Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին
34 րոպեի ընթերցում

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համար մեր երկրի կենսաբազմազանությունը ճանաչելու լավագույն տարբերակներից մեկը բնության մեջ գտնվելն է։ Հայաստանում իր առաքելությունը սկսելով 2024 թվականին՝ նա հասցրել է բարձրանալ լեռներ, լողալ Սևանա լճում, ուսումնասիրել անտառները՝ բացահայտելով բնապատկերներ, որոնք, նրա խոսքով, վկայում են էկոհամակարգերի բացառիկ բազմազանության մասին։
Սակայն Հայաստանի յուրահատուկ բնությունը բացահայտելուն զուգընթաց Ժակոբը հստակորեն նկատել է, թե որքան փխրուն է մեր երկրի բնական հարստությունը։ Ջրի սակավությունը, կլիմայական փոփոխությունները, անտառային հրդեհները, արագ զարգացող զբոսաշրջությունն ու ուրբանիզացիան տարեցտարի ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում Հայաստանի էկոհամակարգերի վրա։
Այսօր, երբ Երևանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը, Ժակոբը համաժողովը կարևոր առիթ է համարում՝ կրկին ուշադրություն հրավիրելու մի հարցի վրա, որն անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի միջազգային օրակարգի մաս է կազմում։ Նա հիշեցնում է, որ 1992 թվականին՝ անկախացումից ընդամենը վեց ամիս անց, Հայաստանը մասնակցեց Ռիոյի գագաթնաժողովին (Rio Earth Summit)։ Դա անկախ Հայաստանի մասնակցած առաջին միջազգային գագաթնաժողովներից էր, ու, փաստորեն, երկրի առաջին միջազգային հանձնառություններից մեկը վերաբերում էր հենց շրջակա միջավայրի պահպանությանը։
Գրեթե 35 տարի անց Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության ոլորտի աշխարհի ամենակարևոր համաժողովը։ Ժակոբի խոսքով՝ COP17-ը չպետք է դիտարկել որպես միջոցառում, որը սահմանափակվում է միայն բանակցությունների համար նախատեսված սենյակներում քննարկումներ անցկացնելով։ Կենսաբազմազանությունը սերտորեն կապված է գյուղատնտեսության, ջրի, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսական զարգացման հետ, իսկ դրա պահպանությունը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի համոզմամբ, կառավարության, գործարար շրջանակների, համայնքների և անհատների համատեղ պատասխանատվությունն է։
Համաժողովից առաջ Ժակոբը «Արմենպրես»-ի հետ զրուցել է այն մասին, թե ինչն է Հայաստանը դարձնում կենսաբազմազանության խաչմերուկ, դրան սպառնացող ինչպիսի վտանգներն են ամենաարագն աճում, և ինչ ակնկալիքներ ունի Երևանում անցկացվելիք համաժողովից։
- Երբ 2024 թվականին եկաք Հայաստան, ի՞նչն էր հայկական բնապատկերներից, որ ամենաշատը տպավորեց ձեզ։
- Հետաքրքիր հարց է։ Երբ եկա Հայաստան, վազելու տեղ էի փնտրում, որովհետև ամեն օր մարզվելու կարիք ունեմ։ Կարդացել էի Կասկադի մասին։ Մտածեցի՝ լավ, ուրեմն գնամ Կասկադ։ Այստեղ գտնվելուս երրորդ առավոտյան Կասկադով բարձրացա վերև։ Քայլում էի ու մտածում՝ Աստված իմ, այստեղ ուղիղ 552 աստիճան կա։ Երբ արդեն վերևում էի, հետ իջնելու համար թեքվեցի աջ ու հանկարծ հայտնվեցի Արարատի դիմաց։ Մինչ այդ այն չէի տեսել․ Հայաստան հասել էի կեսգիշերին, իսկ առաջին երկու օրերն անցկացրել էի քաղաքի կենտրոնում։ Տպավորիչ էր առաջին անգամ Արարատը տեսնելը։

Առաջին հանգստյան օրերին գործընկերներիցս մի քանիսի հետ գնացինք արշավի՝ Նորավանք։ Այնտեղ առաջին անգամ բնական միջավայրի մեջ տեսա հնագույն վանքերը։ Սա երկրորդ տպավորիչ բանն էր ինձ համար։
Երրորդը տրիաթլոնի ակումբի անդամների հետ ծանոթությունից հետո էր, ընդ որում, այն ինչ պատմում եմ, տեղի է ունեցել առաջին երկու շաբաթվա ընթացքում։ Միասին գնացինք լողալու Ազատի ջրամբարում, հետո եղա Սևանում և Հայաստանի տարբեր վայրերում։ Եվ հասկացա, որ այստեղ բնությունը միավորում է շատ տարբեր աշխարհներ ՝ ջուր, լեռներ, ավանդույթներ ու մշակույթ։
Ամենաշատը հենց սա եմ հիշում Հայաստանում անցկացրածս առաջին երկու շաբաթներից։
- Բայց արդեն գրեթե երեք տարի է՝ Հայաստանում եք։ Եթե առանձնացնելու լինեք մեկ վայր, որն ամենաշատն եք սիրում Հայաստանում, դա ո՞րը կլինի։
- Սևանա լիճը։ Հատկապես սիրում եմ գնալ լճի արևելյան ափ։ Քայլարշավների եմ գնում, հեծանիվ եմ քշում, լողում եմ։ Ես առհասարակ շատ եմ սիրում սպորտն ու բացօթյա ակտիվ կենսակերպը։
Ամեն ամառ Սևանում տարբեր մրցումներ են անցկացվում։ Օրինակ՝ «Savage of Sevan» տրիաթլոնը։ Ինքս մասնակցում եմ տրիաթլոնի միայն լողի հատվածին։ Այս ամառ մի բավական էքստրեմալ մրցում կար․ լողի ընթացքում պետք էր թերակղզուց հասնել լճի մյուս ափ։ Վեց կիլոմետր էր, և ես մասնակցեցի։ Սևանը հաստատ իմ ամենասիրելի վայրն է։
Իհարկե, երկրի հարավում էլ կան շատ գեղեցիկ վայրեր։
Բարձրացել եմ նաև Արագածի հյուսիսային գագաթը։ Եվ պետք է ասեմ՝ երբ Արագածի ստորոտում ես կանգնած, այն իսկապես չափազանց տպավորիչ է։
- Եթե Երևանում կայանալիք COP17-ի համաժողովից առաջ հնարավորություն ունենայիք որևէ օտարերկրյա պատվիրակի Հայաստանով մեկ մի որևէ վայր ուղեկցելու, ո՞ւր կտանեիք և ինչո՞ւ։
- Սևանա լիճ։ Այն իսկապես շատ յուրահատուկ մի վայր է։ Հսկայական է, գտնվում է ավելի քան 2000 մետր բարձրության վրա։ Սա փոքրիկ ալպյան լիճ չէ, շրջապատված է բարձր լեռներով։
Այնտեղ նաև բնական արգելոց կա՝ ճայերով և բազմաթիվ այլ թռչուններով։ Եթե քայլարշավ իրականացնեք Սևանի արևելյան հատվածով, կարող եք հանդիպել շատ հետաքրքիր ծառատեսակների։ Այնտեղ կենսաբազմազանությունն իսկապես մեծ է։ Նաև այնքան բազմազան ծաղիկներ կան։
Այնպես որ Սևանը միաժամանակ և՛ անչափ գեղեցիկ է, և՛ յուրահատուկ։ Այն ունի տարբեր էկոհամակարգեր։

- Քանի որ առաջիկայում Երևանը հյուրընկալելու է COP17-ը, ինչպե՞ս կբացատրեիք մարդու, ով գաղափար չունի COP-ի մասին, թե ինչ է սպասվում այս համաժողովին։ Ի՞նչ ակնկալել երկու շաբաթ տևող բանակցություններից ու քննարկումներից։
- 1992 թվականին տեղի ունեցավ շրջակա միջավայրի հարցով համաշխարհային նշանակություն ունեցող Ռիոյի գագաթնաժողովը։ Շատ հայեր գուցե չգիտեն, որ դա անկախ Հայաստանի մասնակցած առաջին միջազգային գագաթնաժողովն էր։ Անկախացումից ընդամենը վեց ամիս անց Հայաստանը մասնակցեց այդ գագաթնաժողովին, և, փաստորեն, երկրի առաջին միջազգային հանձնառությունը վերաբերում էր հենց շրջակա միջավայրին։
Այդ գագաթնաժողովի արդյունքում ձևավորվեցին ու հետագայում ընդունվեցին երեք խոշոր կոնվենցիաներ, որոնք առնչվում են կլիմայի, կենսաբազմազանության և անապատացման ոլորտներին։ Սա ցույց է տալիս, որ դեռևս 1990-ականներին մենք խոսում էինք կլիմայի փոփոխության մասին։ Թեպետ իրականում ՄԱԿ-ը կլիմայի փոփոխության մասին սկսել էր խոսել դեռևս 1960-70-ականներին։
Հայաստանը ստորագրեց, այնուհետև վավերացրեց այդ կոնվենցիան, իսկ Ռիոյի գագաթնաժողովում որոշվեց, որ յուրաքանչյուր կոնվենցիա պետք է ունենա Կողմերի համաժողով՝ հարթակ, որտեղ բոլոր երկրները պարբերաբար կհանդիպեն և կքննարկեն, թե ինչ պետք է անել կլիմայի, կենսաբազմազանության և անապատացման ոլորտներում՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակներում։
Հենց սա էլ կոչվում է COP՝ Կողմերի համաժողով։ Իսկ Հայաստանում կայանալիք միջոցառումը COP17 է կոչվում, որովհետև սա կողմերի 17-րդ համաժողովն է։ Այն անցկացվում է երկու տարին մեկ։ Այսինքն՝ լինում են բանակցություններ, և յուրաքանչյուր երկու տարին մեկ քննարկվում են նոր թեմաներ, ինչպես նաև գնահատվում է մինչ այդ գրանցված առաջընթացը։
Այս տարի հյուրընկալող երկիրը Հայաստանն է, և սա շատ կարևոր է։ Այստեղ կգան պատվիրակություններ աշխարհի երկրների մեծ մասից, այդ թվում՝ այն երկրներից, որոնք բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած։ Ժամանող պատվիրակությունների մի մասը կարող է բաղկացած լինել 10 հոգուց, մյուս մասը՝ մինչև 200 հոգուց։ Նրանք կբանակցեն տարբեր թեմաների շուրջ։
Գոյություն ունի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակ՝ մի շարք նախանշված թիրախներով, և այս տարի երկրները պետք է ներկայացնեն, թե ինչ առաջընթաց են գրանցել այդ շրջանակի իրականացման ուղղությամբ։ Սա շատ կարևոր է։ Յուրաքանչյուրը պետք է ցույց տա, թե ինչ է արել։ Սա առաջին կարևոր ուղղությունն է։
Բացի դրանից, կարող են քննարկվել նաև այլ թեմաներ։ Օրինակ՝ այսօր կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես ֆինանսավորել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները։
Հայաստանի համար ևս մեկ կարևոր թեմա կլինի այս գլոբալ շրջանակային համաձայնագրի պարտավորություններից մեկի՝ «30 մինչև 2030 թվականը» նախաձեռնության իրականացումը։ Այստեղ Խոսքը մինչև 2030 թվականը աշխարհի ցամաքային և ջրային տարածքների 30 տոկոսը պահպանության տակ վերցնելու մասին է։
Հայաստանը որոշել է այս թիրախը դարձնել իր առաջնահերթ նախաձեռնություններից մեկը։ Այսինքն՝ երկիրը ստանձնել է այդ պարտավորությունը, և մենք կքննարկենք այն իրականացնելու տարբեր ուղիները։ Դա կարող է իրականացվել ազգային պարկերի միջոցով, բայց կան նաև տարածքների պահպանության այլ տարբերակներ։ Օրինակ՝ որոշ տարածքներ կարող են պահպանության տակ առնվել դրանք օգտագործող համայնքների կողմից՝ այդ տարածքների շատ սահմանափակ և խնայողաբար օգտագործման պայմանով։
Մեկ այլ թեմա կլինեն լեռնային էկոհամակարգերը։ Կարծում եմ՝ բավական մեծ ուշադրություն կդարձվի նաև նոր տեխնոլոգիաներին՝ թե՛ դրանց հնարավոր բացասական ազդեցության համատեքստում, թե՛ այդ նոր տեխնոլոգիաներն ի օգուտ կենսաբազմազանության պահպանության օգտագործելու տեսանկյունից։
Օրինակ՝ մենք սովորաբար կենտրոնանում ենք բացասական կողմի վրա։ Բայց եկեք վերցնենք անտառային հրդեհները։ Մինչև վերջերս Ֆրանսիայի և Կանադայի նման երկրները անտառների տարբեր հատվածներում մարդիկ են նշանակել՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Իսկ հիմա մենք կարող ենք օգտագործել դրոններ։ Կարելի է ստեղծել դրոնների ցանց, որոնք անընդհատ կթռչեն անտառների վրայով և անմիջապես կարձանագրեն ծխի առկայությունը։ Սա միայն մեկ օրինակ է։
Դրոնները կարող են նաև հետևել վայրի կենդանիների տեղաշարժին։ Կովկասյան ընձառյուծին գտնելը շատ դժվար է, բայց գուցե դրոնների օգնությամբ, օրինակ՝ GPS սարքով տեղաշարժվող ընձառյուծին հետևելով, մենք կարողանանք ավելի շատ տեղեկություն ստանալ կենդանու մասին։
Վերադառնալով COP-ին՝ այնտեղ երկու հիմնական գոտի է լինելու։ Մեկը Կապույտ գոտին է, մյուսը՝ Կանաչ գոտին։ Կապույտ գոտում են տեղի ունենալու բոլոր պաշտոնական բանակցությունները։ Երկու շաբաթ շարունակ տարբեր թեմաների շուրջ բանակցություններ կընթանան, որոնց արդյունքում պետք է ընդունվի վերջնական հռչակագիր։ Համաժողովի ավարտին տեղի կունենա նախարարական բարձր մակարդակի հանդիպում, որտեղ երկրները կփորձեն ընդհանուր հայտարարի գալ։ Կարող են լինել համաձայնություններ և տարաձայնություններ, բայց ի վերջո պետք է փոխզիջման հասնել։ Այստեղ հիմնականում լինելու են մասնագետներ՝ պետական պատվիրակություններ, ՄԱԿ-ը, ինչպես նաև խոշոր հասարակական կազմակերպություններ, օրինակ՝ Բնության պահպանության միջազգային միությունը, Բնության համաշխարհային հիմնադրամը և շատ ուրիշներ։
Կլինեն նաև բազմաթիվ զուգահեռ միջոցառումներ։ Բայց լայն հանրության համար, կարծում եմ, ամենահետաքրքիրը տեղի է ունենալու Կանաչ գոտում, որը կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում և բաց կլինի բոլորի համար։ Այնտեղ բազմաթիվ ցուցահանդեսներ կլինեն։
Մենք շատ ենք ուզում, որ երեխաները գան, որ բոլորը գան և պարզապես տեսնեն ու հասկանան, թե ինչու է այս ամենն այդքան կարևոր։ Որովհետև, իրականում, մարդիկ դեռևս լիովին չեն գիտակցում, թե ինչու է կենսաբազմազանությունն այդքան կարևոր։

- Իսկ ինչո՞ւ է պետք համարել, որ կենսաբազմազանության պահպանությունը ոչ միայն պետության, այլև համայնքների, գործարար շրջանակների և յուրաքանչյուր անհատի ընդհանուր պատասխանատվությունն է։
- Աշխարհում շատերը, այդ թվում՝ իմ երկրում՝ Ֆրանսիայում, կենսաբազմազանություն ասելով պատկերացնում են կովկասյան ընձառյուծին, արջին, մեղուներին։ Եվ մտածում են՝ լավ, սա գեղեցիկ անտառ է, գեղեցիկ բնություն է, բայց իրականում այդքան էլ կարևոր չէ։
Եկեք վերցնենք, օրինակ, գյուղատնտեսությունը։ Ի դեպ, այն կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից մեկն է. դրան բաժին է ընկնում կենսաբազմազանության կորուստների մոտ 50 տոկոսը։ Պատճառները բազմաթիվ են՝ քիմիական նյութերի լայն կիրառում, անտառահատումներ, այրումներ և այլն։ Բայց միաժամանակ գյուղատնտեսությունն այն տնտեսական ոլորտն է, որն ամենից շատ ունի կենսաբազմազանության կարիքը։ Գյուղատնտեսությանը պետք են լավ հող, որակյալ ջուր, մեղուների միջոցով փոշոտում, ինչպես նաև կենդանական աշխարհի մասնակցությամբ ամբողջ սննդային շղթան։ Այսինքն, գյուղատնտեսությունը կախված է բազմաթիվ գործոններից։
Սա այն առաջին ոլորտն է, որտեղ մենք անմիջականորեն զգում ենք կենսաբազմազանության կորստի հետևանքները։ Վերջին տարիներին, օրինակ, մեղուների թվի նվազումը շատ լուրջ մտահոգության առիթ է դարձել, որովհետև երբ մեղուները պակասում են, պտղատու ծառերի փոշոտումն էլ է տուժում։ Էլ չեմ ասում ծիրանի կամ որևէ այլ մրգի արտադրության մասին։ Մեղուների կորուստը իսկապես լուրջ խնդիր է։ Սա աշխարհում ամենահրատապ խնդիրներից մեկն է։ Եվ դեռ կան որոշ քիմիական նյութեր, որոնք նպաստում են այդ կորստին։ Ու միևնույն ժամանակ, այս խնդիրը լուծելու հարցում դիմադրություն կա, այդ թվում՝ օրենսդիրների և քաղաքական գործիչների շրջանում։ Եվ ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու։ Գուցե գիտելիքի պակաս կա, գուցե մարդիկ մտածում են կարճաժամկետ արդյունքների մասին՝ երկարաժամկետ հետևանքների փոխարեն։ Չգիտեմ, բայց ինձ համար սա իսկապես անհասկանալի է։
Մյուս շատ կարևոր կապը առողջության հետ է։ Բոլորը կարծես մոռացել են, բայց COVID-19-ի համավարակը նույնպես կապված էր կենսաբազմազանության խնդրի հետ։ Այն սկսվեց այն ժամանակ, երբ վայրի կենդանիների շրջանում շրջանառվող վիրուսները փոխանցվեցին մարդկանց։ Նույնը տեղի է ունենում Աֆրիկայում տարածվող Էբոլա վիրուսի դեպքում։ Նման բան կարող է տեղի ունենալ անտառահատումների, ուրբանիզացիայի և այլ գործընթացների հետևանքով։
Մյուս կարևոր հարցը կենդանիներին փոխանցվող հիվանդություններն են։ Օրինակ՝ դաբաղը, ինչպես նաև թռչնային հիվանդությունները, որոնք վայրի թռչուններից կարող են փոխանցվել հավերին։ Այսպիսով, կենսաբազմազանությունն առնչվում է նաև վայրի և ընտանի կենդանիների միջև հիվանդությունների փոխանցման խնդրի հետ։
Մեկ այլ կարևոր ոլորտ է հանքարդյունաբերությունը։ Հատկապես Հայաստանի համար այն շատ կարևոր է։ Նույնիսկ եթե հանքարդյունաբերությունն իրականացվում է լավագույն ու ամենաբարեխիղճ ձևով, այն անմիջական ազդեցություն է ունենում ջրի և հողի որակի վրա։ Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա հավասարակշռել տնտեսական զարգացումն ու բնության պահպանությունը։ Առնվազն պետք է փորձենք այդ հավասարակշռությունը գտնել։ Չենք կարող պարզապես անտեսել այս հարցը։ Եվ կարծում եմ՝ Հայաստանում այդ գիտակցումն այսօր ավելի քան մեծ է։
- Ձեր կարծիքով, Հայաստանի կենսաբազմազանության հարցում ի՞նչն է, որ հայերն ամենաշատն են թերագնահատում։
- Երկու բան կառանձնացնեմ։ Առաջինը՝ հայերը լիարժեք չեն պատկերացնում, թե որքան հարուստ է Հայաստանի կենսաբազմազանությունը։ Հարավային Կովկասը, և հատկապես Հայաստանը, աշխարհի կենսաբազմազանության 36 «թեժ կետերից» մեկն է։ Իսկ գիտե՞ք ինչու։ Որովհետև այստեղ իրար են հանդիպում տարբեր երկրաբանական սալեր։
Հենց այդ տեկտոնական սալերի շարժումներն ու փոխազդեցությունն են ձևավորել Կովկասյան լեռները, իսկ դրանք իրենց հերթին իրենց հետ բերել են տարբեր երկրաբանական առանձնահատկություններ ու տարրեր, ինչի արդյունքում այստեղ ձևավորվել են շատ բազմազան էկոհամակարգեր։
Հայաստանի մասին խոսելիս վերջին շրջանում շատ ենք լսում «խաչմերուկ» բառը։ Բայց Հայաստանը միայն խաղաղության խաչմերուկ չէ։ Այն նաև կենսաբազմազանության խաչմերուկ է։ Սա շատ հետաքրքիր է։ Հայաստանը կայսրությունների խաչմերուկ է եղել, բայց միաժամանակ այն նաև կենսաբազմազանության խաչմերուկ է։
Երկրորդը, ինչը, կարծում եմ, շատ հայեր չեն գիտակցում, այն է, թե որքան փխրուն է այս ամբողջ համակարգը։ Եվ դրա պատճառները տարբեր են։ Հայաստանը 30 տարի շարունակ գտնվել է հակամարտության մեջ։ Իսկ երբ երկիրը հակամարտության մեջ է, շատ դժվար է ուշադրությունը կենտրոնացնել այլ բանի վրա։ Նման դեպքերում սովորաբար ուշադրությունն ու բոլոր ռեսուրսները կենտրոնացած են լինում հակամարտության վրա։
Այսօր այս առումով ավելի մեծ հնարավորություններ կան։ Ռեսուրսները շատ են նաև ֆինանսական առումով, բայց ամենակարևորն այն է, որ թե՛ երկրի ղեկավարության, թե՛ մարդկանց մտածողության մեջ ավելի շատ տեղ է բացվել այլ հարցերի մասին մտածելու համար։

- Դուք եղել եք Հայաստանի տարբեր կետերում։ Այդքան այցելություններից հետո, Ձեր կարծիքով, կենսաբազմազանության պահպանության առումով որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց Հայաստանը պետք է լուծում տա։
- Կարծում եմ՝ առաջին և ամենամեծ խնդիրներից մեկը ջուրն է՝ ջրի որակն ու քանակը, ինչպես նաև ջրային ռեսուրսների ապահովումը։ Եվ սա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Կարծում եմ՝ երկրի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է դա, ուստի ակնկալում եմ, որ ավելի մեծ ուշադրություն կդարձվի ցանցի բարելավմանն ու ջրի կորուստների նվազեցմանը։ Ջուրը միանշանակ թիվ մեկ խնդիրն է։
Հաջորդը կլիմայի փոփոխությունն է, որովհետև Հայաստանում ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է։ Իհարկե, սա միայն Հայաստանի հետ կապված գործընթաց չէ։ Սակայն դրա հետևանքով մեծապես ազդվելու է գյուղատնտեսությունը։
Մեկ այլ նոր մարտահրավեր էլ կա, որը նկատել եմ՝ ներքին զբոսաշրջությունը շատ արագ է զարգանում։ Իսկ, ինչպես արդեն ասացի, Հայաստանում դեռ լիովին չենք գիտակցում, թե որքան փխրուն է կենսաբազմազանությունը։
Օրինակ՝ հստակ երևում է, թե անգամ վերջին 6-10 ամիսների ընթացքում ինչպես է սրընթաց զարգացում ապրել ամենագնացներով արտաճանապարհային զբոսաշրջությունը։ Ամենագնացներով մարդիկ փորձում են բարձրանալ Արագածի հարավային գագաթ, գնում են Դիլիջանի ազգային պարկ։ Հայաստանի հարավում ես բարձրացել եմ Խուստուփ լեռը։ Ամբողջ գիշեր քայլեցինք, որպեսզի արևածագին հասնենք գագաթին։ Բայց երբ հասանք վերև, գագաթից քիչ ներքև արդեն մեքենաներ կային։ Հունիսի վերջին մոտ 20 մեքենա կար։ Իսկ հիմա, ինչպես ինձ պատմել են, ամեն շաբաթ առավոտյան այնտեղ 80-100 մեքենա է լինում։
Եվ գիտե՞ք, սա լավ չէ։ Այո՛, տնտեսական տեսանկյունից մենք ուզում ենք զարգացնել զբոսաշրջությունը, բայց այդպես շատ արագ կարող ենք վնասել բնությանը։ Իսկ հիմա ավելի հասանելի մի վայրում՝ Քարի լճում, որը գտնվում է Արագածի հարավային ստորոտին, հանգստյան օրերին իրավիճակը պարզապես քաոսային է։ Մեքենաներն ամենուր կայանած են։ Մարդիկ այնտեղ կվադրոցիկլներ են վարձակալությամբ տալիս, տարածքն ամբողջությամբ աղբով է լցված։
Երկիրը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի իր գեղեցիկ ու յուրահատուկ բնությունը չվնասվի։ Որովհետև այդ դեպքում մենք ոչնչացնում ենք հենց այն հարստությունը, որի շնորհիվ փորձում ենք զարգացնել զբոսաշրջությունը։ Կառավարությունն արդեն ստեղծել է Էկոպարեկի համակարգը, և սա շատ լավ առաջին քայլ է։ Հիմա Էկոպարեկները պետք է գործի անցնեն։
Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում՝ քաղաքային զարգացման ոլորտում։ Երևանն այս առումով շատ լավ օրինակ է։ Քաղաքն ունի մի շարք յուրահատուկ առանձնահատկություններ՝ գեղեցիկ տեսարաններով բլուրներ, կիրճեր, այդ թվում՝ Հրազդանի կիրճը։ Սա իսկապես շատ յուրահատուկ բնական տարածք է։ Բայց այսօր այն այնքան էլ գրավիչ վիճակում չէ։ Ինչպես հավանաբար գիտեք, կա մեծ ծրագիր՝ այն բարեկարգելու և վերականգնելու համար, որին մասնակցում են Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ը և Ասիական զարգացման բանկը։ Սա լավ է, բայց ես կարծում եմ՝ այդ տարածքը պետք է հնարավորինս բնական մնա։ Այնտեղ կառուցված բազմաթիվ շինություններ ընդհանրապես չպետք է լինեին։ Աշխարհում կան տարբեր քաղաքներ, որոնք նման կիրճեր ունեն և կարողացել են դրանք վերածել հիանալի բնական տարածքների, որտեղ մարդիկ հանգստյան օրերին գալիս են հեծանիվ քշելու, զբոսնելու, խաղալու, պարզապես ժամանակ անցկացնելու։ Երևանին իսկապես պետք է այնպիսի զարգացման ծրագիր, որն իր հիմքում կդնի կայունությունը։
- Հայաստանում կա՞ մի վայրը, որը մտավախություն ունեք, որ 20-30 տարի անց գուցե այլևս չկարողանանք մեր երեխաներին ցույց տալ նույն վիճակում, ինչ այսօր է։ Եվ հակառակը, կա՞ մի վայր, որը հույս է ներշնչում։
- Չեմ կարծում, որ Հայաստանի հրաշալի վայրերից որևէ մեկը կվերանա։ Շատ եմ ուզում, որ Սևանը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին կա։ Բայց, կրկին, կարծում եմ՝ ամենամեծ սպառնալիքը ջուրն է։ Ջրի մակարդակը կարող է նվազել, ջուրը՝ ավելի աղտոտվել։
Մյուս վտանգը կարող է լինել կլիմայի փոփոխության հետևանքով անտառային հրդեհների և սողանքների հաճախակիացումը։ Բնական աղետներն ավելի հաճախակի են դառնում։
Երբ մտածում եմ իմ երկրի՝ Ֆրանսիայի մասին, տեսնում եմ, թե ինչպես են վերջին հինգ տարիների ընթացքում անտառային հրդեհները տարածվել նոր շրջաններում։ Տասնյակ հազարավոր հեկտար անտառներ են վերանում։ Միայն մտածեք՝ այդ ընթացքում քանի՞ կենդանի է ոչնչանում։
Հրդեհները կարող են լուրջ սպառնալիք դառնալ նաև Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ այստեղ անտառածածկույթն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը մոտ 11 տոկոս։ Ծառերի տնկման շատ ծրագրեր կան, բայց դրանք միշտ չէ, որ ճիշտ են կառավարվում։ Երբեմն մարդիկ ինձ ասում են․ «Մենք 10 միլիոն ծառ ենք տնկել»։ Ես միշտ հարցնում եմ․ «Իսկ քանի՞սն են կենդանի մնացել»։
Անդրադառնալով հարցի այն մասին, թե ինչ կարող ենք պահպանել ապագայի համար, կա մի շատ հետաքրքիր, բայց նաև շատ քիչ հայտնի առանձնահատկություն. Հայաստանում ավելի քան 300 հրաբուխ կա։ Դրանք, իհարկե, ակտիվ հրաբուխներ չեն, բայց ձևավորել են շատ յուրահատուկ էկոհամակարգեր։
Այս հրաբխային տարածքներն ունեն առանձնահատուկ կենսաբազմազանություն։ Դրանց լանջերին կարելի է հանդիպել բազմաթիվ բույսերի, ծաղիկների, միջատների և կենդանիների, որոնց գուցե այլ վայրերում չհանդիպեք։ Դրանք նաև զբոսաշրջության տեսանկյունից են շատ հետաքրքիր։ Հրաբուխ բարձրանալն ինքնին բավական յուրահատուկ փորձառություն է։
Ես բարձրացել եմ Աժդահակ։ Այն բավական դժվար է բարձրանալու համար՝ ցուրտ է, զառիթափ, բայց միաժամանակ հիասքանչ է։ Կարմիր է ու սև, ներսում լիճ կա, շուրջը՝ ձյուն։ Շատ յուրահատուկ էկոհամակարգ է։ Եվ այդ տարածքը նույնպես պահպանության կարիք ունի։

- Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Երևանում աշխարհի տարբեր երկրներից մարդիկ են հավաքվելու՝ խոսելու բնության, վայրի կենդանական աշխարհի և կենսաբազմազանության պահպանության կարևորության մասին։ Բայց երբեմն մարդիկ թերահավատորեն են մոտենում նման համաժողովներին՝ ասելով, որ նման հարցերը քննարկվում են համաժողովների դահլիճներում ու հենց այնտեղ էլ մնում։ Իսկ իրական կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվում։ Ի՞նչ կարող ենք իրատեսորեն ակնկալել Երևանում կայանալիք COP17-ից։
- Նախ՝ իհարկե, անմիջական արդյունք չեք տեսնում, բայց երկրները պարտավորություններ են ստանձնում, և կարծում եմ՝ Հայաստանը պատրաստ է ստանձնել իր պարտավորությունները։
Օրինակ՝ Հայաստանը մշակել է Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»: Սա կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունն է։ Ակնկալվում է, որ Հայաստանը պետք է համապատասխան օրենքներ մշակի, ընդունի, իսկ հետո՝ իրականացնի դրանք։ Այնպես որ, սա դանդաղ գործընթաց է։
Շրջակա միջավայրի համար պատասխանատվությունը միայն Շրջակա միջավայրի նախարարությանը չի վերաբերում։ Դրան առնչվում է նաև Առողջապահության նախարարությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նույնպես, քանի որ այն զբաղվում է ենթակառուցվածքների և տարածքների գոտիավորման հարցերով։ Պատասխանատվություն ունեն նաև համայնքները։
ՄԱԿ-ի հետ մեր աշխատանքն է շարունակաբար օգնել այդ օրենքների իրականացման հարցում, տեխնիկական աջակցություն տրամադրել տարբեր կառույցների, որպեսզի դրանք կարողանան օրենքները գործնականում կյանքի կոչել։ Իսկ օրենքներն իրականացնելու համար բյուջե է պետք։ Ուստի պետք է աշխատենք նաև Ֆինանսների նախարարության հետ։ Որովհետև առանց ֆինանսավորման ոչինչ չի արվում, այնպես չէ՞։
Դրանից հետո պետք է նայել նաև մյուս կողմին՝ ես, դու, և ընդհանրապես բոլորս ինչ ենք անում մեր ամենօրյա կյանքում։ Եթե մարդիկ իրազեկված չեն այս խնդիրների մասին, չեն մտածելու, որ դրանք կարևոր են։ Իսկ եթե կարևոր չեն համարում, չեն պահանջի քաղաքական գործիչներից քայլեր ձեռնարկել։ Այդ դեպքում քաղաքական գործիչների, պատգամավորների և պետական կառույցների վրա բավարար ճնշում չի լինի, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան։ Հետևաբար, պետք է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը։
Երբեմն կառավարությունները պետք է որոշումներ կայացնեն և կանոններ սահմանեն։ Պետք է ասեն՝ «Սա է կանոնը։ Չի կարելի արդյունաբերական կամ հանքարդյունաբերական թափոնները լցնել ջրի մեջ։ Դա արգելված է, և դրա համար տուգանք կսահմանվի»։ Բայց միևնույն ժամանակ մարդկանց իրազեկվածությունը նույնպես պետք է բարձրանա։ Իսկ այս երկուսի միջև կան բազմաթիվ այլ քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել։
Մենք կարող ենք աշխատել նաև մասնավոր հատվածի հետ։ COP-ից առաջ հանդիպեցի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների, և նրանցից շատերը ցանկանում են իրենց երկրի համար օգտակար բան անել՝ բացի աշխատատեղեր ստեղծելուց և մյուս տնտեսական գործունեությունից։ Բոլորն ինձ հարցնում են՝ «Ի՞նչ կարող եմ անել»։ Իսկ նրանք շատ բան կարող են անել։ Կարող են վերանայել, թե ինչպես են արտադրում, նվազեցնել թափոնների և աղտոտման ծավալը, կրճատել էներգիայի սպառումը։ Սա մի ուղղությունն է։ Կարող են նաև ֆինանսավորել բնության վերականգնման ծրագրերը։
Մյուս կողմից էլ գիտական և ակադեմիական համայնքն է։ Այն նույնպես ունի իր պատասխանատվությունը, որովհետև հենց գիտական ու ակադեմիական շրջանակները պետք է նոր լուծումներ առաջարկեն։
Ես շատ եմ հավատում երիտասարդների հետ աշխատանքի կարևորությանը, որովհետև հենց նրանք են փոփոխություն ուզում։ Նրանք ոգևորված են։ Դպրոցում ինչ-որ բան են սովորում, վերադառնում տուն ու ասում ծնողներին՝ «Մենք պետք է այսպես անենք»։ Այսինքն՝ սա միայն կառույցների կամ միայն անհատների պատասխանատվությունը չէ։
Կա նաև քաղաքացիական հասարակությունը։ Այն կարող է բարձրաձայնել խնդիրները, ներկայացնել տարբեր համայնքների շահերը և գործելու հարթակ ստեղծել։
Այսինքն, սա իսկապես ընդհանուր պատասխանատվություն է։ Բայց պետք է սկսել իրազեկվածությունից։ Եվ ես կցանկանայի, որ COP-ին ընդառաջ իրազեկման միջոցառումներն ավելի շատ լինեին։
Մենք բավականին շատ հանդիպումներ ենք անցկացրել համալսարաններում, և այդ պատճառով բավական մեծ թվով ուսանողներ ներգրավվելու են այս գործընթացում։ Բայց կարծում եմ՝ կրթության ոլորտում՝ հատկապես դպրոցներում, շատ ավելին պետք է անել։ Երեխաները պետք է հասկանան, որ բնության նկատմամբ իրենց վերաբերմունքը, ինչպես նաև սպառման սովորությունները, ազդեցություն են ունենալու։
- Հայաստանը կարևոր պատասխանատվություն է ունենալու ոչ միայն COP17-ի ընթացքում, այլև դրան հաջորդող երկու տարիների ընթացքում։ Ի՞նչ է ենթադրում այդ պատասխանատվությունը։
- Երկու տարի, որովհետև հաջորդ COP-ը լինելու է երկու տարի անց, իսկ մինչ այդ Հայաստանը պետք է նպաստի այս COP-ի ընթացքում ընդունված որոշումների իրականացմանը։ Այսինքն՝ պետք է շարունակվեն աշխատանքները՝ երկրներին խրախուսելու ավելի շատ քայլեր ձեռնարկել, կենսաբազմազանության պահպանության համար ավելի մեծ ֆինանսավորում ապահովել և, հնարավոր է, առաջընթաց գրանցել նաև «30 մինչև 2030 թվականը» թիրախի ուղղությամբ։ Սա կլինի Հայաստանի հանձնառությունը։
Կարծում եմ՝ շատ լավ է, որ Հայաստանը ստանձնել է այս նախագահությունը։ Մենք չենք ուզում, որ համաժողովն անցկացվի, հաջողությամբ ավարտվի, իսկ հետո թեման պարզապես մոռացվի։ Հայաստանը պետք է ինքն էլ պարտավորություն ստանձնի, որովհետև նախագահող երկիր լինելով՝ պետք է նաև սեփական օրինակով առաջնորդի։
Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է, և դա նշանակում է, որ այստեղ կարելի է իրական փոփոխություններ կատարել։ Շատ բան կարելի է անել։ Իսկ գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց մեծ մասը բնության արժեքը մեզանից՝ քաղաքում ապրողներից, ավելի լավ է հասկանում։
Կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի բնությունը քաղաքներ, այդ թվում՝ Երևան, վերադարձնելը։ Երևանը բարդ քաղաք է, որովհետև այստեղ կանաչ տարածքները շատ չեն։ Կան քիչ թվով այգիներ, և թեպետ դրանցից որոշները շատ գեղեցիկ են, բայց դրանք փոքր են։ Միևնույն է, ամենուր լսում ես երթևեկության աղմուկը և տեսնում մեքենաներ։
Ես իսկապես հավատում եմ, որ մարդիկ իրենց ավելի լավ են զգում, երբ իրենց շրջապատում թեկուզ ինչ-որ չափով բնական միջավայր կա։
- Մոտենալով մեր զրույցի ավարտին՝ ուզում եմ հարցնել՝ ճնշող չէ՞ մշտապես Ձեր վրա կրելու պատասխանատվությունը՝ ներկայացնել մի կազմակերպություն, որից մարդիկ հեշտ պատասխաններ են ակնկալում բարդ հարցերի դիմաց։
- Ոչ, իմ աշխատանքը կամ պարտականություններն ինձ չեն ճնշում։ Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ զբաղվելու ամենատարբեր թեմաներով։ Այսօր մենք խոսում ենք շրջակա միջավայրի մասին, բայց ես զբաղվում եմ նաև շատ այլ հարցերով։
Ինձ համար սա շատ հետաքրքիր է, ես իսկապես սիրում եմ սովորել։ Ուստի փորձում եմ խորությամբ հասկանալ այն ամենը, ինչով զբաղվում եմ։
- Եթե COP17-ից առաջ այս հարցազրույցն ընթերցող երիտասարդներին կարողանայիք մեկ ուղերձ փոխանցել, ո՞րը կլիներ այն։
- Իմ ուղերձը մեկն է՝ մասնակցե՛ք։ Գոնե մեկ-երկու օր եկեք Կանաչ գոտի։ Այստեղ ներգրավվելու բազմաթիվ հնարավորություններ կան։
Խնդրեք ձեր ուսուցիչներին կամ բուհի ռեկտորին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցերին։ Ներգրավվե՛ք։ Սա է իմ ուղերձը։
Եվ դուրս եկեք բնություն, գնացեք արշավների։ Մի սահմանափակվեք մեքենայից դուրս նայելով։ Կենսաբազմազանության շատ բաղադրիչներ այնքան փոքր են, որ հեշտ է դրանք չնկատելը, ուստի պետք է ուշադիր լինել։ Երբ սկսում եք ուշադրություն դարձնել, ինքներդ ձեզ համար բացահայտում եք, թե որքան գեղեցիկ է այն։
***
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում տեղի կունենա հոկտեմբերի 19-30-ը։
