամանակ որոշում ընդունվեց հնարավորինս արագ գործարկել հիմնադրամը։ Այդ ժամանակվանից ի վեր՝ բազմաթիվ կարևոր հանգրվաններ են հաղթահարվել՝ սկսած հիմնադրամի կառավարման համակարգի ձևավորումից։ Այժմ մենք ունենք լիարժեք գործող խորհուրդ, որը լիազորված է որոշումներ կայացնել։

Խորհրդի քարտուղարության գործունեության կազմակերպումն արդեն մեկնարկել է։ Համաշխարհային բանկն ապահովում է հյուրընկալող հարթակը, իսկ Ֆիլիպինները հանդես է գալիս որպես խորհրդի հյուրընկալող երկիր։ Երկրների կողմից խոստացված 820 միլիոն դոլարը վերածվել է իրական ֆինանսավորման։ Քարտուղարությունը, որը ղեկավարելու պատիվն ունեմ, արդեն գործում է՝ աջակցություն ցուցաբերելով խորհրդին։

Այս պահին մեր գլխավոր առաջնահերթությունը գործնական արդյունքների ապահովումն է՝ կոնկրետ գործողություններն ու դրանց իրականացումը։ Մենք պետք է ցույց տանք, որ մեր մանդատը գործուն է և արդիական։ Այժմ մենք սպասում ենք խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք հաջորդ նիստին, որի ընթացքում կորոշվի, թե որ երկրին աջակցություն տրամադրել։ Սա հնարավորություն կտա ցույց տալ, որ մենք ակտիվորեն գործում ենք։ Հիմնադրամում մենք ամեն օր մտածում ենք հենց այդ մասին՝ ինչպես ապահովել կոնկրետ արդյունքներ և օգուտներ այն երկրների համար, որոնց հետ աշխատում ենք։

-Ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալու է ևս մեկ կարևոր իրադարձություն։ Ի՞նչ սպասելիքներ ունեք COP 31 համաժողովից։  

-COP 31-ի նախագահությունը (խմբ. COP31-ը կայանալու է Թուրքիայի Անթալիա քաղաքում) այն ներկայացնում է որպես իրականացման և գործնական կատարման համաժողով։ Այլ կերպ ասած՝ եթե նախորդ համաժողովներում հիմնականում ստանձնվում էին պարտավորություններ՝ կապված ֆինանսավորման կամ տարբեր նախաձեռնությունների հետ, ապա այժմ մենք հասել ենք մի փուլի, երբ բոլորը գնում են COP 31-ին՝ նպատակ ունենալով կենտրոնանալ հստակ արդյունքների ապահովման և գործնական իրականացման վրա։ Սա լիովին համահունչ է մեր հիմնադրամի ներկայիս գործունեությանը, որը, ինչպես ավելի վաղ նշեցի, ուղղված է հենց երկրների համար կոնկրետ արդյունքներ ապահովելուն։ Ուստի չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ցույց տալ գործնական արդյունքներ տեղերում։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ ֆինանսավորման պահանջարկը հասնում է միլիարդների։ Ուստի, մենք պետք է էապես արագացնենք ռեսուրսների մոբիլիզացումը՝ հասնելու համար զգալի կապիտալով համալրված ֆոնդերի, որպեսզի կարողանանք իրապես բավարարել երկրների պահանջարկը։

Հնարավոր է՝ նախկինում էլ եք լսել ինձնից. խոսքը միայն միլիարդավոր դոլարների հասանելիության մասին չէ, այլ այն մասին, որ այդ միջոցները պետք է իրապես հասանելի լինեն երկրներին։ Ուստի, մենք պետք է պարզեցնենք ընթացակարգերը և դրանք դարձնենք այնքան ճկուն, որ երկրները կարողանան կենտրոնանալ իրենց անհրաժեշտ ռեսուրսները ստանալու վրա՝ արդյունքում ապահովելով գործնական արդյունքներ։

Այդ իսկ պատճառով COP 31-ը կարևոր հարթակ է՝ ցույց տալու իրականացման ընթացքը, պարզեցնելու գործընթացները, ինչպես նաև խթանելու տարբեր հիմնադրամների միջև փոխլրացումը։ Սա թույլ կտա միավորել ջանքերը՝ համատեղ արձագանքելու կորուստներին ու վնասներին, ինչպես նաև դրսևորելու այն գլոբալ համերաշխությունը, որի շնորհիվ հասել ենք այսօրվա հանգրվանին։ Հենց այդ նույն գլոբալ համերաշխության վրա կարող ենք հենվել՝ երկրներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու և ոչ ոքի անուշադրության չմատնելու համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում