Հայաստան

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ինն ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ինն ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցը

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,9 տոկոսով։ Աճին շարունակել են նպաստել շինարարությունն ու ծառայությունների ոլորտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Համաշխարհային բանկի՝ «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները․ նոյեմբեր 2026 թ.» զեկույցում։

Սեպտեմբերին շինարարության ծավալները տարեկան կտրվածքով ավելացել են 25,9 տոկոսով, իսկ ոչ առևտրային ծառայություններինը՝ 15,1 տոկոսով։ Շինարարության աճին աջակցել է նաև Ռուսաստանից և հայկական սփյուռքից ժամանողների ձևավորած պահանջարկը։

Գործարար ակտիվության աճ է արձանագրվել նաև իրավաբանական անձանց գրանցումների ցուցանիշներում։ Սեպտեմբերին գրանցումների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 15,7 տոկոսով, այդ թվում՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումներն աճել են 46,4 տոկոսով։

Ակտիվություն է պահպանվել նաև անշարժ գույքի շուկայում․ Երևանում գործարքների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 8,3 տոկոսով։

«Ֆինանսական համակարգի ցուցանիշները շարունակում են առողջ մնալ»,- արձանագրված է զեկույցում։ Սեպտեմբերին բանկերի կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 20,5 տոկոս, իսկ չաշխատող վարկերի մասնաբաժինը պահպանվել է 1,5 տոկոսի մակարդակում։ Առևտրային բանկերի ավանդները նախորդ ամսվա համեմատ աճել են 3,5 տոկոսով, իսկ վարկերը՝ 4 տոկոսով։

«Գնաճը հոկտեմբերին կայունացավ 4.3 տոկոսի (տ/տ) վրա»,- նշված է զեկույցում։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների տարեկան գնաճը սեպտեմբերի 6,2 տոկոսից հոկտեմբերին նվազել է մինչև 5,6 տոկոս։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին պետական բյուջեն կատարվել է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0,2 տոկոսի չափով հավելուրդով։

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 5 տոկոս՝ օգոստոսի 5,2 տոկոսի համեմատ։ Դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի ծավալների կրճատմամբ, որի ազդեցությունը մասամբ մեղմել է շինարարության և ծառայությունների բարձր աճը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում