ՊՆ-ն առաջարկում է հստակեցնել աղետների հետևանքների վերացմանը բանակի ներգրավման կարգը
3 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հստակեցնել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների ներգրավման կարգը՝ սահմանելով նրանց խնդիրները, նախապատրաստման և ապահովման պայմանները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կարգավորումները պետք է համապատասխանեցվեն կառավարման գործող համակարգին և ապահովեն բնական ու տեխնածին աղետներին արձագանքելու ընթացքում ստորաբաժանումների համակարգված ներգրավումը։
Նախատեսվում է փլատակներում տուժածների որոնման, ճանապարհների և կամուրջների վթարային բացման ու վերականգնման աշխատանքներում ներգրավել ինժեներասակրավորական ստորաբաժանումներ։ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները կարող են ներգրավվել վտանգավոր օջախների հայտնաբերման, տեղայնացման և վնասազերծման աշխատանքներում։
Անօդաչու թռչող սարքերն ու ավիացիան նախատեսվում է օգտագործել աղետի գոտու արագ գնահատման, վտանգների հայտնաբերման և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ Բժշկական ստորաբաժանումները կտրամադրեն առաջնային բուժօգնություն և կկազմակերպեն տուժածների տեղափոխումը, իսկ տրանսպորտային ստորաբաժանումները՝ բնակչության տարահանումն ու անհրաժեշտ բեռների փոխադրումը։
Նախագծով առաջարկվում է սահմանել արտակարգ իրավիճակներին աջակցող հերթապահ ստորաբաժանումներ, որոնք պարբերաբար կվերապատրաստվեն ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների հետ համատեղ։ Յուրաքանչյուր կայազորում նախատեսվում է մշակել աղետներին արձագանքման օպերատիվ պլաններ, դրանք ճշտել առնվազն տարին մեկ անգամ և անցկացնել համատեղ մարզումներ։
«Ստորաբաժանման հրամանատարը պատասխանատու է անձնակազմի կյանքի և առողջության անվտանգության համար»,- նշված է նախագծում։
Աշխատանքների ավարտից հետո ստորաբաժանումները համապատասխան մարմնի ղեկավարի կարգադրությամբ կվերադառնան մշտական տեղակայման վայրեր։
Նախագծի ընդունման դեպքում որոշման ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։